Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանին։
Նախարար Պապիկյանը, շնորհակալություն հայտնելով նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանին կատարած աշխատանքի և ապահոված տնտեսական ցուցանիշների համար, նշել է, որ նոր մարզպետը պետք է իր առջև խնդիր դնի տնտեսական զարգացման առկա տեմպերը պահպանելու և դրա հետագա աճն ապահովելու ուղղությամբ։
Նախարարն անդրադարձել է մարզի ոռոգման խնդիրներին, համայնքների կողմից ներկայացված և հաստատված սուբվենցիաների ծրագրերին, հարկերի հավաքագրմանը և նշել, որ նոր ձևավորված կառավարությունն ունի անհրաժեշտ քաղաքական կամք առկա խնդիրները հաղթահարելու և ինքնաբավ համայնքներ ունենալու համար։
Նախարարը հաջողություններ և բեղուն գործունեություն է մաղթել նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանին և հույս հայտնել, որ մարզային հաջորդ այցելության ժամանակ արդեն կխոսեն մարզում արձանագրված նոր հաջողությունների և նոր ծրագրերի մասին։
Իր հերթին Գարիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և կառավարությանը բարձր վստահության և պատասխանատու պաշտոնում նշանակելու համար և հավաստիացրել, որ կանեն հնարավոր ամեն ինչ մարզում արձանագրված բարձր ցուցանիշները պահպանելու և ավելացնելու նպատակով։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին