Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն իրեն հասանելիք VIP ինքնաթիռը՝ «առաջին բորտը» օրենքով է տվել Արարատ Միրզոյանին, բայց չեն ասում՝ ինչու են ուռճացված ծախս արել

Հունիս 01,2018 20:30

«Առաջին բորտը», որը համարվում է իբրեւ VIP շահագործվող օդանավ եւ նախկինում միմիայն սպասարկել է նախագահներին, քանի որ եղել է նախագահի աշխատակազմի հաշվեկշռում, երեկ ծառայություն է մատուցել Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին:

Պարոն Միրզոյանը VIP ինքնաթիռով մեկնել է Դուշանբե՝ ԱՊՀ երկրների կառավարության ղեկավարների նիստին մասնակցելու։ Նրան են միացել նաեւ կառավարության անդամներ, լրագրողներ:

«701» գրանցման համարով Էյրբաս Ա-319 VIP օդանավը ընդամենը վերջերս՝ 2018-ի մարտի 29-ի կառավարության որոշմամբ է անցել Քաղաքացիական ավիացիայի ծառայությանը, հետեւաբար ո՜չ ՀՀ նախագահին, ո՜չ  էլ վարչապետին այն չի պատկանում: Չնայած, որ նախատեսված է կառավարական չվերթների համար: «Առաջին բորտը» Քաղավիացիային հանձնելու «գործարքը» նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք է կնքվել, սակայն  որոշմանը կից, ինչպես որ այս կամ այն որոշումների դեպքում է լինում, որեւէ հիմնավորում չկա, թե ինչու են այն տալիս Քաղավիացիային:

Ըստ «Հրապարակի», նախագահական ինքնաթիռով այդպիսի այցերը բյուջեի վրա 20 միլիոն դրամի կարգի գումար են արժենում: Չնայած Aravot.am-ի հետ զրույցում քաղավիացիայի ոլորտի մասնագետները 20 միլիոնը փոքր-ինչ ուռճացված թիվ համարեցին՝ նշելով, որ դեպի Դուշանբե նման չվերթը 30-32 հազար դոլարի կարգի գումար է՝ մոտ 15 միլիոն 500 հազարի չափով՝ հատկապես, եթե վառելիքը էժան ձեռք բերվի:

Ինչո՞ւ են կառավարության նոր անդամներն ընտրել VIP ինքնաթիռով գործուղման մեկնելու տարբերակն, այն դեպքում, երբ երկրի կառավարման ղեկը ստանձնելուց  հետո էլ, դրանից առաջ էլ պարբերաբար, իշխանություններին կառավարության ներկայիս անդամները քննադատել են ուռճացված ծախսեր անելու մեջ: Այսօր էլ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն է Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում խոսել նախկին կառավարության անարդարացի եւ անտրամաբանական ծախսերի մասին, մասնավորապես՝ մատնանշելով դիզվառելիքի եւ ծառայողական մեքենաների ծախսը, գործուղումների ծախսերը:

Այս հարցն ուղղեցինք Էդուարդ Աղաջանյանին, որի հեռախոսազանգերին պատասխանեց նրա գործերի կառավարիչը՝ Գեւորգ Աճեմյանը:

Հարցրինք նաեւ, թե առաջին փոխվարչապետի թռիչքը որքան գումար է նստել պետբյուջեի վրա: Պարոն Աճեմյանն ասաց, ինքնաթիռը Արարատ Միրզոյանին տրամադրվել է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում,  որի հոդված 7.6 կետով նախատեսում է, որ վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են` հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ, իսկ սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված է, որ վարչապետի որոշմամբ, սահմանված կարգով դրանց ծառայություններից՝ սպասարկումից կարող են օգտվել նաեւ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Պարոն Աճեմյանն ասաց, որ մյուս հարցերն իր իրավասության շրջանակներում չեն:

Ծախսերի հետ կապված հարցերի պատասխանները, սակայն պարոն Աղաջանյանից այդպես էլ չստացանք՝ մեր հեռախոսազանգերին պարոն Աղաջանյանն այդպես էլ չպատասխանեց:

Լավ է, որ Արարատ Միրզոյանը վարչապետի գիտությամբ ու թույլտվությամբ է օգտվել VIP ինքնաթիռից, սակայն այդպես էլ «մութ» մնաց, թե կառավարությունն ինչո՞ւ է ընտրել ծախսատար ճանապարհը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ara says:

    Ճիշտ հարց եք բարձրացնում… Սակայն ինչ որ չեմ հիշում, որ նախկինում այս հարցին երբևէ անդրադարձած լինեք…

  2. Jean says:

    Իսկ ո՞րն է ոչ ծախսատարը: Չէրէ՞զ Մոսկվա՝ Դուշամբե ու հետդա՞րձ: Մի 20 հոգով: Կարմիր գորգն էլ ուղերթային ինքնաթիռի դիմա՞ց:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930