Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը բողոքի ցույցերի ժամանակ խելամիտ կերպով խուսափել է արտաքին քաղաքական հարցեր շոշափելուց: Այն բանից հետո, երբ նրա կառավարությունն արդեն ստանձնել է իշխանությունը, ավելի դժվար կլինի, մասնավորապես արցախյան հարցում: Նա ճիշտ է այս հարցում զգուշավոր լինելու համար, գրում է Լոնդոնի Chatham House միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի՝ Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի գիտաշխատող Լորենս Բրոերսը:
Հեղինակի կարծիքով՝ վերջին շրջանում հակամարտող երկու կողմերում էլ էյֆորիայի ալիք է նկատվում՝ Ադրբեջանում քառօրյա պատերազմից, իսկ Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» հետո, երբ մարդիկ սկսեցին հավատալ, որ ամեն ինչ հնարավոր է: Բայց սպասումները պետք է չափավոր լինեն, ընդգծում է Բրոերսը:
Նիկոլ Փաշինյանը մի շարք կարճաժամկետ մարտահրավերների առաջ է կանգնած: Ազգային անվտանգությունն ավանդույթի համաձայն եղել է Հայաստանում լիբերալ ընդդիմության «Աքիլեսյան գարշապարը», հենց այդ պատճառով էլ նա մայիսի 9-ին այցելեց Արցախ:
1990-ական թվականների վերջից հայ-ադրբեջանական բանակցությունների շրջանակը սեղմվել է մի նեղ խմբի սահմաններում՝ ներառելով միայն նախագահներին և արտգործնախարարներին, նկատում է հեղինակը:
«Ղարաբաղյան կլանի վե՞րջ»
Հայաստանի թավշյա հեղափոխությունը Ադրբեջանին դուրս է բերել իր հարմարավետության գոտուց, քանի որ վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանի առաջնորդը Ղարաբաղից չէ: Ադրբեջանական վերլուծության հիմնաքարը երկու տասնյակ տարի եղել է այն փաստը, որ Հայաստանը մի խումբ ղարաբաղցիների իշխանության տակ է եղել:
«Ղարաբաղյան կլանը» հակամարտության մասին վերլուծությունների հիմք դարձավ այն բանից հետո, երբ Ղարաբաղի նախկին առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը 1998թ. դարձավ Հայաստանի նախագահ: Գաղափարը կենսունակ էր նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանի պարագայում՝ որպես «վերջին Մոհիկանի»: Ադրբեջանի արտգործնախարարությունն ապրիլի 24-ին արձագանքեց Սարգսյանի հրաժարականին՝ հայտարարելով, որ Բաքուն անհամբերությամբ սպասում է «խելամիտ ուժերի հետ» բանակցություններին:
«Ղարաբաղյան կլանը» գրավիչ գաղափար է, երբ պետք է պատասխաններ գտնել վերջին 20 տարվա փակուղու համար: Ենթադրվում է, որ կլանի վերացումից հետո բանակցությունները փակուղուց դուրս են գալու: Որքան էլ գայթակղիչ թվա, դա անիրատեսական է:
Ղարաբաղի հայերը, որոնք բնկավում են շփման գծին մոտ, միշտ ավելի կոշտ դիրքորոշում ունեն խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում տարածքային զիջումների հարցում, բայց Հայաստանը ևս հետ չի մնում…Ղարաբաղի վերաբերյալ հանրային կարծիքը հաշվի են առել նույնիսկ ավտորիտար առաջնորդները: Հայաստանում ժողովրդավարական իշխանությունների համար այժմ ավելի դժվար կլինի անտեսել այն:
«Զիջող» և «համալրված» Հայաստանների հաշտեցում
Նիկոլ Փաշինյանի առանցքային երկարաժամկետ մարտահրավերը Հայաստանի վերաբերյալ երկու տարբեր տեսլականների հաշտեցումն է, որոնք գոյություն են ունեցել անկախությունից ի վեր: Առաջինը «զիջող» Հայաստանն է՝ միջազգային ճանաչված պետություն, որը փորձում է ավելի լայն ինտեգրվել աշխարհին և իրականացնել ավելի վաղ տրված ժողովրդավարացման խոստումը: Երկրորդը «համալրված Հայաստանն է», որը ծնվել է Ղարաբաղի հետ միավորման շարժումից և ներառում է ոչ միայն Ղարաբաղը, այլև դրա հարակից տարածքները:
Վերջին 20 տարում առաջինի պաշտոնական քաղաքականությունը զիջել է երկրորդի ոչ պաշտոնական քաղաքականությունը… Հակասությունները կառավարելու ուղղությամբ քայլերից մեկը կլինի այն, որ Ղարաբաղի հայերն իրենք իրենց ներկայացնեն Մինսկի խմբի բանակցություններում, վերջին անգամ նման բան տեղի է ունեցել 1990-ական թվականների կեսերին… Նրանց մասնակցությունը բանակցություններում կարևոր է Նիկոլ Փաշինյանի կամ նրան հաջորդող ցանկացած առաջնորդի համար՝ գծելու համար քաղաքական համայնքի այն սահմանները, որին նրանք վերջին հաշվով հաշվետու են: Վերջին հաշվով դա բխում է նաև Ադրբեջանի շահերից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ