Հունիսի 2-ին «Լոֆթում» հանդիպում էր կազմակերպվել մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ: Նա պատասխանելով մշակութային հուշարձանների վերաբերյալ հարցերից մեկին, ասաց, որ պատմամշակութային հուշարձանների ցանկը պետք է առաջիկայում վերանայվի, նաեւ երկուշաբթի կայանալիք թռուցկաժողովում են այդ մասին խոսելու: Նախարարն առաջարկեց, որ հուշարձանների հետ կապված խնդիրները գրավոր ներկայացնել իրեն, խոստացավ բոլոր նամակները կարդալ:
Սարգիս Մուրադյան պատկերասրահի հիմնադիր, նկարչուհի Զարուհի Մուրադյանը նշեց, որ նախարարության ֆեյսբուքյան էջը կիսամեռած է, երբ որեւէ նամակի պատասխան չի տրվում: Հաջորդ առաջարկն էր: «Հայրս իննսունմեկ թվին արել է առաջարկը՝ Ազգային ժողովում, խոսքը վերաբերում է Ազգային Ժողովի այգուն: Այգին պետք է բացվի հանրության համար, ցանկապատը չպետք է հանվի, դա արվեստի գործ է, բայց այգին պետք է բացվի: Հայրս այդ առաջարկն արել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, սակայն առաջարկն անտեսվել էր.,-ասաց Զարուհի Միքայելյանը: Նախարարն ասաց, որ ինքն էլ է կողմ այգին բացելու, խոստացավ՝ առաջարկով հանդես կգա կառավարությանը:
Կամերային երաժշտական թատրոնի դերասանուհիներից մեկը, որ երրորդ կարգի հաշմանդամ է, կաթված է տարել՝ հարցրեց. «Ուզում եմ իմանալ, մեր վիճակն ի՞նչ է լինելու, թատրոնում չեմ աշխատում, վերջերս սերիալում նկարահանվեցի, բայց դա ինձ չի բավարարում: Թատրոնում ինձ այլեւս չեն վերցնում, ձեռքս չեմ շարժում, մի քիչ կաղում եմ, բայց կարող եմ խաղալ»: Լիլիթ Մակունցն ասաց, որ մշակույթի նախարարությունը նման հարցերով չի զբաղվում, բայց անձնական մակարդակով կզբաղվի դերասանուհու հարցով:
Բանաստեղծ Էսթերը խոսեց գրողների կարգավիճակի մասին, դժգոհեց, որ գրքերը պետպատվերով չեն տպագրվում, գրողները հոնորար չեն ստանում, պետպատվերով տպագրվելիք գրքերը նախորդ նախարարի գրչի մեկ հարվածով չեն տպագրվում: Ասաց նաեւ, որ երկու մասնագիտություն ունի, սակայն աշխատանք չի գտնում:
Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը նշեց պետպատվերով գրքերի հրատարակումը դժգոհությունների տեղիք է տվել, դրա համար էլ հրատարակիչները որոշել են, որ որեւէ պաշտոնյա չպետք է գնահատի արվեստի գործը, քանի որ դա սուբյեկտիվ կլինի: Ասաց, որ պետության գործն է նպաստավոր պայմաններ ստեղծել, որ գրողը գրական գործակալի հետ համագործակցությամբ գրական շուկա մտնի: Մակունցն էլ հավելեց, որ առանձին գործչի հետ կապված հատուկ հովանավորություն չի լինելու. «Նախկինում մեկ անձը որոշել է, որ այսինչ անձնավորությանը կամ խմբին պետք է տրվի առավելություն, սակայն այլեւս նման բան չի լինելու: Մշակվելու են չափորոշիչներ: Բոլորի համար լինելու են մեկնարկային հավասար պայմաններ»:
Կամերային երաժշտական թատրոնի դերասանուհիներից մեկը անդրադարձավ, այսպես կոչված, ֆինանսական պլաններ կատարելուն, կասկածելի որակի ռեժիսորների բեմադրած ներկայացումներով այդ պլանը կատարելուն: Առաջարկեց, որ մրցութային կարգով ընտրվեն ռեժիսորները եւ ներկայացումները: Նարա Եփրեմյանը առաջարկեց նույնպիսի հեղափոխություն անել մշակույթի նախարարությունում, ինչպիսին արեց Նիկոլ Փաշինյանը՝ երկրում:
Մակունցը նշեց, որ իր նախարարություն մտնելը միանշանակ չի ընդունվել: Իր առջեւ էլ կադրային ջարդի նպատակ չի դրել, բայց նաեւ նոր ոճի քաղաքականության մասին է բարձրաձայնել; Նախարարի խոսքով, ոչ պրոֆեսիոնալ գործունեություն ծավալող մարդիկ կամ ինքնուրույն որոշում կկայացնեն փոխելու ոլորտը կամ կհեռանան:
Դերասանուհի Մարինե Մխիթարյանն առաջարկեց թատրոններից հանել ստեղծագործական հաստիքները: Դժգոհեց, որ որոշ գեղարվեստական ղեկավարներ ու տնօրեններ ցմահ պաշտոնավարում են: Նաեւ հարցրեց, թե ինչի համար է իր թատերական գործիչների միության տոմսը, եթե դրանով որեւէ հարց չեն կարողանում լուծել: Լիլիթ Մակունցն ասաց, որ թատրոնների տնօրենների եւ գեղարվեստական ղեկավարների հետ առաջիկայում հանդիպում է նախատեսվում:
Մի ուսանողուհի՝ Մարիամ Սմբատյանը, դժգոհեց, որ մյուզիքլի թատրոն Հայաստանում չկա, իսկ այն ինչ մյուզիքլ է ներկայացվում, ամենեւին էլ այդ ժանրից չէ: Նախարարը հարցրեց, թե ուրիշ որտե՞ղ եւ ո՞ւմ առաջ է հարցը բարձրացրել: Ուսանողին պատասխանեց, որ կուրսղեկ Արմեն Մելիքսեթյանն է անընդհատ հարցը բարձրացրել: Մի տիկին էլ զայրացավ, որ հարցադրումը սխալ է, քանի որ Արմեն Մելիքսեթյանը բազմաթիվ մյուզիքլներ է բեմադրել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ