Հունիսի 1-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի՝ 14 պետություններից ժամանած մասնակիցներին:
Ողջունելով սփյուռքահայ լրագրողներին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ արտերկրի հայ լրատվամիջոցները մեծ ներդրում ունեն Հայրենիք-Սփյուռք կապերի ապրապնդման գործում: Նախարարը շեշտեց նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը, որոնք լավ հնարավորություն են ընձեռում արտերկրում բնակվող հայրենակիցներին Հայաստանի արտաքին քաղաքականության մասին տեղեկացնելու առումով:
ԱԳՆ ղեկավարը լրագրողներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ նշելով միջազգային օրակարգի խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, մանրամասն անդրադարձ կատարեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ներքաղաքական վերջին զարգացումներին։
Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց լրագրողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին նոր պայմաններում Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը:
ՀՀ ԱԳՆ