Մերժել բոլորին, մերժել անդադար կարելի է, մրոտել բոլորին, ցեխ շպրտել բոլորի վրա կրկին կարելի է։ Ուզու՞մ ենք փոխել՝ այո՛, փոխվել ուզու՞մ ենք՝ ո՛չ, մե՞նք ինչու փոխվենք․ մենք ուսանող ենք։ Համալսարանը պետք է լինի ուսանողակենտրոն։ Այո՛, բոլորին պետք է մերժենք, ով դուր չի գալիս ուսանողին։
Անկեղծ ասած՝ չեմ հասկանում վերջին օրերի «պահանջատեր ուսանողների» գործելաոճը։ Այո՛, կան խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում, իսկ լուծումներին հասնելու միակ միջոցը մեր պատկերացմամբ պայքարն է՝ փողոցի ակցիաները, անհնազանդությունները, ցույցերը, երթերը, այն պայքարն է, որով հասանք սպասված հաղթանակին։
Չեմ կարծում, որ հաղթեցինք՝ ծաղրելով, ֆեյսբուքում զվարճանքի ոճում անիմաստ գրառումներ անելով և կամ պայքարին չմասնակցողներին կամ հակառակ կարծիքն արտահայտողներին բոյկոտելով ու ծանակի ենթարկելով։
Խոսում ենք համալսարանի մաքրությունից այն դեպքում, երբ ծամոնը ծամում ու կպցնում ենք սեղաններից, երբ ծխախոտը ծխում գցում ենք գետնին․ ոչինչ հավաքարարները կմաքրեն, իրենց պարտականությունն է։ Խոսում ենք ակադեմիական միջավայրից, այն դեպքում, երբ մայր բուհի ներսում ծածանում էինք զուգարանի թղթերը, խոսում ենք կրթության մակարդակից, երբ խնդրում ենք դասախոսներին նշանակել ողորմելի 8-ը։ Այս շարքը դեռ երկար կարող եմ շարունակել, բայց պետք չէ, բոլորը շատ լավ գիտեն․․․
Ի դեպ, նշեմ՝ որ ես նախորդ պայքարի ակտիվ մասնակիցներից եմ, ով գիտեր, թե հանուն ինչի՞ ու ո՞ւմ դեմ է պայքարում, ամենակարևորը ՝ հասկանում էր պայքարի ձևի ու հաղթանակին հասնելու եղանակի կարևորությունը։ Ես այն ուսանողներից եմ, որը միշտ եթե ոչ բացասական, գոնե դրական չի գնահատել ուսանողական որոշ կառույցների գործունեությունը։ Բայց պայքարի այս ձևը իմը չէ, մարդկանց իջեցնելու, նվաստացնելու, զզվանքի ու ատելության պայմաններում ունեցած արդյունքը պետք չէ ոչ մեկին, այն պտուղ չի կարող տալ…
Էդգար ԳՈՐԳԻՆՅԱՆ
ԵՊՀ առաջին կուրսի ուսանող
Հ.Գ. Խնդրում եմ չշահարկել մտքերս ու «չգնդակահարել» հակառակ կարծիք ունեցողիս ՝ գոնե հարգելով ուրիշների ազատ արտահայտվելու ու սեփական կարծիքն ունենալու իրավունքը։
Պրավո՛ Էդգար, քաջութիւն կ’ուզէ այսպիսի քայլ առնելը: Խնդիրը այս է, կան անձեր, որոնց համար պայքարի նպատակը… պայքարն է միայն: Իրարանցումը, խլրտումը, ինքնանպատակ են: Մնացեալ նպատակները պարզապէս պատրուակներ են, մահանաներ:
Յատկապէս ուսումնական շրջանակներու մէջ, այս հոգեբանութիւնը կարծես նաեւ ձեւ մըն է դասերից փախչելու: Փոխանակ ուսումի ճամբով տեղ հասնելու, ցոյցերու ճամբով ասպարէզ ձեռք բերելու: Ասիկա օրին մէջ խօսք չէ: Մի հատ ուսումնասիրէ այլ երկիրներում, ուսանողական հռչակաւոր ցոյցերէ ետք, ուր են հասել անոնց պարագլուխները… Գրեթէ բոլորը մտել են – կամ փորձել են մտնել – քաղաքական ասպարէզի ոլորտ:
Ուսումին, դասերուն վրայ կեդրոնանալը՝ աւելի իմաստալից միջոց է արժանի բաներ իրագործելու համար կեանքում:
Նշենք նաեւ որ այսպիսի առիթներով մեծաթիւ ուսանողներ, որոնք չունին նոյն «յեղափոխական» – տեւական ու յարատեւ մղումները -, զրկվում են իրենց ուսումից: Վնասը մեծ է, այդ գետնի վրայ:
Ես հայրն եմ երեխայի մը որ Քոլեճի լրիւ տարի մի կորսցուց, Կանադայի մէջ, ուսանողական խելագար իրարանցումների պատճառով: Ունէր դասընկերներ որոնք, այդ պատճառով, լքեցին ուսումը, մեյ մըն ալ չվերադարձան դասարան… Մինչ շարժման ղեկավարները տիրացան քաղաքական պաշտօններու…
Կը շնորհաւորեմ, որ դու աչքերդ բաց ես պահում… Յաջողութիւն քեզի եւ քո նմաններին:
Ուսանողների և դպրոցականների ցույցերով իշխանության եկածները հորդորում են բացառել կրթական հաստատություններում քաղաքականությամբ զբաղվելը,ուսուցիչներին,դասախոսներին,բժիշկներին արգելում են ընտրություների շրջանում իրենց կարծիքը արտահայտելու….:Եթե ուժային կառույցներին գումարենք,կստացվի,որ ընտրություններին քարոզարշավ կարող են իրականացնել միայն պատգամավորների թեկնածուները և անգործները,հա,նաև գյուղատնտեսությամբ զբաղվողները…:Կամ ԵՊՀ-ում իրադարձությունները քաղաքականություն չէ?,ինչու?ԿԳ նախարարությունից չեն արձագանքում…