Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն անցնում է եվրոպական կենսակերպի. «Եվրոպայի օրվան» նվիրված հեծանվային երթ (Ֆոտոշարք)

Հունիս 02,2018 18:31

Հայաստանում Եվրամիության պատվիրակությունն այսօր «Եվրոպայի օրվան» նվիրված հանրային միջոցառումների շարքն ամփոփեց Երեւանի Հյուսիսային պողոտայից տրված զանգվածային հեծանվաերթով, որը եզրագիծը հատեց Հրազդանի կիրճում:

Մինչ այդ, «Եվրոպան այստեղ է» նշանաբանով բացօթյա տոնակատարություններ անցկացվել են մայիս ամսին հանրապետության տարբեր քաղաքներում՝ Իջեւանում, Հրազդանում, Վանաձորում, Գյումրիում, Կապանում եւ Եղեգնաձորում:

Երեւանյան հեծանվավազքին մասնակցեցին տարբեր տարիքի ու մասնագիտության շուրջ 200 հեծանվասերներ՝ իրենց հանգստյան օրը նվիրելով առողջ ապրելակերպին:

Մեկնարկից առաջ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, որը նույնպես հեծանվաերթի ամենաակտիվ մասնակիցներից էր, ներկաներին ասաց. «Թույլ տվեք հիշեցնել, որ Եվրամիությունը խթանում է առողջ ապրելակերպը, իսկ հեծանվային սպորտը ոչ միայն առողջ ապրելակերպի արտահայտման լավագույն միջոցներից մեկն է, այլեւ ընտանեկան սպորտ է: Եվրամիությունը ընտանեկան սպորտն ու ընտանիքի ամրությունը նույնպես փորձում է ապահովել: Հետեւաբար, մենք կողմ կլինենք Հայաստանի եւ հայերի բոլոր այն նախաձեռնություններին, որոնք միտված կլինեն Երեւանը դարձնելու հեծանվային սպորտի տեսանկյունից հարմար քաղաք: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին, որոնք այստեղ են, մասնավորապես՝ ընտանիքներին եւ երեխաներին, որովհետեւ սրանով եւս մենք հստակ արձանագրում ենք, որ Հայաստանը անցնում է եվրոպական կենսակերպի»:

Հեծանվաերթին մասնակցեցին նաեւ Հայաստանում Վրաստանի դեսպանատան աշխատակիցները: Փոխդեսպան Մալխաս Մալաշկիան Aravot.am-ին ասաց, որ իրենք ողջունում եւ աջակցում են այս նախաձեռնությանը եւ իրենց աշխատակիցներով եկել են մասնակցելու: Նրա համոզմամբ հեծանիվը ակտիվ հանգստի եւ առողջ ապրելակերպ վարելու լավագույն միջոցառումներից մեկն է:

Ուրախալի է, որ մասնակցության ակտիվությամբ աչքի ընկան հատկապես կանայք, աղջիկները եւ դեռահասները: Նրանց մեջ էր նաեւ Անի Կարապետյանը: «Սովորաբար, զանգվածային միջոցառումներին ներկա եմ լինում լրագրողի իմ մասնագիտության բերումով: Բայց այսօր այստեղ եմ որպես մասնակից: Արդեն մեկ տարի հեծանիվ եմ վարում: Սկզբում կասկածում էի՝ կստացվի՞ արդյոք: Փորձեցի ու հեծանիվն ինձ համար թմրանյութի պես բան դարձավ: Ամեն օր հեծանիվ եմ վարում ու փորձում եմ վարակել շրջապատիս աղջիկներին: Ես բնակվում եմ Աբովյանում ու ցավով նկատում եմ, որ մարզերում հեծանիվ վարող կանանց մի տեսակ ուրիշ աչքով են նայում: Բայց լինում են նաեւ տատիկներ, որոնք տեսնելով հեծանիվ վարող աղջիկներիս, ողջունում են, ոգեւորում:

Հեծանվի մշակույթը այստեղ էլ է աստիճանաբար զարգանում: Ես Եվրոպայում ապրել եմ ու գիտեմ, թե այնտեղ հեծանիվ վարելը որքան տարածված է: Եվ քանի որ այս մշակույթը մեզ մոտ էլ է զարգանում, ուզում եմ առաջինը հեծանվային գծերը տեսնել, տեսնել, որ վարորդներն արհամարհական չվարվեն հեծանիվ վարողների հետ, որ մարդիկ հանդուրժող լինեն ու իրենք էլ փորձեն հեծանվի հետ ընկերանալ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930