Շիրակի մարզպետ նշանակվելուց մոտ երկու ժամ անց Կարեն Սարուխանյանը եկավ մարզպետարան՝ սկսելով իր աշխատանքային պարտականությունները: Նա նախքան մարզպետարանի աշխատակազմի հետ ծանոթանալը, ընդունեց լրագրողներին՝ պատասխանելով նրանց հարցերին:
Շիրակի նորանշանակ մարզպետն ասաց, որ ինքը մասնագիտությամբ կենսաֆիզիկոս- կենդանաբան է, երկար ժամանակ զբաղվել է մանկավարժությամբ, դասավանդել է քոլեջում՝ կենսաբանություն, բժշկական գենետիկա: Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 3 տարի է՝ զբաղվում է քաղաքականությամբ:
Կարեն Սարուխանյանը ասում է, որ ինքը Գյումրիում ծնված ու մեծացած, Շիրակի մարզի հոգսերին, խնդիրներին, կարիքներին ծանոթ անձ է, եղել է մարզի բոլոր գյուղերում, շփվել գյուղացիների հետ: Շիրակի մարզպետի ասելով, թեև խնդիրները շատ են՝ անօթևանություն, գործազրկություն, սակայն առաջնայինը պետք է լինի աշխատատեղերի ստեղծումը:
«Այն մարդիկ, այն կազմակերպությունները, ընկերությունները, որոնք ցանկանում են թեկուզ մի լումա ներդրում կատարել մեր մարզի համար, մենք պատրաստ ամեն ինչ ունենալու ենք, որպեսզի կարողանան այդ ներդրումն անել: Մենք բոլորի հետ աշխատելու ենք՝ ի օգուտ մեր մարզի, մեր քաղաքացու», -ասաց Կարեն Սարուխանյանը:
Կարեն Սարուխանյանը վստահ է, որ Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում բարձրացել է, հետևաբար և ներդրումների հոսքն ավելի շատ կլինի: «Ստեղծելու ենք այնպիսի մեխանիզմներ, որ ներդրումներ անելու ցանկություն ունեցող ոչ մի մարդու, այսպես ասած, դիլխոր չթողնենք», -ասում է մարզպետը:
Շիրակի մարզպետը նշեց, որ կադրային փոփոխություններ լինելու են, եթե զգա, որ որևէ մեկի հետ չի կարող աշխատել, փոփոխություն կանի: Փոխմարզպետների փոփոխությունը, բնականաբար, կախված է կառավարությունից, իսկ այն վարչության պետերը, որոնցից ժողովուրդը դժգոհ է, կհեռանան աշխատանքից, լավ արդյունք ապահովողները կմնան աշխատանքի: Կարեն Սարուխանյանը կողմ է երիտասարդ կադրերի նշանակմանը, քանի որ նրանք դեռ մաքուր են, անկաշառ:
Նոր մարզպետը նշեց, որ շատ դեպքերում կհրաժարվի նաև ծառայողական մեքենայից, կերթևեկի իր սեփական մեքենայով, ծառայողական մեքենայից կօգտվի միայն մարզի հեռավոր տեղանքներ գնալիս, քանի որ իր մեքենան չի կարողանա այդ վատ ճանապարհները հաղթահարել:
Aravot.am-ի այն հարցին, թե կոռուպցիայի դեմ պայքարը որ բնագավառից կսկսի, մարզպետն ասաց՝ դպրոցներից: Նա աշխատել է այդ բնագավառում և շատ լավ գիտի՝ ինչ է կատարվում: Նրա բնութագրմամբ, ճիշտ է ՝ շիրակցիները աչքի են ընկնում բարձր մտավոր ունակություններով. մայրաքաղաքի բուհերում նրանք փայլում են, սակայն կրթական ոլորտում կոռուպցիան շատ է:
Ըստ նրա, իրենք ամեն ինչ անելու են կոռուպցիան վերացնելու համար, և այն մարդիկ, որոնք աշխատելու են հին մեթոդներով, հին սկզբունքներով, նրանք միանշանակ չեն աշխատելու:
Ի դեպ, Շիրակի մարզպետը շեշտեց, որ իրենք ամեն ինչ անելու են կրթական ոլորտը, դպրոցներն ապակուսակցականացնելու համար:
«Մեզ՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների, պետք չէ մարդկանց դարձնել կուսակցական, այն մարդիկ, որ Հանրապետական չեն, այսպես, թե այնպես մերոնք են, այսպես ասեմ, ես պարզ եմ ասում: Որ դառնան մեր կուսակցության անդամը, մենք նման քայլի չենք գնա»,-ասաց նորանշանակ մարզպետը:
Ի դեպ, մարզպետի կաբինետից դուրս գալուց հետո, տեսանք, որ արդեն փակցվել է նրա անուն-ազգանունով ցուցանակը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Էս դպրոցներն էլ ոնց որ որբի գլուխ լինեն, ով գալիս է առաջինը փորձում է ինքնահաստատվել դրանց վրա:
Բարով կառավարես։ Ուրախ եմ ի սրտե
Էդ որ ասում ես դպրոցներից ենք սկսելու,երևի ի նկատի ունեիր Մելիքյան Լուսինեից։))