Մայիսի 31-ին Մոսկուայի Նոր Արբատի «Դոմ Կնիգի» գրախանութում տեղի ուցեցաւ ամերիկացի գործիչ, Վիրջինիայի «Marine Corps» համալսարանի ռազմական պատմութեան պրոֆեսոր, նախկին բարձրաստիճան զինուորական եւ գործակալ Եդուարդ Էրիքսէնի Հայ Ցեղասպանութիւնը ժխտող հերթական գրքի շնորհանդէսը:
Ներկայ էին ՌԴ-ում թուրքական, ադրբեջանական համայնքների յայտնի գործիչներ, զինուած ոստիկաններ: Հայ համայնքի մի քանի ներկայացուցիչներով նախապէս որոշել էինք գնալ այնտեղ եւ խօսքով հանդէս գալ: Մեր համայնքի արուած աշխատանքի շնորհիւ գրախանութը հեղինակին թոյլ չտուեց, որպեսզի պաշտոնական տոնական արարողութիւն տեղի ունենայ, ինչին սովոր է վերջինս:
Տեսնելով մեզ, թուրքերը լարուեցին, սկսեցին LIVE նկարել եւ մեզ մեղադրել իրենց միջոցառումը նախապէս գրոհելու, հիմայ էլ «պրովոկացիայ» անելու մէջ: Շատ ագրեսիւ էին տրամադրուած: Մեր տղաներից Էդմոն Առաքելեանն ու Գրիքոր Սարգսեանն անգլերէն դիմեցին հեղինակին, ներկայացնելով աշխարհին յայտնի փաստեր, որոնք գիտականօրէն մերժում են գրքում բերուած «ապացոյցները»: Չնայեաց անառարկելի փաստերին, հեղինակը շատ սառնասիրտ էր իրեն պահում, անտարբեր պատասխաններ տալով, ամբողջութեամբ մերկացնելով իր հակահայկական կեցուածքը: Հաշուի առնելով, որ նա տարիներ շարունակ Միացեալ Նահանգներում զբաղւում է այդ գործով, հարկաւոր էր այնպիսի խօսք ասել, որն իր համար ջախջախիչ կլինի եւ կկոտրի իր վստահութիւնը:
Ռուսերէնից թուրքերենի անցած ներկայների մի մասն ինձ խանգարում էին մօտենալ հեղինակին, բայց հասայ եւ նստեցի իր դիմաց: Ողջոյնեցի, ասելով, որ հասկանում եմ իր «դժուար» կացութիւնը եւ չէմ ցանկանում իրեն ծանրաբեռնել Հայ-թուրքական յարաբերութիւնների մասին խօսելով: Ներկայանալով ասացի, որ ինչպէս շատ երեխաներ, ես էլ գնացել եմ դպրոց եւ սովորել եմ գրականութիւն, պատմութիւն… Իմ գրեթէ բոլոր սիրուած հերոսների մահուան թիւը գրքերում նշուած էր 1915: Մի փոքր ուշ նաեւ իմացայ, որ նրանք սպանուել են, այն էլ նոյն աշխարհարգական տարածքում: Ացացի, որ երբ ես Հայաստանում լինում եմ Մեծ Եղեռնի զոհերի յուշարձանի մօտ, զգում եմ թէ ինչպէս են նրանք հարցնում «ինչի համար» եւ «ով թոյլ տուեց»: Շարունակելով ասացի, որ շատ էի ցանկանում իրեն անձամբ հարցնեի այդ մասին, բայց դիտելով ԱՄՆ-ի թուրքական դեսպանատանը 2014 թ. կայացած իր ելոյթը, մտափոխուեցի:
4 տարի առաջ իր ելոյթի ժամանակ դոքտոր Էրիքսենն ասած հետեւեալ խօսքերը.«History is a hand maiden who you may clothe as you wish» (պատմութիւնը մի մանեկէն-տիկնիկ է, որը դու կարող ես հագցնել/կարկատել ինչպէս ցանկանաս): Անգլերէն խօսքիս շարունակութեան թարգմանութիւնը ներկայացնեմ…
«Այո , դա «կարկատան է», երբ Աբրահամ Լինքոլնը երկար տարիներ պայքարելուց յետոյ հասաւ ստրկութեան վերացմանը (emancipation proclamation) վաւերացնելով սահմանադրութեան 13րդ ուղղումը (13th amendment)…
Այո դա «կարկատան է», երբ Մարտին Լիւթէր Քինգ –ը դուրս գալով Բիրմինգեմի բանտից իր համակիրների հետ կազմակերպեց Վաշինգթոնի երթը (Washington civil rights march) եւ արտասանեց իր լեգենդար “I have a dream” ճառը…
Այո դա «կարկատան է», երբ 20-րդ դարի ամենաազդեցիք մարդկանց ցանկում ընդգրկուած Վալթէր Ռոյթերը (Walter Reuther) պայքարում էր “General Motors”-ի, “Chrysler”-ի եւ “Ford motors company”-ի հետ յանուն մարդու իրաւունքների, կերտելով իրենց հայրենիքի պատմութեան փառահեղ էջերը:
Ամերիկեան ժողովրդի գաղափարախօսութիւնը « կարկատան» արուած է եւ սերունդները դաստիարակւում են այդ գաղափարախօսութեամբ եւ իդեալներով:
Դա դուք եք ասում… Ես ձեզ հարցնելու բան չունեմ… Ձեզ հարցնում են այս անգամ արդէն պարոն Լինքոլնը, Մարթինը, թէ արդեօք դուք մտածում եք այդպէս: Ես` ոչ: Ձեր կառուցած շենքի հիմքերը խարխլուած են, իսկ այս գիրքը ընդամենը վերեւի հարկերից մէկի պատշգամբն է: Այ թէ ինչու տուեալ գրքի մասին խօսելու բան չկայ»:
Յ.Գ. Երբ հասայ Վալթէր Ռոյթերին եւ Էրիքսէնին ցոյց տուեցի պարոն Վալթէրի նկարը, հեղինակի աչքերը լցուեց, նա հիացած նայում էր իմ վրայ, մի քանի վարկեանից վեր կեցաւ եւ համեստօրէն «հեռացաւ» ինքն իր սեփական գրքի շնորհանդէսից, թողնելով մի շարք ազերի եւ թուրք երկրպագուների, որոնք սպասում էին, որ մակագրեր իրենց մօտի գրքերը: Ասելիքս աւարտի հասցրի արդէն ոտքի վրայ:
Հայ եղբայրները շատ ոգեւորուած էին նրանով, որ Էրիքսէնի կենսագրութիւնով մարդը «փախաւ» իմ խօսքից: Բայց ասեմ իմ կարծիքը: Հայ եղեռնը ժղտող հեղինակը փախաւ ոչ թէ ինձանից, այլ ինքն իրենից: Իսկ մենք արդէն ունենք մի նախադէպ, որ կարող է ոչնչացնել յայտնի մամամարդկային ոճիրները ժխտող, այն է խրախուսող անձնաւորութեան հեղինակութիւնը:
Դաւիթ Աղաջանեան / Տիր Հայագիտական կենտրոն