Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ ունեզուրկ գործարար Աշոտ Զաքարյանի պնդումներին, թե Արցախի նախագահ Բակո Սահակյանը մտերիմ կապերի մեջ է բարերար Գրիգոր Գրիգորյանի հետ, ինչի պատճառով Զաքարյանը զրկվել է ունեցվածքից, եւ որ Արցախում ոսկու հարստացուցիչ կոմբինատներից մեկում Գրիգորյանի անունով բաժնեմաս կա, որն իրականում պատկանում է Բակո Սահակյանին:
«Տեղյակ չեմ ձեր հիշատակած անձնավորության գործունեության մասին, հետեւաբար՝ մեկնաբանելը ճիշտ չէ: Նա ի՞նչ փաստարկներ ու ապացույցներ ունի: Այդտեղից պետք է հարցը սկսել: Թե չէ՝ հայտարարել, թե այսինչ անձնավորությունն այսինչ բանն ունի, կամ բաժնեմաս ունի, թե ոչ…եթե շահարկումների համար են հայտարարում, դա այլ հարց է: Բայց որտե՞ղ են ապացույցները»,-հարցադրումներ արեց Դավիթ Բաբայանը:
Ապա հավելեց, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը որեւէ կոմբիտանում որեւէ բաժնեմաս չունի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ