Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ճանաչեց եւ հռչակեց իրավապաշտպան Մարինա Պողոսյանի անմեղությունը

Հունիս 02,2018 13:30

Կեղծ քրեական գործ հարուցելու շարժառիթ են հանդիսացել 2015 թվականի ապրիլից-օգոստոս ամիսներին նրա հեռախոսային խոսակցությունները ռուսական օֆշորային փողերի լվացման մասին:

Մարինա Պողոսյանին լռեցնելու համար դեռեւս 2014թ. մայիսի 1-ին քաղավիացիայի վարչության պետ Հովհաննես Երիցյանի՝ իրավապահներին տված հաղորդման հիման վրա հարուցվել էր մեկ այլ քրեական գործ: Այդ գործը նույնպես տապալվեց, իսկ սուտ մատնության համար որեւէ մեկը պատասխան չտվեց:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում երկու օր առաջ հրապարակվեց Մարինա Պողոսյանի արդարացման դատավճիռը:
Նա մեղադրվում էր Կանադայի քաղաքացի Արփի Մերասի՝ Նալբադյան 50 շենքում գտնվող բնակարանը եւ վաճառքից գոյացած 140 հազար ԱՄՆ դոլարը հափշտակելու համար։ Դատավորը հռչակեց իրավապաշտպանի անմեղությունը եւ վերացրեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չբացակայելու մասին։
Դատարանն առանց քննության թողեց Մարինա Պողոսյանի դեմ ներկայացված 57 մլն դրամի քաղհայցը։ «Առավոտին» Մարինա Պողոսյանն ասել էր, թե տարիներ շարունակ ՀՀ գլխավոր դատախազությունը փորձել է իրեն զսպաշապիկ հագցնել եւ լռեցնել, որպեսզի չբարձրաձայնի ՀՀ-ում կոնկրետ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարների ստվերային շրջանառության եւ փողերի լվացման փաստերի, ինչպես նաեւ այդ ամենի վերաբերյալ իրավապահ մարմինների չեզոք վերաբերմունքի մասին: Ըստ նրա՝ իր նկատմամբ կեղծ քրեական գործ հարուցելու շարժառիթ են հանդիսացել 2015 թվականի ապրիլից-օգոստոս ամիսներին իր հեռախոսային խոսակցությունները ռուսական օֆշորային փողերի լվացման մասին:

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը բաց նամակով դիմել էր անգամ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. «Վերանայեք Ձեր ղեկավարած ոլորտը եւ կոռուպցիայի դեմ պայքարը սկսեք Ձեր իսկ գերատեսչությունից: Պարոն դատախազ, հիշեցնում եմ ՀՀ Ազգային ժողովում Ձեր բոցաշունչ ելույթը եւ խոստումները՝ աշխատելու ի շահ պետության, քաղաքացիների, պայքարելու կոռուպցիայի դեմ եւ քաղաքական կամք դրսեւորելու վերաբերյալ: Արդյոք դատախազների եւ այլ պաշտոնատար անձանց կողմից կատարված առանձնապես խոշոր չափի գումարների ստվերային շրջանառության հետ պայքարը համահունչ չէ՞ Ձեր կամքի դրսեւորմանը եւ արդյոք կոռուպցիայի մասին բարձրաձայնող քաղաքացու կամ իրավապաշտպանի դեմ պայքա՞րն է Ձեր առաքելությունը: ՀՀ դատախազությունը եւ ՀՀ քննչական կոմիտեն ոչ Ձեր, ոչ էլ Ջ. Ֆարխոյանի եւ նմանատիպ այլոց սեփականությունն են, եւ մենք Ձեր տանը տնվորի կարգավիճակում չենք, որպեսզի մեր վերաբերյալ կայացնեք կամայական որոշումներ: Չեմ խնդրում, այլ պահանջում եմ, որ Դուք եւ Ձեր ենթակաները լծվեք կոռուպցիայի դեմ իրական պայքարին եւ Ձեր ջանքն ու եռանդը ուղղեք Ձեզ ի պաշտոնե վստահված լիազորությունների իրացմանը, այլ ոչ թե պայքարի ըմբոստ քաղաքացիների դեմ՝ ակնհայտ ապօրինի, անհիմն քրեական գործեր հարուցելով»:
Այս քրեական գործով Մ. Պողոսյանի վերաբերյալ հաղորդում տված անձի ներկայությունը հետաքննիչը, քննիչը չէր պարզել գործի նախապատրաստման եւ քրեական գործ հարուցելու ժամանակ:

Այդ «հաղորդում հանցագործության մասին»-ը տրվել էր մեկ այլ անձի ստորագրությամբ, ոչ թե Կանադայի բնակչի՝ տարեց կնոջ, որը դատարանում ցուցմունք տալուց հետո Կանադա վերադառնալուց հետո մահացավ:
«Գործի համար միակ էական նշանակություն ունեցող ապացույցը՝ լիազորագրերը, միտումնավոր գողացվել էին, թե հետաքննության ընթացքում, թե նախաքննության ընթացքում եւ առկա չէին եղել քրեական գործում, որը կատարվել է, իհարկե, կանխամտածված՝ իմ կողմից իբրեւ կատարված հանցագործության պատրանք ստեղծելու միտումով»,- ասում էր Մարինան:

Ըստ մեղադրական եզրակացության, ձեռքի տակ ունենալով գույքը, Մ.Պողոսյանը բնակարանը վաճառել է Աիդա Հակոբյանին: Առուվաճառքը տեղի է ունեցել նոտարական վավերացմամբ, իսկ տուժողը տեղի ունեցածի մասին իմացել է մեկ տարի հետո՝ 2015թ. հունիս-հուլիսին: «Տուժողը» դատարանում նաեւ ասել էր, թե Մ. Պողոսյանը բնակարանի եւ նրանում առկա գույքի վաճառքից ստացված գումարը չի վերադարձրել, եւ որ ինքը նրան չի լիազորել, որպեսզի վաճառի բնակարանը, եւ միջնորդեց, որպեսզի դատարանն իրենց ճանաչի հայցվոր, պահանջելով 52 միլիոն 820 հազար դրամի փոխհատուցումը: Չորս հատորանոց գործով յոթ վկա կար:

Մարինե Պողոսյանի պաշտպանությունն իրականացնում էին փաստաբաններ Լիպարիտ Սիմոնյանն ու Նինա Կարապետյանը, իսկ տուժողի՝ Արփի Մերասի ներկայացուցիչն էր փաստաբան Հրանտ Անանյանը: Մեղադրանքը պաշտպանում էր դատախազ Էդգար Պետրոսյանը:

Հիշեցնեմ, որ մի խումբ իրավապաշտպաններ հանդես էին եկել հայտարարությամբ, ի պաշտպանություն Մարինե Պողոսյանի:

«Պետք չէ հատուկ փորձագետ լինել, որպեսզի տարբերակել այդ պատճե հանդիսացող հանցագործության մասին հաղորդում փաստաթղթի ստորագրության եւ քրեական գործում առերեսման ժամանակ տուժող Արփի Մերասի հարցաքննությունների այդ արձանագրությունների տակ ստորագրությունների միջեւ ակնհայտ տարբերությունը: Նույնիսկ մի քանի տեղ տեսա, որ լատինատառ է անունը գրել»,- նշել էր «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Իսկ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցն ասել էր. «Եթե այսօր թույլ տանք այսպիսի խայտառակ գործով անտեղի պատժեն ու հետապնդեն մեզանից որեւիցե մեկին, հետագայում շարունակելու են նման կերպ լռեցնել բոլոր նրանց, ովքեր կբարձրաձայնեն պետական պաշտոնյաների կողմից կատարվող հանցագործությունների մասին»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

01.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930