Այսօր՝ հունիսի 2-ին, Տավուշի մարզպետարանի լեփլեցուն դահլիճում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց նորանշանակ մարզպետ Վահե Ղալումյանին: Նախարարը խոսեց նոր Հայաստանում պաշտոնյայի դերի մասին. «Պաշտոնյան պիտի միշտ հասանելի լինի հանրության համար: Նոր Հայաստանում չեն կարող լինել պաշտոնյաներ, ովքեր անհաղորդ են եւ մտածում են միայն անձնական շահերի մասին: Այլեւս Հայաստանում գերակայելու է օրենքը: Բոլոր նրանք,ովքեր չեն կարող իրենց ուսերին կրել բեռ, պիտի մոռանան պաշտոնյա լինելու մասին»:
Նա, նկատի ունենալով Տավուշի սահմանամերձ լինելը, հայտարարեց. «Սահմանապահ համայնքները Հայաստանի Հանրապետության սկիզբն են, Հայաստանի Հանրապետության կենտրոնն են, Հայաստանի Հանրապետությունը սկսվում է սահմանից: Իմացեք, որ կառավարությունը ձեր թիկունքում կանգնած է, ինչպես դուք՝ կառավարության թիկունքում»:
Նախարարն ասաց, որ հասարակությունը տարիներ շարունակ անտեղյակ է եղել, թե ինչպես են օտարվում համայնքային հողերը, պետք է տարվա կտրվածքով ներկայացվի օտարվող հողերի եւ անշարժ գույքի ցանկը, եւ այդ ցուցակից դուրս օտարում չի լինի, աշխարհի տարբեր ծայրերում հայերը, ովքեր ցանկանում են ներդրում ունենալ մեր պետության, որեւէ համայնքի զարգացման գործում, համակարգչի առաջ կարողանան տեսնել, թե Տավուշի որ գյուղում օտարման ենթակա ինչ տարածքներ կան, ուր իրենք կարող են բիզնես ծավալել:
Նա այդ առումով կարեւորեց մարզպետների հետ հանդիպման ժամանակ վարչապետի հղած ուղերձը, որ յուրաքանչյուր մարզ պետք է ունենա բիզնես պլանների փաթեթ,այդ փաթեթները սփյուռքահայերին ցույց կտան, թե որտեղ ինչ բիզնես կարելի է ծավալել:
Նորանշանակ մարզպետ Վահե Ղալումյանը, ողջունելով ներկաներին, խոստացավ հարազատ լինել կառավարության որդեգրած քաղաքականությանը: Նա առաջնահերթ համարեց սահմանի հետ կապված խնդիրների լուծումը, նաեւ կարեւորեց բնապահպանությունը, նշելով սերունդների համար անտառները պահպանելու անհրաժեշտությունը:
Նա մարզի զարգացման կարեւոր ուղղություններից համարեց զբոսաշրջությունը: Վ. Ղալումյանն ասաց, որ ինքը 2005թվականից լինելով Իջեւանի ավագանու անդամ, իրազեկ է ոլորտի խնդիրներին, նշեց համայնքների ավագանու համար աշխասենյակների հատկացման խնդիրը, ավագանի-համայնքապետեր համագործակցության սերտացման անհրաժեշտությունը: Նա ասաց՝ այն համայնքներում, ուր տեխնիկական հնարավորություններ կան, ավագանու նիստերը պետք է ուղիղ հեռարձակվեն:
Մարզպետը խոստացավ մշտապես հասանելի լինել մարզի բնակիչների համար . «Խոստանում եմ լինել ամեն օր 24 ժամ հասանելի մարզպետ ոչ թե համայնքապետերի, մարզխորհրդի անդամների, պաշտոնյաների համար, այլեւ մարզի ցանկացած բնակչի համար»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ