Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստվերային սխեմաներ կան». Գյումրիի 38 դպրոցի նախկին տնօրենը նոր իշխանության հետ հույսեր է կապում

Հունիս 02,2018 14:07

Գյումրիի 38 դպրոցի նախկին տնօրեն Գոհար Շահբազյանն այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը մի խնդրի մասին բարձրաձայնեց, որի առնչությամբ պատրաստվում է շարունակել դատարանում պայքարել: Նա նախ նշեց, որ Շիրակի մարզի կրթական համակարգում ստվային սխեմաներ են գործում, որոնք միտված են նրան, որ ուսումնական հաստատություններում հայտնվեն այնպիսի ղեկավարներ, որոնք կառավարելի են եւ իրականում չեն ապահովում կրթության որակը. «Այս սխեմայում ներգրավված են մարզպետը, մարզի կրթության պատասխանատուն: 2016թ. Շիրակի մարզի մոտ երեք տասնյակ դպրոցներում եւ վարժարաններում փոխվեց տնօրենի ընտրության կարգը: Պետք է տնօրենի մրցույթներ անցկացվեին, իսկ մինչեւ նոր տնօրեն կընտրվեր, պաշտոնակատարներ նշանակվեցին հենց նույն տնօրենները: Միակ դպրոցը, որտեղ այդպես չեղավ, իմ դպրոցն էր: Ես չնշանակվեցի պաշտոնակատար: Դա կանխակալ վերաբերմունք էր մարզպետի կողմից իմ հանդեպ եւ խոսում էր այն մասին, որ ես չեմ շարունակելու պաշտոնավարել»:

Գոհար Շահբազյանի բնորոշմամբ՝ արդեն նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանին հանդիպել է եւ բացատրություն ակնկալել, սակայն, իր խոսքով, մարզպետը պատասխանել է՝ ինչպես ցանկանում է, այդպես էլ անում է: «Ես գրավոր դիմումով պահանջեցի, որ ինձ նշանակի պաշտոնակատար, բայց դիմումի պատասխանը մինչ օրս չկա: Իմ փոխարեն նշանակվեց 42 դպրոցի փոխտնօրեն Արփինե Նիկողոսյանը: Եթե նա հավաստի տվյալներ չունենար, որ մեր դպրոցում տնօրեն է նշանակվելու, դժվար չէ փոխեր իր աշխատավայրը եւ տեղափոխվեր մեր դպրոց: Հետեւաբար, նախնական պայմանավորվածություն կա»:

Տիկին Շահբազյանը նաեւ վստահեցրեց, որ դպրոցի աշխատակազմը պայքարել է իր համար, դիմել վարչապետին, սակայն՝ ապարդյուն:  Նախկին տնօրենը տեղեկացրեց, որ 38 դպրոցի ներկայիս տնօրեն Նիկողոսյանը ՀՅԴ-ից է, իսկ ինքը՝ «Օրինաց Երկիր» կուսակցությունից, սակայն չի կարծում, թե կուսակցական դիրքորոշումը կապ ունի այս խնդրի հետ: Պարզապես, Գոհար Շահբազյանի համոզմամբ, տնօրեններ են նշանակվում ղեկավարելի անձինք:

Գոհար Շահբազյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Եգանյանը հույս հայտնեց, որ նոր իշխանության եւ մարզպետի փոփոխության պարագայում արդարադատությունը կվերականգնվի: Գոհար Շահբազյանն էլ ասաց, որ հավատում է նոր իշխանություններին եւ կրթության նախարարից ու նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանից ակնկալում, որպեսզի նրանք ուշադրություն դարձնեն 38 դպրոցի խնդրին եւ առհասարակ կրթական համակարգի խնդիրներին: Հիշեցնենք, որ 38 դպրոցի խնդրին Aravot.am-ը քանիցս անդրադարձել է, ներկայացրել նախկին մարզպետ Սիմոնյանի կարծիքը, հարուցված քրեական գործի մանրամասները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930