Այսօր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀԱՕԿ-ը ՄՕԿ-ի հովանու ներքո «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում «Մենք ապագա օլիմպիականներ ենք» նշանաբանով մարզական տոն էր կազմակերպել «Մարզաձեւերի զարգացման հանրապետական համալիր կենտրոնում» (նախկին «Միկա» մարզահամալիր):
Միջոցառմանը ներկա էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ԱԻՆ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանը, անվանի մարզիկներ եւ մարզական գործիչներ:
Դիմելով ներկաներին՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասաց. «Հարգելի ներկաներ, փոքրիկներ, ծնողներ, ուսուցիչներ: Այսօր մենք կրկին հավաքվել ենք նշելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը, որը մենք ամեն տարի անցկացնում ենք «Մենք ապագա օլիմպիականներ ենք» նշանաբանով:
Երեխաներին շնորհավորելու են եկել ամենատարիքավոր օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանից սկսած, մինչեւ օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններն ու մեդալակիրները: Մենք չենք կասկածում, որ այս փոքրիկների մեջ են մեր ապագա օլիմպիական չեմպիոնները: Իմ ցանկությունն է, սիրելի երեխաներ, որ դուք առողջ ու երջանիկ լինեք: Աստված պահապան լինի մեր փոքրիկներին»:
Մրցումների ավարտից հետո մասնակից շուրջ 200 երեխաներին նվերներ բաժանվեցին Գագիկ Ծառուկյանի կողմից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ