Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բեռլինաբնակ տենորը համերգ է նվիրում Երեւանի հիմնադրման 2800-ամյակին

Հունիս 02,2018 12:30

Բեռլինաբնակ տենոր եւ երգահան Մասիս Առաքելյանը հունիսի 10-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կներկայանա մենահամերգով: Արվեստագետն այն նվիրում է Երեւանի հիմնադրման 2800-ամյակին։ «Առավոտի» հետ զրույցում տենորը հայտնեց, որ կներկայացնի Կոմիտասի, Շումանի ստեղծագործությունները, նաեւ որոշ հեղինակային գործեր: Նա անդրադարձավ իր հրատարակած «Կռունկ» ձայնասկավառակին, որտեղ հիմնականում ներառված են Կոմիտասի ստեղծագործությունները, իր մշակումները, հեղինակային գործերը:

Տենորն ասաց, որ երեւանյան համերգին փորձելու է այնպես մատուցել ծրագիրը, որ յուրաքանչյուր ստեղծագործություն ընկալվի իբրեւ նախորդի գեղեցիկ շարունակություն: «Դրանով նաեւ ուզում եմ ցույց տալ, որ յուրաքանչյուր ազգ, ժողովուրդ ամեն ինչ կարող է յուրովի ընկալել ու մատուցել, ու որ երաժշտությունը համամարդկային է, բոլորի համար ընկալելի»,- նշեց մեր զրուցակիցը, որի ստեղծագործական եւ համերգային գործունեությունը միտված է աշխարհում հայ երաժշտության ճանաչմանն ու տարածմանը։ Ասաց, որ իր սիրելի ստեղծագործություններից է Ազնավուրյան La Mama-ն, որն ինքը հայերեն է կատարում: Մասիս Առաքելյանը խոսում է 4 լեզվով, երգում է 7 լեզվով, այդ թվում՝ հայերեն, պարսկերեն, գերմաներեն, իտալերեն, ֆրանսերեն:

Իրանում ծնված եւ Գերմանիայում հաստատված արվեստագետը կարծում է, որ քաղաքակրթական ու արժեքային զուգորդումներն այլ հայացքով ու ընկալումներով են օժտում երաժշտարվեստի մարդկանց: Այս համատեքստում, խոսելով իր սիրված եւ հայտնի ծրագրերից «Կռունկի» մասին, այն որակում է որպես երաժշտական յուրօրինակ ճամփորդություն, որտեղ Արեւելքի եւ Արեւմուտքի մշակույթներն իրենց ճոխությամբ հարստացնում եւ ներդաշնակում են միմյանց։

Մասիս Առաքելյանը համերգներով մշտապես հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում, ներկայացնելով հին եւ ժամանակակից հայկական լիրիկական ստեղծագործությունների մշակումները՝ դասական երգեցողությամբ ու նոր հնչողությամբ։
Երգիչը ծնվել է Սպահանում՝ հայկական ընտանիքում։ Տասնմեկ տարեկանում սկսել է իր եկեղեցական երգեցողության կրթությունը` Մովսես Փանոսեանի մոտ։ Տասներեք տարեկանում արդեն Իրանի մշակույթի նախարարության կողմից կազմակերպված երիտասարդական թատերական մրցույթում ստացել է առաջին մրցանակը։ Մասիս Առաքելյանը ստեղծել եւ ղեկավարել է Բեռլինի հայկական համայնքի երգչախումբն ու նվագախումբը, նա «Մագումա» ջազ խմբի հիմնադիրներից է, ղեկավարում է Բեռլինի կիրակնօրյա հայկական «Գիտելիք» դպրոցի մանկական երգչախումբը։

Մասիս Առաքելյանը խմբագրություն էր եկել Լիլիթ Հակոբյանի հետ, որի հետ միասին են հիմնադրել «Գիտելիքը»: Լիլիթը պատմեց, որ այնտեղ դասավանդվում է հայերեն, երաժշտություն, սակայն մաթեմատիկան անցնում են գերմաներենով: «Միտում կա ներգրավել օտարերկրացիներին հայկական դպրոցի միջավայր, տալու բարձր մակարդակի կրթություն եւ ներկայացնելու մեզ դեպի դուրս: Չենք ցանկանում ինքներս մեր մեջ պարփակվել»,- հայտնեց Լիլիթ Հակոբյանը: Նաեւ ասաց, որ հայերենի հինգ խմբերից մեկի նպատակը հենց օտարազգիներին հայերեն սովորեցնելն է:

Զրույցի ավարտին Մասիս Առաքելյանը բարձրաձայնեց իր մի ցանկության մասին, այն է` Հայաստանի կառավարությունը կարողանա վստահության այնպիսի հարթակ ստեղծել, որպեսզի Սփյուռքի տարբեր ոլորտների ներկայացուցիչները հավատան ու մասնակից լինեն Հայաստանի զորացմանն` իրենց ուժերի ներածի չափով, յուրաքանչյուրը իր նպաստը բերելով:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը տրամադրել է Մասիս Առաքելյանը:

«Առավոտ»

01.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930