Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արտուշ Գաբրիելյանն ուրախանում էր, երբ որոշում էր կարդում «Սասնա ծռերի» անդամի խափանման միջոցը վերացնել, գրավ կիրառել». Տիգրան Հայրապետյան

Հունիս 01,2018 16:59

«Ամենայն հավանականությամբ Վճռաբեկ դատարանի կողմից «Սասնա ծռերի» գործով դատարանների վրա ճնշում կա»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ահազանգեց «Սասնա ծռերի» գործով  փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Ըստ նրա՝ աննորմալ երևույթ է այն, որ ոստիկանական պաշտոնյան չի ենթարկվում դատարանի որոշմանը և բանտարկյալներին չի բերում նիստերի դահլիճ. «Երեկ չէ առաջին օրը Ժիրայր Սեֆիլյանի գործով ոստիկանական ինչ-որ պաշտոնյա գրություն էր ուղարկել երկու պատասխանից, որ տեխնիկական միջոցների ոչ բավարար լինելու հետ կապված՝ կարելի է ենթադրել մեքենաների բացակայության հետ կապված, նրանք չեն բերվել դատարան: Անհեթեթ պատճառաբանություն է, և նման պատճառով չի կարելի կալանավորված անձանց դատարան չներկայացնել»:

Ըստ Տիգրան Հայրապետյանի՝ Վճռաբեկ դատարանի կողմից կա ճնշում դատարանների վրա. «Դատավորներն ու մեղադրող դատախազները նույն դիրքորոշումն են ներկայացնում, որ ըստ էության նշանակում է, որ ՀՀ-ում որևէ բան չի փոխվել, քանի որ դատարանները նախկինում արդեն կալանքի որոշումներ են կայացրել, որոնց հիմքերը չեն վերացել, և այս հիմքով դատարանները նշում են՝ որևէ բան չի փոխվել»:

Պարոն Հայրապետյանը ԱԱԾ ուշադրությունը հրավիրեց այս փաստի վրա:

Նա օրինակ բերեց Գևորգ Սաֆարյանի գործը. «Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել աննշան արարքի համար: Նա մեկ անգամ Ազատության հրապարակում ելույթ է ունեցել: Մեկ ամիս առաջ ամբողջ հայ ժողովուրդը շատ ավելի վառ գույներով իրականացրեց այն, ինչ ենթադրվում էր, որ արել է Գևորգը: Ժողովրդական ընդվզման օրերին շատերի դեմ քրեական գործեր հարուցվեցին, դատարանները կալանքի որոշումներ կայացրեցին, բայց դատախազներն այդ որոշումները փոխվեցին նույն արարքի համար: Բայց Գևորգ Սաֆարյանի նույն արարքի համար չորս տարի ազատազրկում են տվել: Նա հիմա կալանքի տակ է իր ելույթի համար: Ակնհայտ է, որ նրա խափանման միջոցը օր առաջ պիտի փոխվի: Սա հանրության պահանջն է, ինչո՞ւ չի փոխվում. հետաքրքիր է»:

Դառնալով դատավոր Արտուշ Գաբրիելյանի պահվածքին՝ փաստաբանն ասաց. «Արտուշ Գաբրիելյանն ուրախանում էր, երբ որոշում էր կարդում խափանման միջոցը վերացնել, գրավ կիրառել: Ասում էին այս ինչ լավ դատավոր է, մինչդեռ առաջին անգամ էին նրան գովում»:

«Սասնա ծռերի» գործով  փաստաբան Արայիկ Պապիկյանը վստահեցրեց՝ այս փաստն ինքնին վկայում է  դատարանների կախվածության մասին. «Այդ նույն դատավորը շուրջ երկու տարի մշտապես այդ անձանց նկատմամբ կալանքը վերացնելու միջնորդությունը մերժել է: Սա ինքնին ցույց է տալիս, որ դատավորը մինչև հեղափոխական տրամադրությունները քաղաքական պատվեր է կատարել: Այն փաստը, որ դատավորը, որն արդարադատության տանը նստած ծառայում է մեզ՝ բոլորիս, մեկ տարի առաջ այդ արդարադատությանը դիտել է մի ակնոցով, հեղափոխությունից հետո՝ այլ»:

Ըստ փաստաբանի՝ ՀՀ օրենսդրությունն ունի ավելի քան բավարար հնարավորություններ և գործիքակազմ քաղբանտարկյալների խնդիրը լուծելու համար. «Պարզապես իրավասու անձինք պետք է այդ գործիքակազմը կիրառեին, և խնդիրը կլուծվեր: Դա պիտի կիրառի գլխավոր դատախազը, դատավորը, քննչական մարմինը: Այս քառասուն օրերի ընթացքում թեև շատ կարևոր, բայց մի քանի լուծումներ են տվել՝ մասնակի վերականգնելով արդարադատությունը: Այս տեմպերը պահպանելու դեպքում քաղբանտարկյալների հետ կապված խնդիրը հանրության շրջանում արդարացիորեն պետք է պահի լարված մթնոլորտը»:

Ըստ Արայիկ Պապիկյանի՝ ցանկացած հեղափոխությունից հետո դասագրքային կանոններով հաջորդ առաջնահերթ քայլը քաղբանտարկյալների՝ անհապաղ ազատ արձակման խնդիրն է: Մինչդեռ նա փաստեց. «Այսօր քառասուն օր ունենք անսերժ Հայաստան, բայց ունենք տասնյակ քաղբանտարկյալներ, որոնք հետապնդվել են այն իշխանության կողմից, որի դեմ հեղափոխությունը դրական արդյունք է արձանագրել: Մենք ձերբազատվել ենք ժողովրդի իշխանությունը զավթած անձանցից, սակայն նրանց կողմից հետապնդվող քաղբանտարկյալները դեռ շարունակում են մնալ բանտերում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930