Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսքը մեր՝ ճակատագիր

Հունիս 02,2018 15:00
merujan Ter-Gulanyan

Այդ ե՞րբ էր, երբ Թիֆլիսում ադրբեջանցի բանաստեղծ Չինգիզ Ալիօղլի իմ գրող ընկերոջը հարցրի` դու թո՞ւրք ես, ասաց` ոչ, ես օղուզ եմ, եւ հինավուրց մեղքի ու խորամանկության կնիքով արատավորված հայացքով նայեց ինձ:
Չնայած ինքը լավ բանաստեղծ էր եւ լավ սեղանակից, բայց նրա խոսքում եւ բանաստեղծության մեջ բացակայում էր մի շատ կարեւոր բան` համամարդկային ստեղծագործ տառապանքից ծնված անկեղծ բարեկամությունը: Եվ թերեւս այդ պատճառով էլ ուրացավ ազգությունն իր՝ ասելով, որ ինքը թուրք չէ, քանի որ ես հայ էի` մոռանալով, որ ես գիտեի, որ օղուզները թուրք-սելջուկների հիմնական ցեղերից մեկի նախահայրերն էին:

– Անշուշտ, խոսքն ինքը ճակատագիր է, երբ պսակվում է գործով,- մտածում էի ես:
Հիմա, այսքան տարի անց, չգիտեմ՝ ինչ է անում Չինգիզ Ալիօղլին կամ ապրո՞ւմ է, թե՞ ոչ, մարդ, ով բազմազգ գինարբուքի սեղանի շուրջը ուրացավ իր ազգությունը՝ թերեւս ուրանալով նաեւ իր ճակատագիրը՝ միայն այն պատճառով, որ հարցնողը հայ էր:
Այնինչ դեռ չէր սկսվել Ղարաբաղյան շարժումը, եւ բոլորս եղբայր կոչված խորհրդային ազգեր էինք:

Հիշեցի այդ օրը, եւ ժամանակի վարագույրը դանդաղ ետ գնաց, եւ ինձ պատկերացավ եւս մի մարդ՝ Սամեդ Վուրղունի որդին, ով մի երիտասարդական ամսագրի խմբագիր էր եւ եկել էր Հայաստան:

Մինչեւ հիմա էլ ինձ անհասկանալի մնաց, թե այդ մարդը ումից կամ ինչից էր վախենում, որ այդպես էլ դուրս չեկավ «Շիրակ» հյուրանոցի իր համարից:
Թեեւ մենք բոլորս դեռեւս մի երկրի քաղաքացի էինք:
Կենդանական սարսափ կար այդ մարդու մեջ: Ի՞նչ էր արել, որ վախենում էր…
Գուցե գիտեր այն, ինչը եւ մե՛նք գիտեինք, բայց ոչ դասագրքերից: Եվ դարձյալ ուրանում էր՝ ասելով, որ իր մայրը ռուս է…

Եվ դա այն տարին էր, երբ ես աշխարհից թաքուն, ինքս իմ ներսում երդվել էի` լինել զինվոր` հայոց եւ Աստծու, ու արհեստական կաշվից աշնանային իմ բաճկոնը համառորեն հագնում էի բնական կաշվի արժանապատվությամբ` շարժելով տեսնողների նախանձը:
Բայց քանի որ շարժումն ու արագությունը փոխում են ժամանակը, վերաձեւում կորության, նույնիսկ կորանում է լույսի ուղիղ ճառագայթը` ենթարկվելով ձգողականության անբացատրելի օրենքին, այդպես էլ իմ երկրի ինձ կանչող սիրտը ինձ հուշում է. զոհաբերությունը հատուկ է ազնիվ հոգիներին եւ ասպետներին է վայել, սակայն բոլոր դեպքերում զոհաբերության իմաստը մնում է նույնը, երբ մարդը կամ ազգը հրաժարվում է մի բանից՝ հանուն ավելի կարեւորի…

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

01.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930