Այսօր շատերն են խոսում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին արտահայտվում են թե′ հեղափոխականները, թե′ հակահեղափոխականները և թե′ չեզոքները: Հեղափոխականներ ասելով՝ նկատի ունենք թավշյա հեղափոխությունն իրականացնողներին, չնայած իրենք արդեն ոչ թե հեղափոխական են, այլ՝ իշխանություն:
Հակահեղափոխական ասելով՝ նկատի ունենք նրանց, ովքեր ոչ միայն թավշյա հեղափոխության հակառակորդներն էին, այլև ներկա պահին փափագում են իշխանությանը տիրացած հեղափոխակաների ձախողումը: Չեզոքները ոչ հեղափոխական են և ոչ էլ հակահեղափոխական. նրանք փափագում են շահել ստեղծված իրավիճակից և Ազգային ժողովի նոր ընտրությունների միջոցով թափանցել խորհրդարան:Երկակի վիճակում է հայտնվել ներկայիս իշխանությունը, որը, փաստորեն, անկախ նոր ընտրություններից, արդեն իսկ իշխանություն է: Իշխանություն է, սակայն Ազգային ժողովում ձայների մեծամասնություն չունի և քվեարկությունների դեպքում հիմնավորապես կախված է լինելու հանրապետականների քմահաճույքից: Այդուհանդերձ, տպավորություն կա, որ նորընտիր իշխանություններն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հարցում առանձնապես չեն շտապում: Նույնը կարելի է ասել նաև նախկինների՝ հանրապետականների առումով:
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման հարցում առանձնապես ու հատկապես շտապում են նախկին ընդդիմության այն ներկայացուցիչները, ովքեր Ազգային ժողովի նախորդ ընտրությունների արդյունքում խորհրդարան չմտան և հույս ունեն, որ սպասվելիք արտահերթ ընտրությունների արդյունքում կընտրվեն, ընդ որում՝ հանրապետականների փոխարեն: Նրանք չեն մտածում, որ եթե Նիկոլ Փաշինյանի ժողովրդականությունն էս թափով, էս ոգով ու էս «դուխով» շարունակվի, հանրապետականների ու բոլորի փոխարեն Ազգային ժողովի գրեթե բոլոր տեղերը բաժին կհասնեն նույնիսկ ոչ թե «Ելք» դաշինքին, այլ՝ Նիկոլի «Քաղաքացիական պայմանագրին»:
Կարճ ասած, շուտափույթ արտահերթ ընտրությունների գաղափարը ոմանց համար հույժ ցանկալի ու հրատապ է, իսկ ոմանց համար՝ ոչ: Նոր կառավարությունը կազմավորված է, և պետք է ժամանակ ու հնարավորություն տրվի, որպեսզի նոր կառավարությունը դրսևորի իրեն: Մինչդեռ ակնհայտ է, որ արտահերթ ընտրությունները և նույնիսկ արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները կարող են խանգարել և արդեն իսկ խանգարում են նոր կառավարության աշխատանքին, շեղում են աշխատանքից: Բայց, այսուհանդերձ, արտահերթ ընտրությունների մասին խոսակցություններն ավելի քան բնական են, քանի որ նոր իշխանությունը հին պառլամենտում բավարար թվով ձայներ չունի: Փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրվեց ոչ միայն իրենց «Ելքի» փոքրաթիվ ձայներով, այլև «Ծառուկյան» և ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունների լիակատար աջակցությամբ, ինչպես նաև՝ ՀՀԿ-ի որոշակի ձայների ու կամեցողության շնորհիվ, և սա նշանակում է, որ այս երեքի աջակցության բացակայության դեպքում «Ելքն» ու Փաշինյանի կառավարությունը կարող են ձախողվել ու տապալվել:
Սա նշանակում է, որ ինչ-որ առումով նույնիսկ ներկայիս իշխանությունների համար են Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն: Որովհետև մինչև նրանք Ազգային ժողովում մեծամասնություն չունենան, չեն կարող իրենց լիարժեք ու ապահով իշխանություն զգալ: Եվ ընդհանրապես՝ Փաշինյանի գլխավորած թավշյա հեղափոխության ընթացքում արտառոց շատ բաներ տեղի ունեցան: Հենց քաղաքական առումով:
Փաստորեն, Նիկոլի հեղափոխությանն Ազգային ժողովի «Ծառուկյան» և նույնիսկ ՀՅԴ խմբակցություններն ավելի շուտ միացան, քան «Ելք» խմբակցության այն կուսակցությունները, որոնք բավական երկար ժամանակ դեմ էին ապագա վարչապետի սկսած «փողոցային» պայքարին: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելիս իրենց իսկ խմբակցությունից մոտավորապես այնքան ձայն ստացավ, ինչքան՝ ՀՀԿ-ից: Արտառոց է, բայց՝ փաստ: Ենթադրում եմ, որ եթե մայիսի 8-ի վարչապետի ընտրության ժամանակ «Ելքի» երկու կուսակցությունները Փաշինյանի օգտին չքվեարկեին էլ, ՀՀԿ-ն, պայմանավորվածության համաձայն, Փաշինյանին այնքան ձայն կտար, որքան որ անհրաժեշտ էր Վարչապետ ընտրվելու համար: Այս ենթադրությունս նույնպես արտառոց է, բայցև՝ ոչ անհավանական:
Այսուհանդերձ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր կուսակցությունն ու խմբակցությունն Ազգային ժողովում փոքրամասնություն լինելով՝ չեն ցանկանա մշտապես մնալ «Ծառուկյան» դաշինքի, ՀՅԴ և ՀՀԿ խմբակցությունների հույսին: Այսինքն, իրենցից շատերն էլ են ընդունում, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն են: Ընդ որում՝ ինչքան շուտ, այնքան՝ լավ: Որովհետև ակնհայտ է, որ եթե այսօր ու այս պահին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ տեղի ունենան, Վարչապետի կուսակցությունն ու նրան հարող քաղաքական ուժերն Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն կունենան:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ