Լրահոս
Օրվա լրահոսը

«Անթույլատրելի բան է տեղի ունեցել, որ չեն հրավիրել ԱԺ ղեկավարությանը, բայց Նժդեհի դերը շատ դեպքերում ՀՀԿ-ի կողմից չափազանցվում էր»

Հունիս 02,2018 14:30

Բագրատ Եսայանը՝ Սարդարապատի միջոցառումներին
Նժդեհի անունը չհիշատակելու մասին

«Իմ մոտեցումն ինստիտուցիոնալ է»,- «Առավոտի» հարցին՝ ճի՞շտ էր արդյոք Սարդարապատի միջոցառումներին ԱԺ փոխնախագահներին, հանձնաժողովների նախագահներին չհրավիրելը, այսպես պատասխանեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա վստահեցրեց՝ ինստիտուցիոնալ գործողությունների կողմնակից է: Պետական իշխանության ներկայացուցիչները պետք է մասնակցեն համապետական միջոցառումներին. «ԱԺ նախագահներն ու տեղակալները ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց թվին են դասվում եւ իրենց ստատուսով ավելի բարձր են, քան որեւէ նախարար: Քանի դեռ իրենք պաշտոնից չեն հեռացվել, այլ անձանց չեն նշանակել պաշտոնում, իրենք ի պաշտոնե պետք է ներկա լինեին: Ես կողմնակից էի, որ իրենք մասնակցեն: Իսկ թե դա քինախնդրություն է, թե այլ հարց, դա անձնական է: Ես կախարդական փայտիկ չունեմ կամ գուշակ չեմ, որ իմանամ, թե մարդու հոգում ինչ է կատարվում»:

Նշենք, որ ՀՀԿ-ականները դժգոհություն էին բարձրացրել նաեւ այն առումով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում՝ նվիրված ՀՀ Առաջին հանրապետությանը, ոչ մի անգամ չնշեց Գարեգին Նժդեհի անունը: Օրինակ՝ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այս առիթով հայտարարել էր. «100-ամյակին Նժդեհի անունը չտալ, որ եղել է Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսը, իսկ Ղարաքիլիսան հայոց նորագույն Ավարայրն է, Ղարաքիլիսան հնարավորություն տվեց՝ հայոց հանրապետություն ծնվի: Առանց Ղարաքիլիսայի ո՛չ Սարդարապատ կլիներ, ո՛չ Բաշ-Ապարան, գնացեք ցանկացած պատմաբանի հարցրեք՝ Նժդեհն ո՞ւր էր: Ղարաքիլիսայի անունը մի հատ է տալիս՝ վերջում՝ Բաշ-Ապարան, Սարդարապատ: Ես ցավը տանեմ Սարդարապատի հերոսների էլ, Բաշ-Ապարանի էլ, բայց դու 100-ամյակ ես ասում, ու պարոն վարչապետ, ով որ նյութդ գրել էր… Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսի անունը չտալ, Նժդեհի անունը չտա՞լ, դա նույն բանն է, որ մենք խոսենք Ցեղասպանությունից ու չխոսենք 600 հայ մտավորականների գլխատումից: Ո՞ւր էր Նժդեհը, Արամ Մանուկյանի ու Դրոյի կողքը այդ օրը պետք է լիներ Գարեգին Տեր-Հարությունյանը, նույն ինքը՝ մեծն հերոս Նժդեհը»:

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանից հետաքրքրվեցինք՝ արդյոք բացթողում չէ՞ր այն, որ Նիկոլ Փաշինյանը չհիշատակեց Նժդեհի անունը, պարոն Եսայանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ելույթ գրողներ կան, թե վարչապետն էր գրել, ինչքանով էին տեղյակ առանձին անհատների ունեցած դերից տարբեր ճակատամարտերում, բայց այն, որ Նժդեհի դերը շատ դեպքերում նախորդ իշխանությունների՝ ՀՀԿ-ի կողմից շատուշատ չափազանցվում էր, դա փաստ է: Նույնիսկ ես՝ թերթի խմբագիր եղած ժամանակս, հատուկ շեշտել եմ, թե Նժդեհը չպետք է լենինացվի, իսկապես գնում էին այդ ճանապարհով, երբ Նժդեհը ներկայացվում էր որպես քաղաքական անձ, որը նախանշել է մեր ազգի զարգացումը 1918-ից մի քանի հազարամյակ: Նժդեհը 1918-ից եղել է Դաշնակցության անդամներից մեկը, եղել է ընդամենը կապիտան: Երբ անընդհատ Նժդեհի մասին էին խոսում, նրա կատարած բանալի դերի մասին Ղարաքիլիսայի ճակատամարտում, դա ինձ հիշեցնում է Բրեժնեւին»:

Պարոն Եսայանը պատմեց՝ Նովորոսիյսկի մոտ խորհրդային զորքերի պլացդարմ կար, որը կոչվում էր Մալայա զեմլյա, Լեոնիդ Բրեժնեւը պատերազմի մասնակցի, գնդապետի, կոմիսարի կամ, այսպես ասած, կոմկուսի ներկայացուցչի կարգավիճակով մասնակցել էր այդ պլացդարմի պաշտպանությանը, ինչը շատ փոքրիկ էպիզոդ էր Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ: Բայց Մալայա զեմլյա անունով գիրք գրվեց. Բրեժնեւը դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի բանալի դեմքերից մեկը, ֆաշիզմին հաղթող հիմնական անձը կարծես այդ մարդն էր: Պարոն Եսայանը հավելեց. «Մի դրվագ կա. մարշալ Ժուկովին ասում էին, թե լույս կտեսնեն այդ հիշողությունները, եթե գրքում գրի, որ կարեւոր օպերացիաներից մեկի մասին Ժուկովը խորհրդակցել էր գնդապետ Բրեժնեւի հետ, որն ընդամենը զինվորական կոմիսար էր»:

Պարոն Եսայանը միեւնույն ժամանակ նշեց, որ Գարեգին Նժդեհը մեծ մտածող էր, հանճարեղ կապիտան, բայց նաեւ շեշտեց՝ երբ նրա դերը սկսվում է գերագնահատվել պատմության մեջ, դա իրեն վախեցնում է: Այս առիթով պարոն Եսայանն ասաց. «Սա կուռքեր կերտելու մարմաջն է, որ Հանրապետականը փորձում էր ինչ-որ կուռք գտնել իր համար, գաղափարական հենք ստեղծել, որի վրա պետք է կառուցեր իր գործունեությունը: Վստահեցնում եմ նրանց, որ Նժդեհը չի կարող կուռք լինել, քանի որ նա եղել է կենդանի մարդ՝ իր ճիշտ եւ սխալ արարքներով, մտքերով, եւ պետք չէ ամեն ինչ Նժդեհի շուրջը կերտել»:

Դիտարկմանը՝ հիմա էլ հակառակ ծայրահեղության մեջ չե՞նք ընկնում, պարոն Եսայանը պատասխանեց. «Որպես պատմաբան՝ գնահատական տամ Ղարաքիլիսայի, Սարդարապատի եւ Բաշ-Ապարանի ճակատամարտերի մասին: Ղարաքիլիսայում մենք պարտվել ենք: Ղարաքիլիսան Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմավարական նշանակություն ունեցող միակ ճակատամարտն էր: Այդ ժամանակ Օսմանյան Թուրքիան, Գերմանիան, Ավստրոհունգարիան, Բուլղարիան, Թուրքիան լուրջ խնդիրներ ունեին պատերազմը շարունակելու հարցում, քանի որ ինչպես 2-րդ համաշխարհայինի ժամանակ, այնպես էլ 1-ինի դեպքում ձգտում էին դեպի Բաքու՝ նավթահանքեր: Իհարկե, որպես երկրորդային նպատակ դրվում էր հայության ամբողջական ոչնչացումը, բայց Առաջին համաշխարհային պատերազմի ստրատեգիական պլանը Բաքվի գրավումն էր: Ղարաքիլիսայով թուրքական զորքը ձգտում էր դեպի Բաքու, այնտեղ մենք պարտվեցինք: Դրանով էլ հենց պատճառաբանված է, թե ինչու հունիսին կնքվեց պայմանագիր, որով ընդամենը 11 հազար մետր քառակուսի սահմանվեց Հայաստանը: Մինչդեռ թվում էր, թե Սարդարապատից, Բաշ-Ապարանից հետո մենք պետք է հաղթական պայմանագիր կնքեինք, բայց ստրատեգիական առումով Ղարաքիլիսայի ճակատամարտում մենք պարտվել էինք, թուրքական զորքն անցել էր դեպի ադրբեջանական տարածք: Նժդեհը Ղարաքիլիսայի ճակատամարտում մի զորախմբի հրամանատար էր ընդամենը: Չեմ ուզում Բրեժնեւի եւ Նժդեհի միջեւ զուգահեռ անցկացնել, բայց երբ սկսում են գերագնահատել ինչ-որ մեկին ու ցանկացած հողի կտոր, որին իր ոտքը կպել է, սկսում են համբուրել, դա արդեն ծիծաղելի է դառնում»:

Հետաքրքրվեցինք՝ իսկ ԱԺ նախագահին եւ փոխնախագահներին Սարդարապատի տոնակատարություններին չհրավիրելը ճի՞շտ էր, Բագրատ Եսայանն արձագանքեց. «Իսկապես անթույլատրելի բան է տեղի ունեցել: Որեւէ երկրի, այսպես ասած, քաղաքական իրականության մեջ եւ քաղաքական իշխանությունների գործելակերպի մեջ չի կարող այդպիսի բան լինել, որ Ազգային ժողովի նախագահը, որը համարվում է ՀՀ երեք իշխանության ճյուղերից մեկի գլուխը, այն էլ՝ խորհրդարանական երկրում, չհրավիրվի համապետական միջոցառման»:

Մեր այն դիտարկմանը՝ կարծես թե Դաշնակցությունն էլ լավ ներկայացված չէր, պարոն Եսայանը պատասխանեց. «Ներկայացված էին Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը, նախարարները, ովքեր պիտի լինեին, կային, չգիտեմ՝ կուսակցությունն առանձին հրավիրված եղե՞լ է, թե՞ ոչ»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

01.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930