«Թեկնածուների մասին խոսելը վաղ է: Իմ թեկնածությանն աջակցող ակտիվիստներին եւ կազմակերպություններին շնորհակալ եմ, բայց նման խոսակցություններ եւ քննարկումներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում չկան»,-«Մեդիա կենտրոնում» այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՔՊ անդամ, Երեւանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով փաստին, որ վերջերս մի խումբ քաղաքացիներ եւ հ/կ-ներ պահանջում էին, որպեսզի ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխարինի ինքը:
Իսկ թե ինչ խնդիրների ուշադրություն կդարձներ Բաթոյանը, եթե, այնուամենայնիվ, լիներ քաղաքապետ, նա առանձնացրեց Երեւանի կանաչապատումը:
«Միայն ծառատունկերով հնարավոր չէ վիճակը բարելավել: Նաեւ օդի մաքրությանն ուղղված մեծաթիվ միջոցառումներ են անհրաժեշտ, որպեսզի անապատացվող գոտիներն անտառային գոտիների վերածվեն: Դրա համար լուրջ ներդրումներ են պետք: Բակերում ծառեր տնկելով հարցը չի լուծվելու»,-ընդգծեց նա:
Մյուս խնդիրը, Զարուհի Բաթոյանի բնորոշմամբ. հաշմանդամություն ունեցողների տեղաշարժի մատչելիությունն է: Նրա խոսքով՝ վերջին տարիներին հատկապես կենտրոնում թեքահարթակներ են կառուցվել, ինչը չի կարելի ասել ծայրամասերի վերաբերյալ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի