Հունիսի 1-ի կապակցությամբ այսօր Վանաձորում էր գտնվում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Այցի շրջանակներում նախարարը եղավ Վանաձորի մանկատանը, որտեղ երեխաները կազմակերպել էին տոնական միջոցառում.
«Այս հաստատությունում գտնվող երեխաներն ավելի շատ ունեն մեր հոգածության կարիքը: Ես ուզում եմ համոզվել, որ Երեխաներն անկախ նրանից, թե որտեղ եւ ինչ միջավայրում են գտնվում, համոզված լինեն, որ մեր պետությունն անելու է եւ պարտավոր է անել ամեն բան, որպեսզի իրենք եւ իրենց իրավունքները լինեն պաշտպանված եւ հարգված»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մանե Թանդիլյանը:
Պատասխանելով մանկատների բեռնաթափման մասին Aravot.am-ի հարցին, նախարարն ասաց, որ այդ ուղղությամբ Վանաձորում արդեն իսկ որոշակի աշխատանքներ են կատարվել, որոշակի գործընթացներ էլ՝ երկրում կատարված փոփոխությունների հետ կապված՝ դադարեցվել են: Սակայն, Թանդիլյանը վստահեցնում է, որ այդ աշխատանքները գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո. «Ծրագիրը նպատակ ունի երեխաներին ուղղորդել դեպի ընտանիքներ, եւ ապահովել նրանց մանկությունն ու հասունացումն ընտանիքներում: Ինչո՞ւ, որովհետեւ կարեւոր է, որպեսզի երեխաներն ունենան ընտանեկան խնամք, դրան փոխարինող ոչինչ չկա: Բայց նախեւառաջ պետք է ապահովենք այն պայմանները, որտեղ երեխաները գնալիս կկարողանան ստանալ այն անհրաժեշտը, որ իրեն համար պետք է, եւ իրենց իրավունքների եւ պաշտպանվածության տեսակետից պետք է, որպեսզի իրենք հանգիստ զգան, լավ զգան իրենց ընտանիքներում: Եվ դա ամենեւին չի նշանակում, որ պետությունը վերադարձնելով ընտանիքներ՝ հրաժարվում է նրանց հոգածության խնդիրները հոգալուց: Բնական է, որ ոչ»:
Լրագրողների հետ զրույցում Թանդիլյանն ասաց, որ ոլորտում խնդիրները շատ են: Դրանցից մի քանիսով էլ զբաղվում են իրավապահ մարմինները: Իսկ այն ինչ վերաբերվում է կադրային փոփոխություններին, նախարարը վստահեցրեց, որ նվիրված մասնագետները կշարունակեն աշխատել. «Առաջին իսկ օրից ես մեր նախարարությունում, եւ ընդհանրապես բոլորի հետ շփումներում ասում եմ, որ իրենց այցեքարտը, եւ իրենց աշխատելու նախապայմանը՝ լավ, որակյալ ու նվիրված աշխատանքն է: Որովհետեւ այն ոլորտը, որը որ մենք ենք ներկայացնում, գործ ունի յուրաքանչյուր քաղաքացու հետ, եւ այդ առումով յուրաքանչյուրի վարքը ցույց է տալիս մեր պետության դեմքը: Դա է լինելու իրենց երկարաժամկետ եւ ապահով աշխատելու երաշխիքը, ուրիշ ոչինչ»:
Խոսելով թոշակների եւ նպաստների բարձրացման մասին, Մանե Թանդիլյանն ասաց, որ այդ ուղղությամբ մտածում են: Սակայն այս պահին խոստումներ տալ չի ցանկանում: Ասում է. «Ժամանակը ցույց կտա»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ