Այսօր ԱԺ-ում Aravot.am-ը սփյուռքի նոր նախարար Մխիթար Հայրապետյանին հարցրեց՝ նախկինում ընդդիմությունն ասում էր՝ «որ օրը էս իշխանությունը գնա, Սերժ Սարգսյանը հրաժարական տա, բոլորը հետ են գալու Հայաստան», բայց արդեն մեկ ամիս է՝ դուք իշխանության եք, ո՞ւր են ներգաղթածները, քանի՞ հոգի է եկել:
Նախարարը պատասխանեց. «Կատակում եք միանշանակ, բայց իսկապես շատ-շատ են լուրերն այն մասին, որ բազմաթիվ մեր հայրենակիցներ վերադառնում են: Սա, իհարկե, ողջունելի է, անշուշտ, պոզիտիվ է, բայց երբ մենք խոսում ենք հայրենադարձության մասին, մենք խոսում ենք ինստիտուցիոնալ հայրենադարձության մասին: Մենք խոսում ենք համապատասխան պայմանների ապահովման մասին, ենթակառուցվածքների կառուցման մասին, բազմաթիվ գործոնների: Այո, Սերժ Սարգսյանը գնաց, այո, նոր կառավարություն է ձեւավորվել, բայց դու ոչ մի դեպքում չես կարող հայտարարել հայրենադարձության, մեծ ներգաղթի մասին, եթե դու չունես համապատասխան պայմաններ: Մենք չենք պատրաստվում հիմա ռիսկի գնալ: Երբ մենք վստահ կլինենք, որ հայրենադարձվածը կգա ու կինտեգրվի հասարակությանը, հասարակությունը մեծ ջերմությամբ, գրկաբաց կընդունի նրան, երբ մենք վստահ լինենք, որ կապահովենք աշխատատեղերով, կեցության վայրերով…այսինքն, սա մի ամբողջ ռազմավարական ծրագրերի արդյունքում ձեւավորված ծրագրի շրջանակներում մենք կարող ենք իրագործել»:
Մեր հարցին՝ այսինքն, պիտի պայմաններ ստեղծեք, նո՞ր կանչեք՝ նախարարը չպատասխանեց:
Մխիթար Հայրապետյանն ասաց, որ այժմ նոր կառավարությունն ունի այդ քաղաքական կամքը՝ երկրում հաստատելու օրինականություն, պաշտպանելու բիզնեսի, ներդրողների շահերը, մրցակցային հավասար պայմաններ ապահովելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ