Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովն ամփոփեց աշխատանքը

Հունիս 01,2018 17:49

Հունիսի 1-ին Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովն ամփոփեց աշխատանքը «Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները և հայ լրագրությունը» թեմատիկ նիստով, որը վարեցին «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը (Լիբանան), «Ծաղիկ» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Դունայանը, (Լիբանան), «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը (Չեխիա):

«Հայկական օրակարգի խնդիրները հայությանն ու Հայաստանին ուղղված ներկայի մարտահրավերների ու սպառնալիքների լույսի ներքո» թեմայով ելույթ ունեցավ «Լուսավոր Ավետիս» լրատվական կայքի թղթակից Տիգրան Փաշաբեզյանը (Ֆրանսիա): Նա նշեց, որ համահայկական օրակարգն ամբողջացնելու ժամանակն է և առաջարկեց գործի անցնել առանց ավելորդ շտապողականության: Թեմայի շուրջ ծավալված բուռն քննարկման արդյունքում կարևորվեցին ազգային գաղափարախոսության  և արժեհամակարգի մշակման և հստակեցման հետ կապված հարցերը:

«Միաբան» տեղեկատվական պորտալի աշխատակից Յուլիա Գյուլոյանը (Ռուսաստան) ելույթ ունեցավ Մերձավոր Արևելքում և Արևմտյան Հայաստանում բնակվող հայրենակիցների հետ մշակութային կապեր հաստատելու անհրաժեշտության մասին:

«ՀայՏեղեկատվաԿենտրոն» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Արմեն Տեր-Սարգսյանը (Ռուսաստան) իր ելույթում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության, Արցախի, Արեւմտյան Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի եւ Արեւմտյան Հայաստանի հայերի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները Հայկական Հարցի լուծման միջոցով:

Ելույթ ունեցավ նաև «Օրեր» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը (Չեխիա): Նա հանդես եկավ համաժողովի օրերին հնչած ելույթների վերլուծությամբ, նշեց որ համաժողովի ձևաչափն իրեն սպառել է և մի քանի գործնական առաջարկ արեց հետագա համագործակցությունը առավել արդյունավետ շարունակելու համար:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի փոխտնօրեն Պապին Մուրադյանը ներկայացրեց Մայր Աթոռի տեղեկատվական կայքերը:

Ելույթներով և առաջարկներով հանդես եկան նաև Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության փոխնախագահ Գայանե Առաքելյանը, լրագրող Յուրի Կարապետյանը (Ռուսաստան):

Ամփոփելով համաժողովի աշխատանքը՝ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը նշեց, որ համաժողովին մասնակցել է Հայաստանից, Սփյուռքից և Արցախից 100-ից ավելի լրագրող, որոնցից 40-ը գլխավոր խմբագիր: Քննարկվել է 7 թեմա, ելույթ է ունեցել 30 մասնակից, հարակից ելույթներով և առաջարկներով հանդես է եկել 50-ից ավելի լրագրող: Զեկուցողը կարևորեց  կազմակերպական և բովանդակային ձևաչափի մշակումը:

Սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը աշխատանքային խմբի անունից շնորհակալություն հայտնեց համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար և նշեց, որ համաժողովը ևս մեկ հանգրվան հանդիսացավ համահայկական տեղեկատվական հարթակ ստեղծելու ճանապարհին:

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930