Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հին Հայաստանի» օրենքներով

Հունիս 02,2018 10:00

ԱԱԾ-ն խոշոր բացահայտումներ է արել «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում: Մեծ հաշվով, դա ոչ այնքան բացահայտում էր, որքան օրենքի շեղումների հայտնի փաստերի հրապարակում՝ խախտումներ, որոնք համապատասխանում էին, այսպես ասած, «հին Հայաստանի» տառին ու ոգուն: Անձամբ ես մի քանի անգամ հետաքրքրվել եմ տնտեսագետներից, թե ինչ կլինի, եթե խոշոր սեփականատերերը «ձեւանա» մանր սեփականատեր, որպեսզի ԱԱՀ չմուծի: Մեծ մասնագետ պետք չի լինել՝ հասկանալու համար, որ հարկային մարմինների թողտվության պարագայում սա, հատկապես առեւտրի բնագավառում, անխուսափելի է:

Հիմա սուպերմարկետների (ոչ միայն «Սիթիի») տնօրենները դիմել են վարչապետին նամակով, որի իմաստը, եթե պարզ ձեւակերպենք, հետեւյալն է՝ եթե մենք աշխատենք օրենքով, ապա կսնանկանանք, իսկ մթերքի գինը կբարձրանա: Հասկանում եմ, որ հասարակության վերաբերմունքը խոշոր սեփականատերերի նկատմամբ խիստ բացասական է, եւ նրանց այդ ասածներին դժվար թե մեկը հավատա: Բայց մասնագետները եւ կառավարությունն այստեղ մտածելու բան ունեն՝ գուցե իսկապես օրենքները գրված էին այնպես, որ դժվար լինի դրանք չշրջանցելը, իսկ շրջանցելով` մարդիկ ստիպված կլինեն «մուծվել»:

Իրավիճակը մոտավորապես նույնն է, ինչ որ կար արագաչափերի եւ տեսախցիկների պարագայում: Վարորդներն ասում են, որ նրանք չեն կարող օրենքով քշել՝ ես դրան հավատում եմ 50 տոկոսով, որովհետեւ կան բազմաթիվ վարորդներ, որոնք տարիներ շարունակ քշում են առանց խախտումների: Բայց օրինախախտ վարորդների տուգանքները ներվեցին՝ չնայած շատերը կարծում են, որ դա չպիտի արվեր: Առավել եւս չպիտի ներվեն (ու, վստահ եմ, չեն ներվի) սուպերմարկետների տերերը, որոնց ասածի մեջ, հավանաբար, ճշմարտության 25 տոկոս կա, եւ որոնց նյութական կացությունը չես համեմատի անվճարունակ վարորդների կացության հետ:

Սակայն սկզբունքը պետք է նույնը լինի՝ սկզբից կատարել գործող (թեեւ անկատար) օրենքի պահանջը եւ հետո միայն մտածել օրենքը կատարելագործելու մասին: Ի վերջո, ամբողջ քաղաքակիրթ աշխարհում կան ե՛ւ սուպերմարկետների ցանցեր, ե՛ւ փոքրիկ կրպակներ ու խանութներ, որոնք քիչ թե շատ «խաղաղ գոյակցության» մեջ են: Չնայած ժամանակ առ ժամանակ զարգացած երկրներում նույնպես գյուղացիները ցույցեր են անում՝ բողոքելով իրենց ապրանքի ցածր գներից: Պարզապես, մեր խոշոր սեփականատերերը պետք է հասկանան, որ այլեւս չեն կարողանա գյուղացիներից կոպեկներով մթերք գնել, ստանալ 100 տոկոսանոց շահույթ եւ գումարած դրան՝ հարկերը չմուծել: Իսկ «հասկացնելու» ձեւը մեկն է՝ Օրենքը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. henri says:

    Որքան դժուար է այս ՛՛ԱՆՕՐԷՆՆԵՐԸ՛՛ օրէնքի դաշտ բերելը ; Մի քանի Նիկոլ պիտի չբաւէ կարծեմ ;

    • Հ.Շ. says:

      ներողութիւն… փաստօրէն մէկ հատիկ Փաշինեան կայ, եւ նա է որ բազմիցս խոստացաւ թէ ինք – իր խմբակով – բաւարար է, լուծելու համար բոլոր խնդիրները. հիմա արդէն զինքը exonérer պիտի ընենք, ըսելով որ մինա՞կ է…

      իր պաշտօնների բերումով, ինք մօտէն շատ աւելի տեղեակ էր թէ բանն ինչումն է, աւելի՝ քան թէ մենք. եւ խոստացաւ ամէն բան շտկել. ուրեմն, եալլա նայինք.

      թէ ոչ, Կարապետեանն ալ կրնայ ըսել թէ մէկ Կարապետեան բաւարար չէր բոլոր խնդիրները լուծելու համար… Փաշինեանին յաջորդող վարչապետն ալ կրնայ ըսել նոյն բանը… մինչ այդ, ժողովուրդը թող կշտանայ յոյսերով, զուարճութեամբ, դուխո՛վ (իրապէս ուրախ կ’ըլլամ եթէ այդպէսով միայն կուշտ ու գոհունակ զգան… դա արդէն փիլիսոփայութեան բարձր մակարդակ է… )

  2. Լավատես says:

    Իրավաբանությունը գիտություն է, դրա նույնիսկ սիրողական մակարդակը չունեմ, բայց կարծիք է, ասում եմ, ուրեմն՝ Ա օրենքը հետադարձ ուժ չունի, Բ օրենքն ունի վաղեմության ժամկետներ: Կարող ես սիրուն օրենքներ գրես, բայց չիրականացնես, այսինքն՝ օրենքը քիչ է, օրենքը պետք է ուժ ու կամք ունենա իր թիկունքում, որ գործող օրենք դառնա, այդ ուժն ու կամքը կոչվում է իշխանություն: Երբ մի քանի հարյուր մարդ էր հավաքվում հրապարակում՝ սա չէր իշխանությունը, իշխանությունը գործող կառավարությունն էր, երբ մի քանի հարյուր հազար էր հրապարակում՝ սա էր գործող իշխանությունը, իսկ կառավարությունը այլեւս իշխանություն չէր: Երբ հարյուր հազարները տասնյակ տարիներ վհատված ու բաժանված էին՝ ամեն մեկն իր դարդով էր տապակվում իր ընտանիքի հոգսերով ու բնական է իշխանություն չէին՝ սա մեղք չի՞ արդյոք, երբ քաղաքացին տասը հազարական ընտրակաշառք էր վերցնում՝ արդարությունը չի՞ պահանջում օրենքի տառին համաձայն սրանց էլ դատեն, միտքս հետեւյալն է՝ ժողովրդի անիշխանությունը արդեն մեղք է եւ դրա մեղավորը ժողովրդի ծնողներն են՝ ազգային մտավորականությունը, կարճ ասած՝ մինչեւ մեր հայ ազգային մտավորականությունը իր Հայ Դատը իր՝ հայ ազգային մտավորականության հանդեպ չկազմակերպի Մենք ենք մեր սարերի օրինակով՝ պահանջել նախկին կառավարությունից սեփական մեղքերի մեղանչում սխալ է:
    Մի բան էլ ասեմ՝ էդ սիթի միթիներից զզվանքս գալիս է՝ գեղցիության ու քաղքենիության գաղջ մթնոլորտ է հիշեցնում, հայերեն անուններ գրենք:

  3. Հ.Շ. says:

    Ձեզ վստահեցնեմ որ արեւմտեան երկիրներում, մեծ – աւելի ճիշդ՝ հսկայական – հաստատութիւններու պատճառով, անհետանում են միջին չափի եւ փոքր բոլոր խանութները: (Ի դէպ, դեռ այդ հսկաներն ալ վտանգուած են, գոնէ որպէս շօշափելի ենթակառոյցներ, այդ ալ համացանցային առեւտուրի պատճառով: Անոնք ալ դեռ զիրար են ուտում, կուլ տալիս…)

    Հայաստանի պարագային, որ տակաւին հեռու է ի զօրու բաղդատականներէ զարգացած երկիրներու հետ – ինչ որ միշտ ել վատ բան չէ… -, եթէ «ճկունութիւն» չբանեցնէ կառավարութիւնը, ձեր այդ «մեծ» խանութներէն շատերը հաւանաբար պարզապէս փակուին: Ինչ որ անշուշտ բնակչութեան անգործութեան տեսակէտից բաւական աղետալի է լինելու: Մինչ վստահ ալ չէ որ այդ մեծերու տապալումը պիտի նպաստէ փոքրերի ծաղկումին, որովհետեւ առեւտրական միջավայրի դժուարութիւնները միայն մեծերը չեն, մանաւանդ այդտեղ: Ոչ ալ վստահ է որ գոնէ ապօրինի շահերը պիտի վերադառնան Պետութեան գանձարանին մէջ, որովհետեւ որպէսզի այդ պատահի, պէտք է որ այդ դրամները նախ վերադառնան… երկիր: Բռնուածները հաւանաբար նախընտրեն մի քիչ նստիլ, քան թէ ետ դարձնել գողութեան արդիւնքները: Արդէն նստողներն ալ միայն իրենք չեն թալանից օգտուողները, այդ ալ պարզ է, եւ մեծագոյն ձուկերը գիտեն ոնց խուսափիլ իրենց արարքների օրինական հետեւանքներից…

    Իսկ վերեւ նշուած կառավարական «ճկունութիւնը» եթէ անհնար է, պատճառը բարոյական չէ, այլ զուտ քաղաքական: Այս է վտանգը ամբոխահաճութեան, երբ որ քնարերգական ճառերից յետոյ, գործնական ու գետնաքարշ որոշումներ կը դառնան անխուսափելի:

    • Հ.Շ. says:

      Յ.Գ. Վերեւի վերջին պարբերութեանս սրբագրում/այժմէականացում՝ փաստօրէն, կայ կառավարական ճկունութիւն: Իրոք հետաքրքիր է…
      re: https://www.aravot.am/2018/06/02/961497/

      (Եթէ այս ընթացքով շարունակուին սակայն բարեկարգումները, կը մնայ տեսնել թէ ո՞ւրտեղից է Պետութիւնը ապահովելու իր եկամուտները: Որոնցմէ ուղղակի կախեալ են ժողովուրդի հիմնական ու լայն ակնկալութիւնները: Եւ այստեղ արդէն կ’արծարծուին էական մտահոգութիւններ, եթէ այդ եկամուտները հասնելու են արեւմտեան պետութիւններից… Չնայած, ոմանց համար՝ դա բնաւ մտահոգութիւն չէ, այլ ընդհակառակն… )

  4. Ruben says:

    Կաշառակերները կաշառք են վերցնում երկու դեպքում՝ օրենքը խախտելու համար («հին» Հայաստանում) եւ օրենքը չխախտելու համար («նոր» Հայաստանում):
    Ինչպե՞ս վերացնել կաշառակերությունը «հին» բայց «նոր» Հայաստանում:

  5. Karine says:

    Դժբախտությունն այնտեղ է, որ բոլոր այդ սուպերմարկետների տերերին և նմանատիպ այլ գործարարների թվում է, թե իրենք իրենց գործով պետք է միլիոններ վաստակեն և երբ որ իրենց միլիոններին կպնում են, սկսում են բողոքել, բայց չեն մտածում, որ այդ միլիոնները վաստակում են չարքաշ գյուղացիների հաշվին. երբ իրենք մեկ օր հասկանան որ իրենց միլիոնները պետք է դառնան հազարներ, գյուղացիների լումաները դառնան դրամներ, իսկ պետության գանձարանը լցվի ի օգուտ թոշակառուների, կարիքավորների, բժչկության, գիտության ու կրթության զարգացման, այն ժամանակ ժողովուրդը իրենց չի ատի, այլ կուրախանա գործարարների հաղողությամբ.

    • Գէորգ says:

      Կարինէ ջան, նոյնիսկ ձեր կարծեցեալ քաղաքակրթուած երկիրներու վիճակն ալ նոյնն է: Ամէն մէկ երկիր իր չափանիշներով: Դժբախտաբար այս է վաշխառու կապիտալիզմի էութիւնը, որ հիմնուած է մեր իմացած ասօրուայ բանկային համակարգի վրայ որը հիմնուած է մօտաւորապէս 300 տարիներ առաջ: Ուրիշ բան չըսեմ…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930