Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ռուսական «Բյուրեղապակյա դղյակի» համաշխարհային պրեմիերան կկայանա Երեւանում

Հունիս 02,2018 12:45

Հայաստանյան մշակութային կյանքում, այս դեպքում՝ բալետարվեստում, հաճախակի չեն իրադարձությունները: Վերջերս, երբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հայտագրից տեղեկացանք, որ հունիսի 2-ին եւ 3-ին կկայանա «Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացումը, այն ոչ միայն մենք, այլեւ մասնագետները շփոթեցին անվանի խորեոգրաֆ Ջորջ Բալանչինի, Բիզեի երաժշտությամբ դեռեւս 1947թ. հատուկ Գրանդ-օպերայի բալետային խմբի հետ իրականացրած ներկայացման հետ: Օրերս «Առավոտը» ներկա գտնվելով «Բյուրեղապակյա դղյակի» փորձին, բացահայտեց, որ այն Բալանչինի բեմադրությունը չէ, այլ Ալեքսեյ Շորի երաժշտությամբ, Եկատերինա Միրոնովայի սցենարով ու ռեժիսուրայով, Ալեքսանդր Սոմովի խորեոգրաֆիայով նոր ներկայացում: Մեր հանդիսատեսն առաջին անգամ կհանդիպի համաշխարհային բալետի աստղ Իվան Վասիլեւին, ճանաչված բալետի արտիստ Մարիա Վինոգրադովային, Մեծ թատրոնի դեմքեր՝ պրիմա պարուհի Մարիա Ալլաշին, օպերային երգչուհի Աննա Ագլատովային, ճանաչված դերասանուհի Մարիա Գոլուբկինային: Ազգային օպերային թատրոնի դիրիժորական վահանակի մոտ կկանգնի մեր օրերի ճանաչված անուն Պավել Կլինիչեւը: Ներկայացմանը կմասնակցեն Երեւանի պարարվեստի քոլեջի սաներ եւ Արմեն Տիգրանյանի անվան երաշժտական դպրոցի երգչախումբը:

Զրույցի հրավիրեցինք ամուսիններ Եկատերինա Միրոնովային ու Ալեքսանդր Սոմովին եւ նրանց որդուն՝ պրոդյուսեր Ալեքսեյ Սոմովին:

Եկատերինա Միրոնովան ամուսնու՝ Ալեքսանդր Սոմովի (աջից) եւ որդու՝ Ալեքսեյի հետ:

Ալեքսեյ Սոմովը նշեց, որ լսելով «Բյուրեղապակյա դղյակ» անունը, շատերն են շփոթում Բալանչինի բեմադրության հետ, ասաց, որ սա առանձին նախագիծ է, հրավիրված են ոչ միայն Մեծ թատրոնի, այլեւ ճանաչված այլ արվեստագետներ: Միայն կոմպոզիտոր Ալեքսեյ Շորն է ԱՄՆ-ից, որը ծնունդով Ռուսաստանից է: «Ըստ էության Երեւանում կկայանա «Բյուրեղապակյա դղյակի» համաշխարհային պրեմիերան, որը ընդամենը մեկ անգամ՝ 2017թ. ներկայացրել ենք Մալթայում, ինչը, կարելի է ասել, նախապրեմիերային ցուցադրություն էր»,- հայտնեց պրոդյուսերը:

Սցենարի հեղինակին եւ բալետմայստերին խնդրեցինք հակիրճ ներկայացնել փաստորեն դեռեւս աշխարհին անհայտ այս ներկայացման սցենարը: «Շատերին է անհայտ, մանավանդ հանդիսատեսին, որ Ռուսաստանի կայսրուհի Աննա Իոանովնան ռուսական բալետային դպրոցի հիմնադիրն էր եւ նա սիրում էր նվիրատվություններ անել, սիրում էր շրջապատված լինել ծաղրածուներով, կարճ ասած՝ նա նման չի եղել մնացած կայսրուհիներին ու հաճույք է ստացել ոչ ստանդարտ, շատերի համար անսովոր մտահղացումներ իրականացնելուց: Ըստ սցենարի՝ կայսրուհին որոշում է Նեւա գետի վրա ձմռանը կառուցել բյուրեղապակյա դղյակ եւ հենց այնտեղ կազմակերպել ծաղրածու զույգի ամուսնության հանդեսը»,- տեղեկացրեց Եկատերինա Միրոնովան: Հավելեց նաեւ. «Հիացած եմ ձեր մանկական երգչախմբի (խմբավար՝ Ռուբեն Կարասեֆելյան) եւ պարարվեստի քոլեջի աղջիկներով. նրանք շատ արագ եւ ամենակարեւորը՝ պրոֆեսիոնալ «ձուլվեցին» մեր արտիստներին, բեմադրությանը»: Հետաքրքրությանը, թե երեւանյան հյուրախաղը ում մտահղացումն էր, մեր զրուցակիցը հետեւյալ կերպ պատասխանեց. «Կոնստանտին Օրբելյանը լուրջ ֆիգուր է աշխարհում, ավելի կոնկրետ՝ ռուսաստանյան երաժշտարվեստում»:

Հարցին, թե ծանո՞թ են, օրինակ, եվրոպական տարբեր թատրոններում կարիերա անող բալետի հայ արտիստների արվեստին, Ալեքսանդր Սոմովը պատասխանեց. «Ոչ միայն ծանոթ ենք, այլեւ մեր երկրում էլ ենք հաճախ շփվում հայազգի արվեստագետների հետ, օրինակ՝ այս ներկայացման կորդեբալետի արտիստների թվում մոսկվաբնակ, արմատներով հայուհի, հիանալի պարուհի ունենք: Եթե չեմ սխալվում, Մարիա Ալլաշի կամ Աննա Ագլատովայի գեներում էլ է առկա հայկականը: Ընդհանրապես, քանիցս լսել ու շփվել ենք, հիմա էլ՝ ինչ մի քանի օր Երեւանում ենք, կրկին համոզվում ենք, որ հայերը իսկապես տաղանդավոր ժողովուրդ են»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Մարիա Վինոգրադովան
եւ Իվան Վասիլեւը՝ «Բյուրեղապակյա դղյակում» (Մալթա, 2017թ.):

«Առավոտ»

01.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930