2015թ. Նորք Մարաշում վնասազերծված «զինված խմբի» գործով հերթական դատական նիստն այսօր լարված մթնոլորտում է անցնում: Հիշեցնենք, որ խմբի անդամները մեղադրվում են հանցավոր գործակցություն ձեւավորելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու-փոխադրելու, իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար: Մասնավորապես, ըստ գործի նյութերի, նրանք նախատեսել էին խոցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը: Այսօր ամբաստանյալների պաշտպանները ներկայացրին նրանց խափանման միջոց կալանքը փոխելու, ասել է թե՝ ազատ արձակելու միջնորդություն, որի դեմ առարկեցին մեղադրող-դատախազները: Ամբաստանյալ Էդուարդ Ներսիսյանի դեպքում, օրինակ, նշեցին, որ չկա առողջական վիճակի վատթարացումը փաստող բժշկական փորձաքննությունների փաստաթուղթ: Պաշտպանները նկատառման հետ չհամաձայնեցին:
«Վեց ամսից ավելի՝ սպասում ենք փորձագիտական հետազոտության կայացմանը, սակայն ապարդյուն: Ամբաստանյալի առողջական վիճակը վատթարանում է: Պետք չէ կառչել այդ փորձաքննության եզրակացությունից: «Հաց բերող» Արթուր Սարգսյանի դեպքում էլ բոլորիս էր հայտնի, թե որքան վատ վիճակում է նա գտնվում»,-ընդգծեց ամբաստանյալների պաշտպաններից Ինեսա Պետրոսյանը: Ինչ վերաբերում է դատախազների այն պնդմանը, թե ամբաստանյալներին կալանքի տակ պահելու հիմքերը պահպանվում են, պաշտպաններից Հովիկ Արսենյանը նշեց. «Եթե կա զենք-զինամթերքի խնդիր, պատասխանատվության ենթարկեք, բայց որ ասում եք՝ իշխանությունը զավթելու փորձ, դա հասկանալի չէ: Ախր հեղափոխություն է տեղի ունեցել»:
Դատավոր Արմեն Բեկթաշյանը հորդորեց ըստ գործում եղած ապացույցների խոսել, ինչը զայրացրեց Արսենյանին: Նա պնդեց՝ դատավորը պետք է հաշվի առնի, որ երկրում քաղաքական իրավիճակ է փոխվել: Ամբաստանյալներից Վլադիմիր Առաքելյանն էլ, որը «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետերն է եղել, զայրացավ դատախազների պնդումներից: Մյուս ամբաստանյալները նրան հորդորեցին չբորբոքվել, սակայն նա բղավեց. «Մի փակեք բերանս, արա՜»,-ապա դիմեց դատախազներին,-«Հաշվի առե՞լ եք դրդապատճառը, թե ինչու ենք մենք այստեղ: Հաշվի առե՞լ եք, թե ով է այդ դրդապատճառը»:
Հետո ելույթ ունեցավ ամբաստանյալներից Արթուր Վարդանյանը, որն ըստ գործի նյութերի, «զինված խմբի» ղեկավարն է: Նա համոզմունք հայտնեց, որ հայաստանյան վերջին իրադարձությունների արդյունքում տեղի ունեցավ իշխանության ազատագրում, նոր քաղաքական իրավիճակ ստեղծվեց: «Դատարանը պետք է հաշվի առնի դա: Երբ հարյուր-հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց ու ասում, որ իշխանությունը բռնազավթված է, ձեր մեղադրանքն էլ ուժ չունի: Նախորդ իշխանությունը լեգիտիմ չի եղել, հետեւաբար՝ լեգիտիմ չէ նաեւ նրա ներկայացրած մեղադրանքը: Եթե դուք դա չեք փաստում, նշանակում է, որ դատական համակարգը դեռ կախվածության մեջ է նախորդ իշխանություններից…Ինձ մեղադրում եք զենք կրելու մեջ. այդ զենքն իմն է, ես դա չեմ ժխտել, նաեւ ասել եմ, թե ինչու եմ այդ զենքը գնել: Մինչդեռ դուք այսօր այդ փաստն այնպես եք ներկայացնում, ինչպես ձեռնտու էր նախորդ իշխանությանը: Կրկնում եմ՝ այստեղ հանցագործներ չկան»,-դիմելով պետական-մեղադրողներին՝ պնդեց նա:
Դատավոր Արմեն Բեկթաշյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ամբաստանյալների խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդության առնչությամբ որոշում կայացնելու:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ