«Առաջիկայում ուզում եմ հանդիպում ունենալ «Այբ» դպրոցի աշակերտների և «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած ուսուցիչների հետ»,- հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով Չեխիայում գործող «Օրեր» ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցին: Նախարարը հստակեցրել է, որ խնդիրը ոչ թե «Այբ» դպրոցի գործունեությանն է վերաբերում, այլ «Արարարատյան բակալավրիատ» կրթության գերազանցության ծրագրին, որի իրականացման համար «Այբ» հիմնադրամին պետական բյուջեից խոշոր հատկացումներ են արվել` պայմանավորված ՀՀ նախկին նախագահի կրթության հարցերով խորհրդականի անձով. «2017 թվականին պետական բյուջեից 617 մլն դրամ գումար է հատկացվել «Արարարատյան բակալավրիատ» ծրագրին. արդյունքում ունենք թարգմանված ծրագրեր և վերապատրաստված մոտ 100 ուսուցիչ:
Ծրագիրը նախատեսում էր գերազանցության կենտրոններ հիմնել Հայաստանի ընդամենը 20 դպրոցներում: Սա այն դեպքում, երբ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող Կրթության ազգային ինստիտուտին հատկացվել է 638 մլն դրամ` Հայաստանի բոլոր դպրոցների ուսուցիչներին վերապատրաստելու, ինչպես նաև կրթության ամբողջ ծրագրերի մշակման աշխատանքներն իրականացնելու համար: Այսինքն` 20 դպրոցի և 100 ուսուցչի մասնագիտական կատարելագործման համար հատկացվել է գրեթե նույնքան գումար, որքան շուրջ 1400 դպրոցի և տասնյակ հազարավոր ուսուցիչների: Իմ հակասությունն այս ծրագրի հետ կապված պայմանավորված է եղել այս անհավասար մոտեցմամբ»,- նշել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ հատկացված միջոցների արդյունավետ օգտագործման հարցին կանդրադառնա աուդիտի ուսումնասիրության ավարտից հետո: Միաժամանակ ԿԳ նախարարը շեշտել է, որ «Արարատյան բակալավրիատ» ծրագրով վերապատրաստված մանկավարժների մասնագիտական ներուժն անպայման օգտագործվելու է կրթության զարգացման նպատակով. «Ես պատրաստվում եմ հանդիպել «Այբ» դպրոցի աշակերտների հետ` թյուրընկալումները բացառելու նպատակով»,- շեշտել է նախարարը:
Անդրադառնալով ավագ դպրոցների կրթական ծրագրի արդյունավետությանը և 12-ամյա կրթության համակարգի փոփոխության հնարավորությանը` նախարարը նշել է, որ 12-ամյա կրթության համակարգն արդարացված է, այլ հարց, որ այսօր ավագ դպրոցը չի կատարում իր բովանադակային գործառույթը և չի ապահովում պատշաճ որակ. «Ավագ դպրոցի նպատակը 15-16 տարեկան սովորողների նախամասնագիտական կողմնորոշման ապահովումն ու բուհի ընդունելությանը նախապատրաստելն է: Կրտսեր դպրոցում` 1-4-րդ դասարաններում ունենք բարձր որակի կրթություն, դրանից հետո անկում է սկսվում: Բավարար որակ չունենալու պատճառով կրկնուսույցներից հրաժարվել դեռ չի հաջողվում: Բայց մենք ավագ դպրոցի կրթության որակին լուրջ նշանակություն ենք տալիս և բարեփոխումների մեջ դա առանցքային խնդիր ենք դիտարկում»,- ասել է ԿԳ նախարարը:
Դասական ուղղագրության և Լեզվի պետական տեսչության հետագա գործունեության վերաբերյալ հարցերի առնչությամբ` ԿԳ նախարարը նշել է, որ առաջիկա 1-2 տարիներին հայերենի միասնական ուղղագրության հարցը հրատապ չի համարում. «Որպես նախարար ինձ համար առաջնային խնդիր է օտարագիր, մասնավորապես լատինատառ հայերենի դեմ պայքարը: Մենք պետք է համատեղ ուժերով հասնենք այն բանին, որ հայ մարդը համացանցում գրի գրագետ և հայատառ»,- շեշտել է նա: Ինչ վերաբերում է Լեզվի պետական տեսչության աշխատանքի արդյունավորությանը` նախարարի գնահատմամբ կառույցը մատնված է եղել անգործության և ոչինչ չանելու համար պետական բյուջեից ստացել է տարեկան մոտ 70 մլն դրամ ֆինանսավորում. «Լեզվի տեսչության աշխատանքի լավագույն գնահատականը հայերենի համատարած ոտնահարումն է` սկսած սոցցանցերում ոչ հայատառ գրելուց մինչև օտարալեզու գովազդներ, հեռուստատեսության և այլ լրատվամիջոցների լեզու»,- նշել է նախարարը:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն