Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Աշխարհահռչակ «Սպարտակը» ճանաչում է մեկ հայ «Սպարտակի»

Հունիս 02,2018 13:00

«Առավոտը» մասնագետների գնահատմամբ՝ մոլորակի 5 լավագույն բալետի արտիստներից մեկին՝ Իվան Վասիլեւին, որն առաջին անգամ է այցելել Հայաստան, հանդիպեց նախօրեին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, «Բյուրեղապակյա դղյակ» ներկայացման գլխավոր փորձին: Ինչպես տեղեկացրել էինք, հիշյալ բալետի համաշխարհային պրեմիերան կկայանա այսօր:

Խնդրեցինք համառոտ ներկայացնել այսօր արդեն համաշխարհային աստղի կարգավիճակի հասած իր ստեղծագործական ուղին:

«Կարիերաս սկսվել է Բելառուսի խորեոգրաֆիայի քոլեջում, 2006թ.-ից սկսեցի բեմ բարձրանալ Ռուսաստանի Մեծ թատրոնում, որտեղ հասա մինչեւ պրեմիեր պարողի մակարդակի: Իսկ 2011թ. որոշում ընդունեցի դառնալ «աշխարհի պարող»:

Հավատացնում եմ, նման որոշումից հետո էլ ավելի հաճախակի դարձան հրավերներս աշխարհի լավագույն թատրոններից: Չկա մի պարային մեծ «հրապարակ» Ռուսաստանում, Եվրոպայում, Ամերիկայում…, որտեղ բեմ բարձրացած չլինեմ: Չկա նաեւ համաշխարհային բալետային գրականության գոնե մեկ ընտիր նմուշ, որտեղ ես մենապարով հանդես եկած չլինեմ»,- հայտնեց Իվան Վասիլեւը:

Դիտարկմանը՝ տարածված կարծիք կա, որ բարձրակարգ արվեստագետները մեծ հաշվով պարտք են հեղինակներին, որոնց ստեղծագործությունների շնորհիվ են անուն վաստակել, եւ եթե այդպես է, ուրեմն ինքը պարտք է նաեւ Արամ Խաչատրյանին, քանի որ համարվում է աշխարհի լավագույն Սպարտակներից մեկը, արտիստը պատասխանեց. «Այս դեպքում բազմիմաստ հնչող «պարտք» բառը թույլ տվեք շրջանցել եւ ասել՝ իսկապես հարգանքով եմ լցված այն կոմպոզիտորների հանդեպ, որոնք ստեղծել են բարձրարվեստ բալետային երկեր: Ինչ վերաբերում է «Սպարտակ» բալետին, այդ ստեղծագործության, մասնավորապես կերպարի համար՝ երախտապարտ եմ Արամ Իլյիչին:

Այսօր էլ հաճախ հանդես եմ գալիս ժամանակակից հեղինակների բալետներում, որոնք մանրակրկիտ ընտրում եմ, ու չի բացառվում, որ նրանք էլ մի քանի տասնամյակ հետո համարվեն համաշխարհային մեծություններ»: Ռեպլիկին՝ աշխարհին ծանոթ Սպարտակներից ինքը ճանաչո՞ւմ է «հայ» Սպարտակի, մեր զրուցակիցը բարձրաձայնեց ընդամենը մեկ անուն՝ Երեւանի օպերային թատրոնի պրեմիեր պարող Ռուբեն Մուրադյանինը:

Իվան Վասիլեւը հաստատելով մեր տեղեկությունը, որ վերջերս է ամուսնացել Մեծ թատրոնի մենապարուհի Մարիա Վինոգրադովայի հետ եւ դրա «դրդապատճառը» եղել է հենց «Բյուրեղապակյա դղյակը», ասաց. «Շատ եմ պարել հերոսների, արքայազների դերապարեր, բայց այս ներկայացումը առաջինն էր, որտեղ հանդես եմ գալիս ծաղրածուի կերպարով: Սցենարական գիծն այնպես է զարգանում, որ Ռուսաստանի կայսրուհի Աննա Իոանովնան ամուսնացնում է ծաղրածուներին: Երբ ես անցյալ տարի իմ ապագա կնոջը այս ներկայացման փորձին տեսա հարսի քողով, միանգամից մտածեցի՝ ՆԱ է: Ափսոսում եմ, որ հյուրախաղային գրաֆիկի պատճառով հաճախ չենք հանդիպում ոչ միայն նույն ներկայացման մեջ, այլեւ տանը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Վասիլեւը՝ Սպարտակի տարբեր «հոգեվիճակներում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930