Լրահոս
Օրվա լրահոսը

20 տարուց հետո, մենք որպես երկրի ղեկավար ունենք մեկին, որն անմիջականորեն կապվածություն չունի Արցախի հետ. Բորիս Նավասարդյան

Հունիս 01,2018 17:27

Այսօրվա մամուլի ասուլիսում խոսելով ԼՂ հիմնախնդրի եւ դրա հնարավոր զարգացումների մասին՝ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց. «Նախորդ տարիների ընթացքում մենք ունեինք երկրի ղեկավարներ, որոնք իրապես կապված էին ԼՂ հետ՝ աշխատել են այնտեղ, բարձր պաշտոններ զբաղեցրել: Հիմա՝ 20 տարուց հետո, մենք որպես երկրի ղեկավար ունենք մեկին, որն անմիջականորեն կապվածություն չունի Արցախի հետ: Դա համատեքստային փոփոխություն է մտցնում, եւ Հայաստանի ու Արցախի ղեկավարությունների հարաբերությունում որոշակի նոր նրբերանգներ է առաջ բերում: Բայց կարծում եմ՝ լուրջ, խորը բովանդակային փոփոխություններ այստեղ չեն կարող լինել:

Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը եւ շեշտումը, թե Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա բանակցային գործընթացի մաս, կարծում եմ, որակական փոփոխություն չի մտցնում բանակցություններում, քանի որ դա դեռ չի նշանակում, թե այս հայտարարությունից հետո բանակցությունները դադարեցվելու են: Բանակցությունները, կարծում եմ, շարունակվելու են: Որքան էլ հիմնավորված լինի հայտարարությունը, որ դրանք ամբողջական չեն Արցախի ներկայացուցիչների բացակայությամբ, դեռ չի նշանակում, թե դրանք անիմաստ են: Մինչեւ այն հարցերին հասնելը, որ Արցախի ներկայացուցիչների եւ ղեկավարության կարծիքը շատ կարեւոր է կամ ուղղակի անխուսափելի, մի քանի խնդիրներ կան, որոնք կարելի է շարունակել քննարկել երկկողմանի ձեւաչափով եւ գուցե նաեւ արդյունքների հասնել:

Դեռ 2016 թվականից կան երկու կարեւորագույն հարցեր, որոնք համաձայնեցված էին, բայց դեռ լուծում չեն գտել: Դա շփման գծում մշտադիտարկումն է: Այս հարցում բավականին անելիք կա, եւ բանակցությունների ամբողջ ընթացքը պետք է կենտրոնացնել այս խնդրի վրա:

Երկրորդ հարցը, որը նույնպես շատ կարեւոր է, դա առայժմ երկկողմանի հարաբերություններում վստահության մթնոլորտի ստեղծումն է: Մինչեւ վստահություն չլինի, կարծում եմ, որեւէ հարց իր լուծումը չի կարող ստանալ եւ բավականին գործ կա անելու: Այստեղ ես զուտ բանակցային գործընթացի առումով մեծ փոփոխություններ չեմ ակնկալում, որովհետեւ այդ նույն օրակարգը կար նաեւ մինչեւ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը:

Շատ կարեւոր է, թե կպահպանվի՞ արդյոք այսօրվա եղած համեմատական կայունությունը եւ հանգստությունը սահմանում: Կարծում եմ, այստեղ կարեւոր է երրորդ կողմերի եւ առաջին հերթին Ռուսաստանի դիրքորոշումը: Կարծես թե բավականին կառուցողական հարաբերություններ են ձեւավորվում Երեւանի եւ Մոսկվայի միջեւ: Դա խոստանում է Ռուսաստանի դրական դերը, որովհետեւ մենք շատ լավ գիտակցում ենք, որ առանց Ռուսաստանի կողմից հանդուրժող վերաբերմունքի, Ադրբեջանի եւ հայկական կողմերի միջեւ լուրջ ռազմական գործողություններ չեն կարող լինել: Եվ եթե Ռուսաստանն իրոք ուշադրությամբ հետեւում է, թե ինչ է կատարվում Հայաստանում, իսկ դա մենք տեսնում ենք, եւ պաշտոնական մակարդակով չի ցանկանում խանգարել այդ գործընթացներին, նշանակում է, որ Ռուսաստանը շահագրգռված պիտի լինի, որ այս գործընթացները համեմատաբար հանգիստ եւ խաղաղ պայմաններում ընթանան: Եվ պիտի հուսանք, որ Ռուսաստանի այդ վերաբերմունքը շարունակական կլինի եւ դա կապահովի Հայաստանում բոլոր ծրագրերի եւ բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ միջավայր»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930