Լրահոս
Օրվա լրահոսը

«21-րդ դարի պայմաններում ոչ մի կապ չունի՝ Դիլիջանի Հովք գյուղո՞ւմ են նստած, թե՞ Սիլիկոնային հովտում»

Հունիս 02,2018 14:00

Խոշորացված համայնքներում ներդրումներն ինչ խնդիրներ են լուծել

«Աշնանը երբեմն խնդիրներ էին առաջանում. տեխնիկայի բացակայության պատճառով բերքը ձյան տակ էր մնում, բայց այսօր այդ խնդիրը չունենք: Մինչ մեզ մոտ բերքը կհասունանա, մեր կոմբայնները վարձակալությամբ տալիս ենք հարեւան համայնքներին, որից մեր բյուջե գումարներ են գալիս»,- ասում է Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը:

Տաթեւն առաջին փուլում խոշորացված համայնքներից է, այն իր շուրջն է միավորել եւս յոթ գյուղեր` Հարժիս, Շինուհայր, Խոտ, Հալիձոր, Սվարանց, Քաշունի, Տանձատափ: Խոշորացումից հետո համայնքն ունի 7 հազար բնակիչ: Տաթեւին միավորված ամենափոքր համայնքը Քաշունին է` 18 բնակչով: Մինչ խոշորանալն այսքան քիչ թվով բնակիչների համար էլ գյուղն ունեցել է գյուղապետարան, գյուղապետ, հաշվապահ, գրադարանավար, եւ քանի որ Քաշունին սեփական եկամուտներ ընդհանրապես չի ունեցել, 2,5 միլիոն դրամ էլ պետությունից դոտացիա է ստացել:

Համայնքների խոշորացման հիմքը դրվեց 2011-ին, երբ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգը»: Նպատակն այն էր, որպեսզի համայնքի կողմից առավել որակյալ եւ մատչելի ծառայություններ մատուցվեն, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսները` մարդկային, ֆինանսական, հողային, առավել արդյունավետ օգտագործվեն:

Խոշորացման գաղափարը մի շարք համայնքների բնակիչների եւ ղեկավարների կողմից «սրերով» ընդունվեց, կառավարությունն էլ հակադարձեց` բնակիչներն ուզեն-չուզեն` գործընթացն անխուսափելի է: Նախագիծը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` www.e-draft.am-ում, հանրային քննարկման դրվեց, քվեարկածների 74 տոկոսը նախագծին կողմ արտահայտվեց, 26 տոկոսը` դեմ:
Առաջին փուլում խոշորացվող համայնքներին անգամ ներդրումներ խոստացան:
Արդյոք եղա՞ն այդ ներդրումները, համայնքներում ինչպիսի՞ խնդիրներ լուծեցին, խոշորացումն ի՞նչ տվեց՝ «Առավոտի» հարցերին ի պատասխան, Տաթեւի համայնքապետն ասում է` «համայնքներում չլուծված հիմնախնդիրները շատ շատ են», ապա թվարկում` խմելու ջրագիծը վնասված է, ջուրը բնակիչներին գրաֆիկով է տրվում, կոյուղու խնդիր կա, միջհամայնքային ու միջգյուղական ճանապարհներն անբարեկարգ են: Սակայն, ինչպես նա է նշում, ներդրումները ոչ թե վերը թվարկած խնդիրների լուծմանն ուղղվեցին, այլ համայնքի համար տեխնիկայի ձեռք բերմանը:


«Հարցուփորձ արեցինք, թե համայնքն ինչի կարիք ունի: Նախաձեռնող խումբ կազմեցինք, որպեսզի քննարկենք, թե ներդրումներով առաջնահերթ ինչ խնդիրներ պետք է լուծենք: Դոնոր կազմակերպությունների ու ներդրումների ծրագրերը համակարգող մասնագետների հետ եկանք այն եզրակացության, որ համայնքին լավագույն աջակցությունը կլինի տեխնիկայի տեսքով»:

Ներդրումային ծրագրերի արդյունավետությունը, ինչպես պարոն Սիմոնյանն է վկայում, այսօր արդեն շոշափելի է: Բացի այն, որ Տաթեւը հունձը կազմակերպելու, հողը փորելու, ճանապարհը հարթեցնելու եւ համայնքի այլ կարիքների համար ավելորդ ծախսեր չի անում եւ տեխնիկան չի վարձակալում, մի բան էլ իրեն հատկացված տեխնիկայով բյուջե եկամուտներ է բերում: Կոմբայնները վարձակալությամբ տալիս է հարեւան համայնքներին` գոյացած միջոցներով էլ Տաթեւի այս կամ այն խնդիրը լուծում:
Մ. Սիմոնյանն ասում է, որ արդեն մի քանի միլիոն դրամի խնայողություն ունեն:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի համակարգող Դավիթ Ասլանյանի ներկայացմամբ՝ խոշորացված Տաթեւ համայնքին 404 հազար ԱՄՆ դոլար է տրամադրվել: ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից տրամադրված այդ գումարով համայնքը 2 կոմբայն, տրակտոր, ժամանակակից աղբատար մեքենա` 250 աղբամաններով, էքսկավատոր, մեկ ինքնաթափ մեքենա է ձեռք բերել: Տեխնիկայի համար կառուցել է կայանատեղի:

«Մենք կարող էինք Տաթեւի նախնական հայտի սահմաններում 4-5 կիլոմետր ասֆալտ անել, խճապատում, բայց ջուրը գար լվանար տաներ: Դա չէր կարելի անվանել զարգացման ծրագիր, սոցիալական ծրագիր էլ անվանել չէր կարելի: Մենք համայնքին տվել ենք հնարավորություններ զարգանալու, խնայողություններ անելու, սեփական բյուջեն եկամուտներ բերելու: Այսօր Տաթեւում նորմալ աղբահանություն է կատարվում, ժամանակին աղբը լցված էր լանդշաֆտում, եւ աղբահանությունը էքսկավատորով էին անում: Սեզոնին գյուղացիներն օգտվում են կոմբայնների ծառայությունից, համայնքապետարանի բյուջե դրանից գումար է գնում, բացի այդ՝ հարեւան համայնքներին վարձակալությամբ են տալիս: Արդյունքում կատարած այդ 404 հազար դոլար ներդրումը Տաթեւ համայնքին շոշափելի օգուտներ է բերում»: Դ. Ասլանյանի հաշվարկներով՝ համայնքը տարեկան կխնայի 25-30 միլիոն դրամ: Ըստ նրա՝ անկախ նրանից՝ համայնքը խոշորացված է, թե ոչ, պետք է համայնքների զարգացմանը լուրջ ուշադրություն դարձնել, եւ որպեսզի Հայաստանի Հանրապետությունը չլինի քաղաք պետություն. «Մեր գյուղերն այսօր ունեն ահռելի պոտենցիալ, այս ծրագրերի կարեւորությունն այն է, որ գյուղերում մենք ուսումնասիրում ենք նրանց մրցակցային առավելությունները, նախ պարզվում է՝ ամեն մի գյուղ ունի մի հսկայական մրցակցային առավելություն, որի մասին ո՛չ լսել են, ո՛չ խոսել են, ոչ էլ որեւէ մեկին հետաքրքրել է: Հիմա ունենք այդ քարտեզագրված, վեր հանված` ամեն մի գյուղում ինչ մրցակցային առավելություն կա, թող սկսեն այդ մրցակցային առավելություններն իրագործել, եւ կտեսնենք՝ գյուղերը կլինե՞ն այդ թշվառ իրավիճակում, թե՞ միանգամից զարգացման պոտենցիալով»: Դ. Ասլանյանի խոսքով՝ խոշոր հաշվով, այս ամենի գլխավոր նպատակը բիզնեսը համայնք ուղղորդելն է, մարդկանց արտահոսքը համայնքներից դադարեցնելը, համայնքներում այնպիսի ենթակառուցվածքներ ստեղծելը, որոնք կնպաստեն եւ բիզնեսին, եւ ուսուցմանը մարդկանց շրջանառությանը. «Համայնքի խնդիրը չէ բիզնես անել, համայնքը պետք է ստեղծի բիզնեսի համար նպաստավոր պայմաններ: Համայնքները Երեւանից կարեւոր են, համայնքն է մեզ կերակրողը»:
Առաջին փուլի խոշորացված համայնքներից են նաեւ Դիլիջանն ու Թումանյանը:
Դիլիջանում հիմնել են 4 ինժեներական լաբորատորիա: Պարոն Ասլանյանն ասում է` այն երեխաները, որոնք քնից արթնանալով Երեւանի կողմ էին նայում, այժմ չեն էլ ուզում տեղափոխվել Երեւան՝ սովորելու. «Բացի այն, որ իրենց համայնքներում նրանք սկսում են գումար աշխատել, ուրիշի գործատու դառնալ, իրենք էլ ընդունվում են ինչ-որ բուհեր, եւ այդ բուհերից միանգամից 1-ին, 2-րդ կուրսերից սկսում են ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկություններում աշխատանք փնտրել ու գտնել: Հետ են գալիս իրենց գյուղերը: Հասկանում են, որ 21-րդ դարի պայմաններում ոչ մի կապ չունի՝ իրենք Դիլիջանի Հովք գյուղո՞ւմ են նստած, թե՞ Սիլիկոնային հովտում, կարողացողը կարողանում է, անողն անում է, զարգացման տեսլական ունեցողը զարգանում է, իսկ նրանք, որոնք պետք է նախկինի պես նստեն ու լացեն ծակ կտուրի, գրունտային ճանապարհի համար, մնում են այդ նույն վիճակում»:

Դիլիջան համայնքում 1,7 միլիոն դոլարի ներդրում է նախատեսվել: Բացի 15-16 միավոր հզոր տեխնիկայից, մոտ 800 հազար դոլար ուղղվել է գյուղերի լուսավորությունը ժամանակակից ու արդիական դարձնելուն:
Գումարի կեսն արդեն հատկացված է. «Համայնքն իր միջոցներով կարողանում է ահագին աշխատանք կատարել, բայց առավել գնահատում են էներգախնայողության ծրագիրը, եւ եթե լինի ֆինանսավորման մյուս մասը, դա շատ մեծ օգուտ կբերի համայնքին: Նախ` հիմա լուսավորությունը կյանքի որակի կարեւոր ցուցանիշներից մեկն է, երկրորդ` լուսադիոդային ժամանակակից լուսավորության շնորհիվ հաշվարկները ցույց են տվել, որ միայն Դիլիջանում 10 միլիոն դրամի գումար կխնայվի»:

Դիլիջանի շուրջ էլ միավորվել է 7 համայնք` 27 հազար բնակչով: Պարոն Ասլանյանի խոսքով՝ ցանկացած ծառայություն, որը կարելի էր վարձել, համայնքի վրա նստում է երեք անգամ ավելի թանկ, քան նրանք կօգտագործեն իրենց ունեցած հնարավորությունները:
Թումանյան համայնքում ներդրվել է 330 հազար ԱՄՆ դոլար: Յոթ գյուղ միավորած Թումանյանում էլ 5 հազար բնակիչ կա: Այս համայնքում ներդրումները հիմնականում տեխնիկայի տեսքով են:

Բացի առաջին փուլում խոշորացված երեք համայնքներից, եւս 18 համայնքում նախատեսված են ներդրումներ:

ԱՄՆ ՄԶԳ կառավարման ոլորտի մասնագետ Բելլա Մարգարյանը «Առավոտի» հետ զրույցում ասում է` դոնորի կողմից ֆինանսավորվող այս ծրագրի նպատակը չի եղել համայնքների խոշորացումը, խոշորացման գաղափարը կառավարությունն է ներկայացրել. «Մեր տեսակետից խոշորացումն ինքնանպատակ չէ, այլ միայն ապակենտրոնացման ճանապարհին անհրաժեշտ քայլ է, քանի որ հնարավոր է եւ անհրաժեշտ է եղած ռեսուրսները՝ ե՛ւ մարդկային, ե՛ւ ֆինանսական, ե՛ւ վարչական, համախմբել` ավելի արդյունավետ կառավարում իրականացնելու համար: Մենք կարծում ենք, որ պետք է լինեն ուժեղ կայացած համայնքներ, որովհետեւ երկիրն ուժեղ է, եթե ունի ուժեղ համայնք: Երկրորդ` այս ծրագիրը համահունչ է կառավարության համաչափ զարգացման տեսլականին, այսինքն՝ չպետք է ամեն ինչ կենտրոնացվի Երեւան քաղաքում, պետք է համայնքները համաչափ զարգանան, որպեսզի այդ տարբերությունը շտկվի»:
Թե ինչպես են գնահատում ծրագրի արդյունավետությունը, տիկին Մարգարյանն ասում է` կա դրական փորձ, բայց կա նաեւ բացասականը:

Դրականն այն է, որ տրամադրված տեխնիկայով համայնքները հնարավորինս կարող են լինել անկախ, կայացած, բյուջեն համալրել, մատուցել ավելի որակյալ ծառայություններ, կառավարման փորձ ձեռք բերել: Սակայն ըստ Բ. Մարգարյանի՝ կառավարության կողմից չի արվել պատշաճ հանրային իրազեկման եւ կրթության ծրագիր. «Քանի որ սա ինքնանպատակ չէր, այլ նպատակն ապակենտրոնացումն էր, այսինքն` քաղաքականություն, օրենսդրություն եւ այն ամենը, որն այսօր կօգնի համայնքներին հետագայում լինել ավելի ինքնուրույն եւ քիչ կախված պետական բյուջեից: Այս պահին այդ շարժը դեպի ապակենտրոնացման քաղաքականություն համարյա չեմ տեսնում, շատ քիչ է: Դրան կա բացատրություն. նախարարներ փոխեցինք, կառավարություն փոխվեց, դա, իհարկե, դանդաղեցրեց ընթացքը եւ խոչընդոտեց ապակենտրոնացման բարեփոխմանը»:
Ինչ վերաբերում է տեխնիկայի օգտագործմանը, ապա Բելլա Մարգարյանի խոսքով՝ սխալն այն էր, որ բոլոր համայնքները տիպային մոտեցում ցուցաբերեցին, այսինքն՝ եթե մի համայնք որոշակի տեխնիկա առաջարկեց որպես օժանդակություն, անմիջապես մյուս համայնքը նույն բանն ուզեց. «Հետագայում պարզվեց, որ այդ տեխնիկան իր համայնքի համար այդքան էլ հարմար չէր, մեծ է, լեռնային շրջանում չի աշխատում: Թումանյանը լեռնային շրջան է, գյուղերը ցրված են լեռներով մեկ, Դիլիջանը հարթավայր է, այն, ինչը Դիլիջանում աշխատում է, պարտադիր չէ՝ Թումանյանում աշխատի: Այսինքն` տեխնիկական խնդիրներ են առաջացել, որը չի կարող չանդրադառնալ նրանց աշխատանքի վրա: Հիմա արդեն մենք շատ ավելի մանրամասն ենք նայում»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

01.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930