Լրահոս
Օրվա լրահոսը

Թարմ և մատչելի գյուղմթերք անմիջապես արտադրողից. վերաբացվել է Կասյանի գյուղատնտեսական տոնավաճառը (Տեսանյութ)

Հունիս 02,2018 13:11

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր մասնակցել են Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառի վերաբացման  արարողությանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը շրջել է տոնավաճառում, գնումներ կատարել, զրուցել գյուղացիների և գնորդների հետ, ապա իր տպավորություններով կիսվել լրատվամիջոցների հետ:

«Գները շատ ավելի մատչելի են, քան խանութներում և ավելի ձեռնտու են, թե՛քաղաքաբնակների, թե՛գյուղացիների համար, որովհետև այստեղ անմիջական շփում կա արտադրողի ու վաճառողի միջև, և միջնորդները չարդարացված բարձր գումարներ չեն աշխատում»,- մասնավորապես նշել է նախարար Խաչատրյանը:

Այս տոնավաճառը մայրաքաղաքում դեռևս միակն է իր տեսակով, սակայն նախարարը շտապում է տեղեկացնել, որ քայլեր կձեռնարկվեն մյուս վարչական շրջաններում նույնպես վաճառքի հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ, որպեսզի դյուրացնեն արտադրողի և վաճառողի կապը:

«Եթե մանրածախ ցանցերը  փորձեն որոշակի դրդապատճառներով չարաշահել իրենց դիրքը, ապա մենք էլ ավելի մեծ ջանքեր կգործադրենք, որպեսզի նման շուկաները շատանան և թե՛ գյուղացիները, թե՛ քաղաքաբնակները չտուժեն»,- հավելել է գյուղնախարարը:

Տոնավաճառը  կազմակերպվում է յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:

2011 թվականից կազմակերպվող այս տոնավաճառների համար մասնակցության պայմաններն անփոփոխ են: Մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցների կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:

Առևտրային միջնորդների մասնակցությունը տոնավաճառին բացառելու նպատակով կազմակերպիչների կողմից տեղում իրականացվում է վերահսկողություն:

Տոնավաճառի մասնակիցներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար տրամադրում է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակներ: Երևանի քաղաքապետարանն աջակցել է տարածքի տրամադրման հարցում և յուրաքանչյուր տոնավաճառի օրվա ավարտին իրականացնելու է տարածքի մաքրման աշխատանքներ: Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորում  է ՀՀ ոստիկանությունը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930