Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Խաչատրյան. «Ոսկե ծիրանի» հոբելյանը պետք է ավելի լավ անել, ավելի ֆինանսավորված»

Հունիս 01,2018 17:09

Հունիսի 1-ին մշակույթի նախարարությունում կայացավ հոբելյանական 15-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մեկնարկի մասին ազդարարող ասուլիսը: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ասաց, որ այս ամառն ավելի հետաքրքիր է լինելու, քանի որ հուլիսի 8-ից «Արամ Խաչատրյան» համերգասրահում կբացվի փառատոնը եւ 8 օր շարունակ կինոփառատոնին երկրպագուները հետաքրքիր ֆիլմեր կդիտեն ու կինոաշխարհի հանրահայտ հյուրերի կտեսնեն Հայաստանում:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանն կես կատակ-կես լուրջ ասաց, որ ասուլիսին եկել էր բողոքելու, «դարդլամիշ լինելու», սակայն նրա խոսքերով նախարարն այնքան պայծառ սկսեց ամեն ինչ, որ ինքը տեղի տվեց: Նաեւ շեշտեց, որ «Ոսկե ծիրանին» հյուրերի ներկայացվածությունը բացառիկ է, օսկարակիրներ են, այսօրվա կինոյի մեծագույնները, ու նրանց ներկայությունը պատիվ է ցանկացած փառատոնի համար: «Մեծ հետաքրքրություն կա «Ոսկե ծիրանի» վերաբերյալ, մարդիկ, որ ժամանակին մեզ հետ են սկսել, ու գիտեն, որ մեր հոբելյանն է, ցանկություն են հայտնել ներկա լինել մեր հոբելյանին, որը պետք է ավելի լավ անել, ավելի ֆինանսավորված»,-ասաց պարոն Խաչատրյանը:

Մանրամասները`  տեսանյությում:

Փառատոնի հիմնադիրներից Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ խաղարկային ժյուրին այս տարի կնախագահի կրկնակի օսկարակիր, Կաննի կինոփառատոնի մրցանակակիր Ասղար Ֆարհադին (Իրան), Եվրոպական կինոշուկայի նախագահ Բեկի Պրոբսթը (Գերմանիա), ռուս ռեժիսոր Բորիս Խլեբնիկովը, Ֆրանսահայ կինոռեժիսոր Վալերի Մասադյանը եւ ճանաչված կինոօպերատոր Լերի Սմիթը(Միացյալ թագավորություն:

«Փառատոնի մակարդակը երկու հանգամանք է ապահովում` ծրագրերի մակարդակը եւ հրավիրված ժյուրին»,-շեշտեց պարոն Ստամբոլցյանը: Հավելեց, որ այդ առումով այս տարի կարող ենք հպարտանալ: Ինչ վերաբերվում է կնախագահի կրկնակի օսկարակիր, Կաննի կինոփառատոնի մրցանակակիր Ասղար Ֆարհադիին, պարոն Ստամբոլցյանը նշեց, որ նրա մի օսկարակիր ֆիլմը «Ոսկե ծիրանի» գլխավոր մրցանակն էր շահել ժամանակին: Նշեց, որ Կաննի կինոփառատոնի բացման ֆիլմը` «Բոլորը գիտեն», որի ռեժիսորը դարձյալ Ֆարհադիին է, նույնպես կցուցադրվի «Ոսկե ծիրանում»:

Մանրամասները` տեսանյութում:

 Փառատոնի մյուս հիմնադիր, գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը ներկայացրեց հոբելյանական «Ոսկե ծիրանի» ուղերձները, դրանցից 15-րդտ կոչվում է «Բացահայտումների 15 տարի», իսկ առաջինը` «Միասնության 15 տարի»:

Տիկին Հարությունյանը նշեց, որ դիմել են կառավարությանը, որպեսզի այս անգամ հայկական ֆիլմերի համար նախատեսված գումարը տրամադրվի նախագծերին եւ խրախուսվեն դրանցից լավագույնները:

Մանրամասները` տեսանյութում:

Վիվա Սել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ ուրախ է 2006-ից լինել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կողքին, քանի որ կարեւորում է փառատոնի դաստիարակչական, կրթական, մշակութային եւ այլ առաքելությունները:

Հարություն Խաչատրյանն էլ հիշեցրեց, որ «Ոսկե ծիրանի» շնորհիվ Հայաստանը բազմիցս հայտնվել է միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, որտեղ Հայաստանը ներկայացվել է դրական համատեքստում: Դրանցից մեկն էլ Եվրանյուզն է, որտեղ կինոռեժիսորի խոսքով, 10-15 վայրկյանն արժի 50000 եվրո, բայց փառատոնի միջոցով անդրադարձ է արվել մեր երկրին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930