Կրթության բնագավառում առկա համագործակցության առաջնահերթությունները քննարկելու նպատակով այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը, որի կազմում էին ՀԲ Հայաստանի գրասենյակի պատասխանատուները` տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է Համաշխարհային բանկի հետ առկա համագործակցությունը և շեշտել ծրագրերի շարունակականության անհրաժեշտության մասին: «Շատ կարևորում եմ Համաշխարհային բանկի պատվիրակության հետ հանդիպումը, քանի որ տեղյակ եմ, որ համագործակցության արդյունքում կրթության ոլորտում ՀԲ-ն բազմաթիվ ծրագրեր է իրականացրել: Նոր կառավարության պայմաններում ակնկալում եմ, որ համագործակցությունը և ստեղծված արդյունքները կլինեն ավելի ինստիտուցիոնալ»,-նշել է Արայիկ Հարությունյանը:
Շնորհավորելով Արայիկ Հարությունյանին՝ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն ներկայացնել է մեր երկրի հետ առաջիկա համագործակցության առաջնահերթությունները: Նրա խոսքով Հայաստանի հետ համագործակցության ընդհանուր ծրագրում կրթության համակարգը թերևս ամենակարևոր բաղադրիչներից մեկն է: Տիկին Բոսութղոն նշել է, որ իրենց նպատակն է պարզել, թե ինչպիսին պետք է լինի Համաշխարհային բանկի աջակցությունը նախակրթարանից մինչև ցկյանս կրթություն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բարձրագույն կրթության ոլորտի հիմնախնդիրները: ԿԳ նախարարը կարևորելով բուհերի ապաքաղաքականացման և համալսարանների ակադեմիական ազատությունների ու անկախության հարցը՝ նշել է, որ լրամշակման կենթարկվի «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որից հետո միայն կներկայացվի խորհրդարան:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության առաջնահերթություններին վերաբերվող մի շարք այլ հարցերի:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն