Նախորդ տարիներին եւ ամիսներին բանակում խաղաղ պայմաններում զոհված մի շարք զինծառայողների մայրեր այսօր կառավարության շենքի առաջ էին՝ Պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին տեսնելու ակնկալիքով: Վերջինս, սակայն, այլ մուտքով էր հեռացել, եւ, սեւազգեստ մայրերից Իրինա Ղազարյանի պնդմամբ՝ շենքի ներսում գտնվելիս տեսել էր, որ պաստառներով մայրերն իրեն են սպասում: Ծնողները դժգոհեցին նրա վերաբերմունքից, ապա նախարարին, ինչպես եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պահանջ հղեցին՝ բանակը «մաքրել» այն սպաներից, որոնք բարոյահոգեբանական նվաստացուցիչ մթնոլորտում են պահում զինվորներին:
Արմենուհի Պողոսյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ իր որդին`զինծառայող Լեւոն Թորոսյանը, մահացած է հայտնաբերվել մայիսի սկզբին: Ըստ տիկնոջ՝ քննիչները պնդում են, թե նա ինքնասպան է եղել, սակայն մայրը վստահեցնում է, որ որդուն դաժանաբար սպանել են. «Ամուսինս դիահերձարանում իր աչքով է տեսել, որ մեր տղայի սեռական օրգաններն ամբողջությամբ վնասված են եղել: Ձեռքերի վրա էլ են բռնության հետքեր եղել: Ասում են, թե նա ինքն է գնդացիրով ինքնասպան եղել: Լսո՞ւմ եք՝ գնդացիրով…դա սուտ է, նրան սպանել են»:
Հավելենք, որ քննության տվյալներով՝ Լեւոն Թորոսյանի մահվան գործով օրերս մեղադրանք է առաջադրվել մեկ կրտսեր սերժանտի:
Մանրամասն՝ տեսանյութերում:
https://www.facebook.com/aravot.am/videos/2009600342391804/%C2%A0?_rdc=1&_rdr
https://www.facebook.com/aravot.am/videos/2009614652390373/%C2%A0?_rdc=1&_rdr
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ