Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ախ, մի հիշեցրեք, դա տխուր հանդիպում էր». Հակոբ Մովսեսը՝ մշակույթի գործիչների՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին. «Հրապարակ»

Հունիս 02,2018 10:16

Ներկայացնում ենք հատված բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսի հետ հարցազրույցից.

– Պարոն Մովսես, դուք անցյալ ուրբաթ օրը մասնակցել եք ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը: Ի՞նչ հարցեր արծարծվեցին:

-Ախ, մի հիշեցրեք, դա տխուր հանդիպում էր: Ոչ մի լուրջ խնդիր չդրվեց վարչապետի առջև, բացի փողի խնդրից (ես ամբողջ ժամանակ հիշում էի Պերճ Պռոշյանի արտահայտությունը` «Փող, փող, փող,- գոչեց նա և ընկավ մի տեսակ ինքնամոռացության մեջ»), իսկ մեկը` երգչուհի էր, պարուհի, թե չգիտեմ` ինչ, հանդես եկավ ցնցող առաջարկով` նա վարչապետին խնդրեց մեզ ամեն մեկիս «կցել» մի օլիգարխի… Սա է մեր մշակութային խավի մակարդակը…

– Ի՞նչ կցանկանաք նոր իշխանություններին:

Երկու բան. առաջինը` շատ խելոք, խորունկ, մտահոգ և ազնիվ ընդդիմություն: Լավ իշխանության առաջին ցուցիչը նրա լավ ընդդիմությունն է, որը նախորդ բոլոր իշխանությունները չեն ունեցել (այն իշխանությունը, որում աշխատել եմ նաև ես, գործ է ունեցել ռեսենտիմենտի` նախանձի, չարության ու ոխի ընդդիմության հետ, իսկ երկրորդ իշխանությունը` իր զույգ նախագահներով` նշանակովի): Երկրորդը` շատ մեծ հաջողություններ: 27 վագոնից բաղկացած (ես նկատի ունեմ 1991 թվականից մինչև այսօր) մի գնացք իր իշխանամետ և ընդդիմադիր բոլոր ուղևորներով` պու-չք-չք` գնաց. կառամատույցում մի նոր շոգեքարշ է կանգնած` իր նոր, երիտասարդ սլաքավարներով, որոնց ժառանգություն է հասել քայքայված,կողոպտված, քսան տարի շարունակ լլկված մի կայարան և քանդուքարափ երկաթգծեր: Նրանք ժառանգել են մի պետություն, որը դե ֆակտո է, սակայն, ավաղ, ոչնչով դե յուրե չէ… (Բայց, փառք Աստծու, զարմանալիորեն դեռ «դե ժողովրդե» է): Մենք պետք է հասկանանք, որ եթե այս իշխանությունը չհաջողի (իսկ վերևում ասածս մեր կոռումպացված գիտակցությունը ամեն ինչ կանի, որ նա չհաջողի), մենք` հայերս, կդառնանք աշխարհի ամենահայատյաց ժողովուրդը` մենք կընկնենք այնպիսի մի ոչնչապաշտության և հոռետեսության գիրկը, որից հնարավոր չի լինի դուրս գալ… Այսօր այս ամենով հանդերձ` մեր երկիրը` երկիր, մեր հասարակությունը` հասարակություն դառնալու շանս են ստացել: Այդ շանսը մեզ անսպասելիորեն (թեև` ինչու անսպասելիորեն) ասես Աստված տվեց: Բայց Աստծու տվածը վերցնել է պետք… Չմոռանանք մի բան. երբ ժողովուրդները փորձանքի մեջ են` նրանց դեմ Աստված փրկության դուռ է բացում: Բայց երբ նրանք մտնում են փրկության ոլորտ` սատանան այնտեղ կործանման հազար դուռ ու դռնակ է տեղադրում…

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930