Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան. «Հայաստանն ու Վրաստանը ժամանակակից եւ արագ զարգացող երկրներ դառնալու մեծ հնարավորություն ունեն»

Հունիս 01,2018 18:45

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը անդրադարձավ հայ-վրացական հարաբերություններում տեղի ունեցող ջերմացմանը:

«Շատ ոգեւորված եմ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցից Վրաստան: Ըստ իս, դա շատ խոստումնալից գործընթաց էր, որովհետեւ մեր երկրները զարգացման բավականին հետաքրքիր ընթացքում են գտնվում: Երկուսն էլ մեծ հավանականություն ունեն՝ դառնալ ժամանակակից եւ արագ զարգացող երկրներ: Եվ եթե Վրաստանը դա ապացուցում էր նախորդ տարիներին, Հայաստանը, մի տեսակ, ճահճացած, լճացած վիճակում էր գտնվում: Հիմա մենք թարմ օդ ենք տեսնում: Հայաստանի եւ Վրաստանի նմանությունն ակնհայտ է դառնում, եւ երկուսով ճանապարհ գնալն ավելի հեշտ է: Ինձ թվում է՝ Նիկոլ Փաշինյանի այցի հիմնական խորհուրդը հենց դա էր:

Հայաստանը պետք է միեւնույն ժամանակ վերլուծի Վրաստանի, ասենք, վերջին 15 տարի զարգացումները եւ խուսափի այն սխալներից ու խոչընդոտներից, որոնք եղել են հարեւան երկրի առջեւ: Վրաստանն էլ կարող է որոշակի դասեր քաղել Հայաստանի վերջին իրադարձություններից: Վերջին օրերին Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների, դժգոհությունների, բախումներ պատճառն ըստ որոշ վերլուծաբանների այն է, որ վերջին տարիներին Վրաստանի իշխանությունները դադարել են զրուցել հասարակության հետ: Կարծում եմ, մեր իշխանությունները, որոնք հակված են խոսել ժողովրդի հետ, դա պետք է հաշվի առնեն, թեեւ գործերը շատ են եւ ժամանակը՝ քիչ:

Հայաստանի եւ Վրաստանի մեջ նմանություններն այնքան շատ են, որ նրանք պետք է միմյանց հետ մշտապես կոնտակտի մեջ լինեն, համատեղ խնդիրները քննարկեն: Իմ կարծիքով, Հայաստան-Վրաստան հարաբերություններում սկսվել է մեր հարաբերություններում խոչընդոտը հաղթահարելու այն գործընթացը, որ կա աշխարհաքաղաքական վեկտորի ընտրության տարբերության մեջ:

Կարծում եմ, հավասարակշռված քաղաքականությունը, որն իրականացնելուն հակված է այսօրվա Հայաստանը, կարող է այդ խոչընդոտն էլ վերացնել, երբ նախկին իշխանությունները հայտարարում էին, բայց երբեք չէին իրականացնում: Նկատի ունեմ տարբեր աշխարհաքաղաքական կառույցներում գտնվելը, որը նույնիսկ կարող է օգտակար լինել համագործակցության համար, մեկի հնարավորությունները նաեւ մյուսի շահերի համար կիրառել:

Մնում է՝ Հայաստանում այն, ինչ սկսվել է, շարունակվի, իսկ Վրաստանում իշխանությունները կարողանան հաղթահարել այսօրվա ջրբաժանը, որ ձեւավորվում է իշխանության եւ ժողովրդի միջեւ», – ասաց բանախոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930