Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայ-վրացական խճանկարն ու աբխազական երկաթուղու անլուծելի թնջուկը

Հունիս 02,2018 11:00

«Առաջին կոնտակտը ստեղծված է: Այն ֆոնը, որը կար հայ-վրացական հարաբերություններում դեռ նախկին իշխանությունների ժամանակ, պահպանվում է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանն`անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցին Վրաստան: Վրացագետը այցը համարում է ճանաչողական: Նաեւ, կարեւորում է մինչ այդ, նախագահ Արմեն Սարգսյանի այցն ու հանդիպումները հարեւան երկիր, որոնք ևս բավական դրական ֆոն են ստեղծում. «Կա փոխհասկացողություն`հարաբերությունները խորացնելու»: Իր կարծիքով, հայկական կողմը ունի այդ մոտիվացիան, «մեսիջներն» ուղարկվել են պաշտոնական Թբիլիսիին: ՀՀ նոր վարչապետի ընկալումն էլ մի փոքր այլ է եւ վրացական կողմը հավանաբար այդքան զգուշորեն չի մոտենա, ինչպես նախկինում. «Ինչպես ասում են, գնդակը Թբիլիսիի դաշտում է: Վրաստանն ունի Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու եւ ակտիվացնելու հնարավորություն, այնքանով, ինչքանով մյուս հարեւանների հետ իր հարաբերություններրում սահմանափակ չէ եւ որքանով թույլ են տալիս իր ստանձնած պարտավորությունները»: Ավելի առարկայական քննարկումներ վրացագետն ակնկալում է այս տարվա ընթացքում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ: Չի բացառում փոխայցելությունները, այլ միջոցառումներն ու քննարկումները:

Մեր զրուցակիցն առանձնացնում եւ կարեւորում է Նիկոլ Փաշինյանի այցելությունը Սամցխե-Ջավախք: Հիշեցնենք, Հայաստանի ղեկավարների վերջին այցը Ջավախք եղել է 1990-ականներին: «Սա ցույց է տալիս, որ ջավախահայությունը եւ այդ տարածաշրջանը գտնվում են պաշտոնական Երեւանի հետաքրքրության կենտրոնում: Նաեւ`շատ լավ ժեստ էր վրացական կողմից`ցույց տալու, որ ինքն այդ շրջանի հետ կապված ոչ մի բարդույթ չունի: Մի բան, որ նախկինում`Միխայիլ Սահակաշվիլիի իշխանության ժամանակ, գոյություն ուներ: Ես համարում եմ, որ սա համատեղ մեսիջ էր`որոշակի ուժերին` թե Վրաստանի ներսում, թե Վրաստանից դուրս, որ այդ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական խնդիրները չեն կարող օգտագործվել Հայաստանի եւ Վրաստանի դեմ, որ երկու երկրները չպիտի թույլ տան Վրաստանում հակահայկական տրամադրություններ բարձրացնել: Իմ կարծիքով, շատ կարեւոր ուղերձ էր»: Ընդհանուր առմամբ, վրացագետը դրական է համարում ՀՀ նոր իշխանությունների կողմից հայ-վրացական հարաբերությունների ամրագրումը, նախկին`Վրաստանի հետ հարաբերությունները կարեւորելու քաղաքականության շարունակականությունը: Մնացածը`հետագա քայլերը ցույց կտան. «Հայկական կողմը, իմ ընկալմամբ, գոհ է այս այցից, վրացականը`նույնպես: Հետագան կերեւա»:

Միաժամանակ, վրացագետը Նիկոլ Փաշինյանի`Ջավախք կատարած այցում նախընտրական տարրեր է նկատում: Ասում է`առաջիկայում Հայաստանում արտահերթ ընտրություններ են սպասվում, իսկ այդ տարածաշրջանում բնակվում են նաեւ Հայաստանի քաղաքացիներ: Ուստի, վարչապետի համար կարեւոր է համարում գյուղերով անցնելը, բնակիչների հետ շփվելը`իր եւ թիմի վարկանիշը բարձրացնելու կամ պահպանելու հեռանկարով:

Օրերս փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել. «Կարող ենք արձանագրել եւս մեկ դրական տեղաշարժ՝ տնտեսության եւ տրանսպորտի ոլորտների համար: Երեկ (մայիսի 24-ին) Ռուսաստանի դաշնության եւ Վրաստանի ներկայացուցիչները հանդիպել են Պրահայում եւ քննարկել 2011 թվականին կնքված «Մաքսային վարչարարության եւ ապրանքի առեւտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի կիրարկման մանրամասներ: Կողմերը համաձայնություն են ձեռք բերել, որ Աբխազիայի, Հարավային Օսիայի տարածքներում բեռների մաքսային վերահսկողության համար պետք է ձեւավորվի եռակողմ հանձնաժողով` Վրաստանի, Ռուսաստանի եւ շվեյցարական SGS ընկերության ներկայացուցիչներից: Համաձայնագրի կյանքի կոչվելու պարագայում մենք կունենանք բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ՝ այն դեպքերում, երբ Վերին Լարսի ավտոճանապարհը փակ լինի: Համաձայնագրի իրականացման մասին ենք նաեւ զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ մայիսի 14-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ: Մենք բարձր ենք գնահատում կողմերի պատրաստակամությունն ու ջանքերը մեզ համար չափազանց կարեւոր այս պայմանագրի իրականացման ուղղությամբ»: Վերին Լարսին այլընտրանք ճանապարհի փնտրտուքի մեջ եղել են նախկին գրեթե բոլոր կառավարությունները եւ բախվել ռուս-վրացական քաղաքական խնդիրներին եւ քաղաքական քաղհամաձայնությունների բացակայությանը: Այս առիթով «Առավոտի» հարցին ի պատասխան Ջոնի Մելիքյանն ասաց, որ այս խնդրի հանգուցալուծումը դեռ տեսանելի չէ: Շվեյցարական ընկերության հետ պայմանագիրը ստորագրելով կողմերը մեկ քայլ առաջ են գնացել, բայց այս փուլում դեռ բանակցություններ են գնում համատեղ ֆորմատով`ռուս-վրացական-շվեյցարական, բանակցություններ սկսելու համաձայնագրի օրակարգի շուրջ: Այդ օրակարգի հաստատման, իրականացման ընթացքում, եթե կողմերի միջեւ քաղաքական խնդիրները կհարթվեն, նոր միայն կխոսեն թե այդ միջանցքով ի՞նչ ձեւով կարելի կլինի բեռները տեղափոխել: Մոտակա մի քանի տարին, համենայնդեպս, վրացագետը չի տեսնում այդ հնարավորության իրագործում, քանի որ կողմերը դեռ շարունակում են կոշտ հռետորաբանություն վարել, միջպետական հարաբերություններում դեռ խնդիրները շատ են:

«Ստացվում է, մենք մեր ցանկալին շփոթում ենք իրականության հետ: Կա իրականություն, որին պետական այրերը պարտավոր են տեղյակ լինել եւ ապատեղեկատվություն չտարածել: Այդպիսով մենք մեզ ավելի վատ վիճակի մեջ ենք գցում, քանզի հարեւան երկրները դա օգտագործում են մեր դեմ ինֆորմացիոն պատերազմում»,-ասաց Ջոնի Մելիքյանը`հավելելով, որ այս առումով շատ կարեւոր էր, որ երբ հայկական պատվիրակությունը Թբիլիսիում էր, ՀՀ ֆինանսների նախարարը հայտարարեց`հայ-վրացական երկխոսության ժամանակ, թե այսօր, թե երեկ, հայկական կողմը չի բարձրացրել աբխազական երկաթուղու գործարկման հարցը: Օրերս, Սիրիան հայտարարեց Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելու մասին: Վրացագետը համամիտ է`դա ավելի է բարդացնում ռուս-վրացական օրակարգը. «Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնում է, ՌԴ-ն այդ քայլերին է գնում եւ այս պարագայում ասել, որ ռուս-վրացական հարաբերություններում որոշակի դրական ֆոն կա եւ 2011 թվականի համաձայնագիրը շատ արագ կարող են իրենք իրագործել… դրա մասին խոսելը դեռ շատ վաղ է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930