Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մերսեդեսով» մաքսակետի ուղեփակոցը ջարդելու համար ազատազրկվեց

Հունիս 01,2018 22:25

Երեւան քաղաքի բնակիչ, 1981թ. ծնված Ռոման Կանդիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Վրաստանից ՀՀ իր ներմուծած միրգն ու բանջարեղենը չմաքսազերծելու եւ օրենքով սահմանված մաքսային վճարումները չկատարելու նպատակով, նա 2018թ. փետրվարի 10-ին գտնվելով Բագրատաշենի մաքսակետի տարածքում, մաքսակետի շարժական ուղեփակոցը կոտրելու եւ բեռն անարգելք դուրս հանելու միասնական դիտավորությամբ, այդ օրը ժամը 07.00-ի սահմաններում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով չենթարկվելով ՀՀ ԿԱ ՊԵԿ Բագրատաշենի մաքսակետի մաքսային տեսուչի՝ կանգնելու օրինական պահանջին եւ շարժվելով դեպքի մաքսակետի ելք`հարվածել եւ կոտրել է մաքսակետի շարժական ուղեփակոցը եւ դուրս եկել մաքսակետի տարածքից, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին պատճառելով 925 հազար դրամի վնաս:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (« Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափերի վնաս է պատճառել»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ռ. Կանդիլյանի դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է ապրիլի 18-ին: Նա միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն, հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:

Դատարանը միջնորդությունը բավարարել է: Դատարանը Ռ. Կանդիլյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել, որ նա խոստովանել է մեղքը, անկեղծորեն զղջացել կատարածի համար, նախկինում ոչնչով արատավորված չէ, խնամքին են գտնվում մինչեւ 14 տարեկան երկու երեխաները:

Մայիսի 22-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը վճռել է Ռ. Կանդիլյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ նրան դատապարտել 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930