ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հունիսի 1-ին ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին։
Շնորհավորելով նախարարին նշանակման առթիվ՝ դեսպանը վստահություն հայտնեց, որ երկու երկրների միջև ձևավորված գործընկերությունն այսուհետ ևս կշարունակվի և նոր հեռանկարներ կունենա։
Ողջունելով դեսպանին՝ Աշոտ Հակոբյանը կարևորեց ԱՄՆ-ի հետ համագործակցությունը ՀՀ տնտեսության բոլոր ճյուղերում՝ առանձնացնելով հատկապես տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները։
Նախարարը դեսպանին ներկայացրեց Հայաստանում տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» կարևորությունը և կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրերը։ Նա նշեց, որ յուրաքանչյուր երկրի զարգացման հիմքում կարևորվում է լավ ճանապարհներ ունենալու անհրաժեշտությունը և ցանկալի կլինի Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերում ներգրավել նաև ամերիկյան ներդրողներին ու կազմակերպություններին։
Անդրադառնալով ՏՏ ոլորտում երկու երկրների միջև ձևավորված գործակցությանը՝ Աշոտ Հակոբյանը կարևորեց Հայաստանում ամերիկյան խոշոր տեխնոլոգիական այնպիսի ընկերությունների ներկայացվածությունը, ինչպիսիք են «IBM»-ը, «Microsoft»-ը, «National Instruments»-ը։ Նա ընդգծեց, որ ՏՏ ոլորտը մեր երկրում զարգացման մեծ ներուժ ունի և լիահույս է, որ այն առաջիկայում ևս նոր և դրական ցուցանիշներ կգրանցի, համագործակցության նոր հնարավորություններ կստեղծվեն։
Ռիչարդ Միլսն ընդգծեց, որ ԱՄՆ-ն սիրով պատրաստ է աջակցելու նոր կառավարության առաջնահերթություններին՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչն ամերիկյան ներդրողներին հետաքրքրող ոլորտներից է Հայաստանում։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն