«Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության օրը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Օրրանի» սաներից շատերն արդեն հայրիկներ ու մայրիկներ են դարձել: «Մենք «Օրրանում» թոռնիկներ ունենք, եւ շատ ուրախ եմ, որ իրենք իրենց «Օրրանի» ընտանիքի անդամ են համարում: 1000-ավոր սաներ ենք ունեցել, այժմ նրանց թիվը 300-ն է «Օրրանի» երեւանյան եւ Վանաձորյան մասնաճյուղերը ներառյալ»,-ասաց տիկին Արմինեն:
Նրա եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր տիկնոջ` Նունե Սարգսյանի հետ «Օրրան» էր այցելել:
Նրանք հաճույքով համբուրգեր էին պատրաստում «Օրրանի» փոքրիկների եւ այնտեղ հյուրընկալված երեխաների համար: «Մանկությանս մեջ եւ պայծառ եւ տխուր օրեր եմ ունեցել: Պայծառ օր էր, երբ մեծ մայրս արտասահմանից եկավ մեզ այցելության 1963-ին… Ամենատխուր օրն այն էր, երբ հայրս հեռացավ մեզանից…Մանկությունս սովորական հայ երեխայի մանկություն է եղել: Ես ապրել եմ Դեմիրճյան փողոցի վրա, Կոզեռն թաղամասում, որը կապվում է մեծ փիլիսոփա եւ հոգեւորական Հովհաննես Կոզեռնի անվան հետ»,-ասաց ՀՀ նախագահը:
Նշեց նաեւ, որ զբաղվածության պատճառով, ի տարբերություն տիկնոջ, քիչ ժամանակ է ունենում թոռնիկների հետ շփվելու համար: «Մի բան հստակ է, երբ մեծ հայր ես դառնում, ավելի ես գնահատում, հասկանում փոքր երեխային, քան, երբ ծնող ես»,-ասաց նախագահը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ