Ի պատասխան «Նժդեհը 18 թվին ո՞ւր է եղել, հը՞, էդ մոռացե՞լ են Նժդեհին, բա մեր սիրելի վարչապետը չգիտի՞». Շարմազանովը՝ Փաշինյանին» հոդվածին
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ պրն Է. Շարմազանովը իր գիտական հետաքրքրությունների շրջանակներում զբաղվել է Գարեգին Նժդեհին առնչվող որոշ հարցերի քննությամբ (ատենախոսության թեմա՝ «Գարեգին Նժդեհի մանկավարժական հայացքները», մենագրություն՝ «Գարեգին Նժդեհը եւ ռազմական մանկավարժության հիմնահարցերը»), քաջածանոթ է նրա գործունեությանը, այնուամենայնիվ, պետք է նշենք, որ Վարչապետ պրն Ն. Փաշինյանին ուղղված հարցադրումներն ու դրանց արտահայտման ձեւն այնքան էլ տեղին չէր:
Հարցազրույցից մեջբերում ենք. «Գարեգին Նժդեհը 18 թվին ո՞ւր է եղել, հը՞, էդ մոռացե՞լ են Նժդեհին, բա մեր սիրելի վարչապետը չգիտի՞», «… 100-ամյակին Նժդեհի անունը չտալ, որ եղել է Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսը …», «… Ո՞ւր էր Նժդեհը, Արամ Մանուկյանի ու Դրոյի կողքը այդ օրը պետք է լիներ Գարեգին Տեր-Հարությունյանը, նույն ինքը՝ մեծն հերոս Նժդեհը», «Նժդեհն ավելի մեծ է, քան ՀՀԿ-ն կամ այլ կուսակցություն, Նժդեհը վերկուսակցական, համազգային հերոս է»:
Երեւի ամենահարմար ժամանակն է գրելու եւ հիշեցնելու նախկին իշխանավորներին՝ ՀՀԿ անդամներին Աստվածաշնչյան «Մի՛ դատիր, որ չդատվես» արտահայտությունը, կամ ժողովրդական «Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում» ասացվածքը:
Այս կուսակցականների շուրթերից հաճախ է հնչում հայ քաղաքական եւ ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի անունը (ում անվան հետ է կապված նաեւ նախորդ դարի 1919-1921 թթ. ընթացող Զանգեզուրի գոյամարտը), իրենց համարելով նրա գաղափարների ժառանգորդն ու կրողը: Սակայն, ժամանակի հետ, ճակատագրի հեգնանքով, Գ. Նժդեհի հանրապետական գաղափարակիրների կառավարման ժամանակաշրջանում, պետության առաջին դեմքերի՝ ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքերում զետեղված էր Հայաստանի Հանրապետության տարածքների մասին «չափազանց կարեւոր մի տեղեկատվություն», որի համաձայն. ՀՀ տարածքների արեւելյան սահմանն էր հանդիսանում արեւելյան երկայնության 46 աստիճան 00 րոպե միջօրեականը: Եթե դիմենք քարտեզի օգնությանը, ապա պարզ կդառնա, որ սույն միջօրեականն անցնում է ՀՀ տարածքի Սյունիքի մարզով, իրենից արեւելք թողնելով մարզի տարածքի մեծ մասը: Այսինքն, գրվածի համաձայն, Սյունիքի մարզի մեծ մասը ՀՀ-ի տարածքը չէ: Հարց է առաջանում, իսկ այդ դեպքում ու՞մ տարածքն է: Վստահ եմ, որ Գ. Նժդեհն մղձավանջային երազներում անգամ դեպքերի նման զարգացում չէր կարող տեսնել, այն էլ, որ այն իրականություն դառնար, այսպես կոչված իր գաղափարակիրների իշխանավարման օրոք: Հիմա շատ տեղին է պրն Է. Շարմազանովին եւ իր կուսակիցներին նույն ոճով հարց տալը «Գարեգին Նժդեհը 19-21 թթ. ո՞ւր է եղել, հը՞, էդ մոռացե՞լ եք Նժդեհին, բա Զանգեզուրի, Լեռնահայաստանի մասին չեք լսել, էս ի՞նչ եք անում»:
Ի՞նչ էր սա, ինչպիսի՞ որակավորում կարելի էր տալ նման երեւույթին, կամ ինչի՞ արդյունք էր այս ամենը՝ սադրանքի, պատասխանատու իշխանավորների տկարամտության, անտեղյակության, անփութության թե՞ մեկ այլ …ության: Երեւույթը բնորոշելու համար հնարավոր չէ բառեր գտնել: Շատ դժվար է, խելամտության սահմաններում, բացատրություն տալ պետության առաջին դեմքերի պաշտոնական կայքերում տեղ գտած այս «տեղեկատվության» հայտնվելու փաստի վերաբերյալ, մեր դեպքում, կարելի է միայն ենթադրություններ անել:
Փաստորեն, մեր պետության ղեկավարների՝ նախագահի եւ վարչապետի կայքերում կար «ինֆորմացիա», որը համընկնում է, օրինակ, վերջերս Ալիեւի հնչեցրած նկրտումներին: Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարին «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում Ի. Ալիեւը հնչեցրել է հայտարարություն, որ Երեւանը եւ Զանգեզուրը «մեր պատմական տարածքներն են», «ադրբեջանցիներին պետք է վերադարձնենք այդ հողերը» եւ «դա մեր ռազմավարական նպատակն է, որին մենք պետք է աստիճանաբար մոտենանք»:
Պետք չէր մեծ երեւակայություն ունենալ, որպեսզի պատկերացնենք, թե ինչ կլիներ, եթե այդ «տեղեկատվությունը» դառնար թուրք-ադրբեջանական մամուլի ու պատկան մարմինների սեփականությունը:
Փորձեցի շատ արագ միջոցներ ձեռնարկել, վայրկյան առաջ, այդ կայքերում ճշգրտում իրականացնելու ուղղությամբ: Հանդիպեցի Նախագահի մամուլի քարտուղարի հետ, ցուցադրեցի նյութը եւ հորդորեցի այդ «տեղեկատվությունից» արագ ազատվել: Իսկ կառավարությունում, մինչեւ անգամ մամուլով իմ բարձրաձայնած քննադատությունից հետո էլ, այդ խայտառակ ձևակերպումը իր լուծումը չստացավ (տե՛ս կառավարության պաշտոնական կայքի նկարը, հասանելի էր, 01.06.2018թ.): Միայն, ԵՊՀ ղեկավարության միջնորդությունից հետո հնարավոր դարձավ, վերջապես, ազատվել այդ տխրահռչակ «թվից»:
Ավելին ասեմ, ՀՀԿ իշխանավարման տարիներին ՀՀ տարածքներից «հրաժարվելու» մեկ ուրիշ օրինակ կարող էինք տեսնել ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կայքում: Գլխավոր էջի վրա ՀՀ քարտեզն էր, որտեղ, չգիտես ինչու, նշված չէր ՀՀ Գեղարքունիքի մարզին պատկանող Արծվաշեն բնակավայրն իր հարակից տարածքներով (տե՛ս նույն տեղում, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կայքի նկարը):
Բայց չէ՞ որ այս կոմիտեն ոլորտի՝ չափագրության եւ քարտեզագրման պատասխանատուն էր:
Հիմա նորից ցանկանում եմ հարցս, նույն ոճով ուղղել պրն Է. Շարմազանովին եւ իր կուսակիցներին «Բա դուք մտքից հանել եք, որ Արծվաշենը ՀՀ տարածք է, հը՞, էդ մոռացե՞լ եք հերոս ինքնապաշտպաններին եւ նահատակներին, բա մեր սիրելի իշխանավորները չգիտեի՞ն էդ մասին»:
Կայքի նույն էջի վրա ներկայացված էր «ՀՀ Ազգային ատլաս»-ի Ա մասը: Հայաստանի Հանրապետության Ազգային ատլասի հրատարակման կապակցությամբ հնչում էին նման գնահատականներ. «Հայաստանի ազգային ատլասը մեր ազգային հարստությունն է», «Դրա դերը դժվար է գերագնահատել մեր հանրապետության համար», «խիստ արդիական», «քաղաքական նշանակություն ունեցող հարց»…
Իսկ ոլորտի պատասխանատուն հնչեցնում էր. «Մենք ոչ մի բանով չենք տարբերվում միջազգային քարտեզագրությունից, որովհետեւ հիմա ամբողջը թվային տեխնոլոգիաներով է արվում, տիեզերակայանի օգնությամբ, կոորդինատային ժամանակակից թվային համակարգերով» (տե՛ս նույն տեղում, հարցազրույցի տեքստը):
Իրականում, ավելի ճիշտ կլիներ այդ աշխատանքը կոչել «ՀՀ Ազգային խայտառակության ատլաս»: Ատլասի քարտեզներում կարող եք գտնել գոյություն չունեցող երկաթուղի, կամ ոչ ճիշտ չափագրության ու քարտեզագրման հետեւանքով, բնակավայրերի սխալ տեղադրություններ, թուրքալեզու տեղանուններ եւ այլն եւ այլն…
Իսկ երբ այդ ամենի մասին բարձրաձայնեցի, փորձեցին վախեցնել եւ ճնշումներ գործադրել՝ համաձայն Ձեր գործելաոճի: Ինչեւէ:
Մեկ այլ «հետաքրքիր» դիտարկում, այս անգամ այն վերաբերվում է Արցախի Հանրապետության տարածքին.
2007թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի եւ քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հրատարակած ատլասում ԼՂՀ տարածքը 10,129 քառ. կմ է:
2009թ. ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի եւ քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ վերոհիշյալ կազմակերպության կողմից հրատարակած «ԼՂՀ ատլաս»-ում ԼՂՀ տարածքը 11,432 քառ. կմ է:
2018թ. Արցախի Հանրապետության Նախագահի կայքում տրված է հետեւյալ ձեւակերպումը. ԱՀ տարածքը կազմում է ավելի քան 12 հազար քառ. կմ, որից 1,041 քառ. կմ բռնազավթված է Ադրբեջանի կողմից (տե՛ս ԱՀ Նախագահի կայքը, հասանելի էր, 01.06.2018թ.):
Ցանկանում եմ հարցս ուղղել պատասխանատուներին, աշխարհում կարող եք գտնել որեւէ պետություն, որտեղ տարածքի վերաբերյալ կա նման ձեւակերպում՝ ավելի քան: Միեւնույն է, եթե նույնիսկ 12,000 քառ. կմ-ից հանենք 1,041 քառ. կմ բռնազավթված տարածքները, ստացվում է երրորդ թիվը՝ 10,959 քառ. կմ:
Այսինքն, մեր պաշտոնական աղբյուրներում Արցախի տարածքը տրվում է երեք տարբեր թվերով՝ 10,129 քառ. կմ, 11,432 քառ. կմ եւ 12,000 քառ. կմ (կամ 10,959 քառ. կմ): Անկեղծ ասած, այս թվերի շարքը գլուխկոտրուկի տպավորություն է թողնում: Մնում է ավելացնենք հարցը. Գտի՛ր այդ երեք թվերից ճիշտ տարբերակը:
Այս առումով ցանկանում եմ հարց տալ պրն Է. Շարմազանովին եւ իր կուսակիցներին: Դուք, որ մասնակցում էիք Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններին, այս թվերից ո՞րն էիք նախընտրում շրջանառության մեջ դնել եւ ինչո՞ւ:
Եվ վերջապես, վերոհիշյալ աղաղակող փաստերի կապակցությամբ որեւէ մեկը պատասխանատվության ենթարկվել է, թե՞ ոչ: Կարող եք չպատասխանել:
Անկեղծ, կարելի էր լիաթոք ծիծաղել այս ամենի վրա, եթե ամեն ինչն այդքան տխուր չլիներ:
Սիրելի’ պրն Է. Շարմազանով, թույլ տվեք հիշեցնել, որ hայ ժողովուրդն արդեն իշխանական կուսակցության եւ նրա վարած «գործունեության» գնահատականը տվել է, եւ ամենաքիչը անազնիվ են փորձերը, պատեհ կամ անպատեհ առիթներով շահարկել ազգային հերոսների անունները: Եթե այդքան ուշիմ եք ու աչալուրջ պետական եւ ազգային հարցերի նկատմամբ, ապա լավ կլիներ, որ այդ որակները դրսեւորեիք ժամանակին: Եվ չէինք ունենա այն, որի մասին վերը խոսեցինք:
Վարդան ՄԽԻԹԱՐՅԱՆ