Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում բնակվող 97-ամյա բժիշկը նորից խոշոր ներդրում է անում Գյումրիում

Հունիս 01,2018 23:07

Նյու Յորքում բնակվող հայ բժիշկ, մեծ բարերար Հովհաննես Օյունջյանը հերթական ներդրումն է անում Գյումրիում․ նա պատրաստվում է գալ Գյումրի՝ այստեղ ֆիլհարմոնիա կառուցելու նպատակով։

Այս մասին Aravot.am-ի հետ հարցազրույցում տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

«Իրենք մեր ժողգործիքների անսամբլին արդեն իսկ շենք ենք գնել, այս երկու օրը փաստաթղթերը վերջնականապես կձևակերպվեն: Նրանք այնտեղից դուրս կգան, պայմանավորվածություն կա և Մուրադ Մալխասյանի (վերջինս Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի տնօրենն է, Ա․Ն․), և Հովհաննես Օյունջյանի ներկայացուցչի հետ, որ այդ տարածքը տանք, և իրենք ֆիլհարմոնիա սարքեն մեր քաղաքի համար։

Հրաշք մարդ է բժիշկը. նա անդադար ծրագրեր է իրականացնում մեր քաղաքում, այդքան շենքեր սարքեց, հիմա նորից ուզում է սարքել, 97 տարեկան մարդ է, այսպիսի հայասեր, այսպես սիրել Գյումրին․․․», ասաց քաղաքապետը։

Հիշեցնենք, որ «Օյունջյան» բարեգործական հիմնադրամը 20 տարիների ընթացքում շուրջ 7 միլիոնի ներդրում է ունեցել Գյումրիում։ Բժիշկը իր գործունեության ընթացքում կուտակածը ներդրել է հայրենիքի զարգացման համար։ Երկրաշարժից հետո մեծ բարերարը վերակառուցեց փլատակների վերածած թիվ 21 միջնակարգ դպրոցը, այնուհետ կառուցեց «Վարդուհի» արվեստի դպրոցը։

Դպրոց-վարժարանը կրում է ծնողների՝ Արմենակ և Եղիսաբեթ Օյունջյանների անունը, իսկ արվեստի դպրոցն ու արհեստի կենտրոնը՝ քույրերի՝ «Վարդուհի» արվեստի դպրոց և «Աղավնի» արհեստի կենտրոն։

Թուրքիայում ծնված ու ԱՄՆ-ում ապրած բարերարը բազմիցս հայտարարել է, որ ամեն ինչ անում է իր հայրենիքի ու ժողովրդի համար, որպեսզի հայ երեխաները չլքեն երկիրը, չգնան օտար ափեր, ծաղկեցնեն հայրենիքը։

«Աշխարհի ամենեն գեղեցիկ երկիրը մեր Հայաստանն է», – 2017թ․-ի սեպտեմբերին Գյումրի կատարած այցի ժամանակ ասել էր բարերարը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարգելի պարոն Բալասանյան, շատ ողջունելի է, որ բարերար Հովհաննես Օյունջյանը հերթական ներդրումն է անում Գյումրիում: 1989 թվականից մենք մեր գործունեությունն ենք իրականացնում թիթեղյա շինությունում, որը նվեր էր մեկ այլ բարերարի կողմից: Արդեն տևական ժամանակ է, ինչ ընթանում են խոսակցություններ քարաշեն փորձատեղի կառուցելու վերաբերյալ, սակայն առ այսօր դեռևս հստակեցված չէ, թե ինչ միջոցների հաշվին են իրականացվելու վերանորոգման աշխատանքները և քանի դեռ դրանք չեն սկսվել, մենք շարունակելու ենք աշխատել նույն վայրում:
    Հարգանքներով՝ Գյումրու ժող. գործիքների պետական նվագախումբ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930