Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեր պատրաստակամությունն ենք հայտնում ամեն կերպ նպաստելու Կառավարության եւ ԱԺ-ի արդյունավետ փոխգործակցությանը. ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորում

Հունիս 01,2018 16:47

Մենք՝ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամներս, ողջունում ենք Հայաստանում ժողովրդավարական ազատությունների եւ օրենքի գերակայության հաստատմանը, կոռուպցիայի եւ տնտեսական մենաշնորհների հաղթահարմանը, սոցիալական արդարության ապահովմանը եւ արտագաղթի խնդիրների լուծմանը միտված գործընթացները։ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) նախատեսում է բարեփոխումների բազմակողմանի օրակարգ եւ ԵՄ կողմից մեծածավալ աջակցություն, ինչը հնարավորություն կտա հասնել այն բազմաթիվ նպատակներին, որոնց ձգտում են մեր երկրի քաղաքացիները։ Մենք համոզված ենք, որ այս օրերին մշակվող ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթությունները համահունչ կլինեն այդ օրակարգին եւ ընձեռված հնարավորություններին։

«Թավշյա հեղափոխության» առաջնորդների հայտարարած հավակնոտ նպատակները, անհապաղ փոփոխությունների՝ հանրության սպասումները պահանջում են ինչպես վճռական քայլեր եւ իշխանության գործադիր եւ օրենսդիր ճյուղերի արդյունավետ համագործակցություն, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներուժի ներգրավում։ Հայաստանում քաղաքական գործընթացները հասկանալի պատճառներով արդեն իսկ բերել են ՀԸԳՀ իրականացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների ձգձգման։ Դա վերաբերում է, մասնավորապես, համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությանը եւ ճանապարհային քարտեզի մշակմանը։ Համաձայնագրի իրագործման հանդեպ ՀՀ իշխանությունների հետաքրքրվածությունը պետք է նաեւ դրսեւորված լիներ կոնկրետ օրենսդրական նախաձեռնությունների ուղղությամբ տարվող աշխատանքում։ Մանավանդ որ ամենաբարձր մակարդակով հայտարարվել է Եվրոպական միության հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին։

Հաշվի առնելով վերոշարադրյալը եւ բաց թողածը վերականգնելու անհրաժեշտությունը՝

-համարում ենք, որ նշված ուղղություններով անհրաժեշտ քայլերի հետաձգումն անթույլատրելի շռայլություն է նոր Հայաստանի համար,

-կոչ ենք անում Կառավարությունում եւ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին, ԱԺ-ի հանձնաժողովներին՝ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետներից անկախ՝ արդյունավետ համագործակցություն հաստատել արմատական, այդ թվում՝ ԵՄ հետ երկկողմանի համաձայնագրով նախատեսված բարեփոխումների իրականացման ուղղությամբ,

-մեր պատրաստակամությունն ենք հայտնում ամեն կերպ նպաստելու Կառավարության եւ ԱԺ-ի արդյունավետ փոխգործակցությանը՝ հանուն մեր երկրի ազգային շահերի,

-հաստատում ենք մեր մշտական շահագրգռվածությունը՝ փորձի եւ գիտելիքների վրա հիմնված մեր ներդրումն ունենալ օրենսդրական բարեփոխումների եւ դրանց արդյունավետ կիրարկման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքում։

ՀԱՊ քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930