Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ Մուկուչյանի, ԱԱԾ-ն ԿԸՀ-ում անելիք չունի, ընտրակաշառքի բացահայտումներ էլ թե անեն՝ իրենց հետ կապ չունեն

Հունիս 01,2018 16:06

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, խոսելով արտահերթ ընտրությունների մասին, ասաց. «Ես կդժվարանամ պատասխանել։ Մենք տեղեկացված ենք, որ ակտիվ աշխատանքներ են տարվում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հետ կապված։ Պետք է տեսնել, թե ինչ ծավալների դրանք կլինեն, որից հետո ընթացակարգելով թե երբ կնշանակվեն արտահերթ ընտրություններ, հանձնաժողովը կիրականացնի»:

Հարցին՝ դուք համաձա՞յն եք, որ ռեյտինգային ընտրակարգը այսպես ասած ապականեց ողջ ընտրական գործընթացները՝ Մուկուչյանը պատասխանեց, որ ռեյտինգային կամ ոչ ռեյտինգային՝ դրանք նորություն չեն և կիրառվում են աշխարհի տարբեր երկրներում։ Ըստ նրա, քաղաքական մոտեցման խնդիր է, թե ինչպիսին պետք է լինի ընտրակարգը:

Լրագրողները հարցրեցին՝ հիմա դուք կարո՞ղ եք վստահ ասել, որ նախորդ տարվա ԱԺ ընտրությունները լեգիտիմ ընտրություններ են եղել՝ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է դրա վերաբերյալ իր հաղորդումը, հայտնել է իր տեսակետը, խոսել է առկա խնդիրների մասին, բայց ինչ կարծիք հայտնել են՝ չեն փոխել այդ կարծիքը. «Ընտրությունները, որոնք անցկացվել էին, հիմնականում անցկացվել են Ընտրական օրենսգրքի կանոնակարգումների շրջանակներում»:

Հարցին՝ ինչպե՞ս է հնարավոր, որ երկրում լեգիտիմ ընտրություններից մեկ տարի հետո հեղափոխություն է տեղի ունենում, ԿԸՀ նախագահը պատասխանեց. «Հարցի վերաբերյալ ցանկացած պատասխան հնչեցնելը քաղաքական գնահատական կպարունակի։ Ես ընդամենը կարող եմ ասել, որ ընտրությունների մասին գնահատականները ամրագրված են նաեւ միջազգային դիտորդական առաքելությունների կարծիքներում եւ մեր կարծիքները համահունչ են դրանց»։

Հարցին՝ հնարավո՞ր է այս աղմկահարույց բացահայտումների շղթան հասնի նաեւ ԿԸՀ, օրինակ, ընտրակաշառքի հետ կապված բացահայտումներ արվեն, որի մասին պարբերաբար խոսում էր ընդդիմությունը՝ Մուկուչյանը պատասխանեց. «Ընտրակաշառքի հետ կապված կլինեն բացահայտումներ, թե ոչ, պետք է նկատենք, որ դրանք որեւէ առնչություն չունեն ո՛չ ԿԸՀ-ի, ոչ որեւէ ընտրական հանձնաժողովի հետ: ԿԸՀ-ն տարածքային ընտրական հանձնաժողովները, այն գործառույթները, որ իրենք ունեն՝ կապված նաեւ այս կամ այն իրավախախտումների վերաբերյալ լիազորություն իրականացնելու հետ՝ դրանք իրականացրել են լիարժեք ծավալով: ԿԸՀ-ն երբեւէ օժտված չի եղել քրեաիրավական բնույթի գործառույթներ իրականացնելով: Այնպես որ քրեաիրավական բնույթի հանցագործությունների բացահայտումը երբեւէ ԿԸՀ-ի վրա դրված չեն եղել»: Դիտարկմանը, որ դուք կարող էիք դրանք ուղարկել պատշաճ մարմիններին՝ Մուկուչյանը պատասխանեց. «Նման ցանկացած դեպք ուղարկվել է պատշաճ մարմիններին»:

Մուկուչյանին հիշեցրին, թե ինչ եղավ դպրոցների տնօրենների ձայնագրությունների մասով, հիշեցրին ՍԱՍ-ի Արտակի՝ Արտակ Սարգսյանի ձայնագրությունը, ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ ընտրախախտումների ազդեցությունը ընտրությունների վրա գնահատվել է եւ դրանց իրավաչափությունը դատական ընթացակարգերով քննության առարկա է հանդիսացել եւ վերջակետ է դրվել:

Հարցին՝ վարչական ռեսուրսի չարաշահում չե՞ք տեսել դպրոցների տնօրենների հարցում՝ Մուկուչյանը պատասխանեց. «Մենք ինչ տեսել ենք, դրանք բոլորը մեր որոշումներով ամրագրված են»:

Լրագրողներն արձագանքեցին՝ այսինքն, չեք տեսել, իսկ հարցին՝ ձեր կարծիքով Արտակ Սարգսյանը պե՞տք է լիներ պատգամավոր՝ հաշվի առնելով ձայնագրությունը՝ Մուկուչյանը պատասխանեց, թե ընտրության արդյունքի հետ կապված համապատասխան որոշում է եղել: Ըստ նրա, եթե մեկի իրավունքները խախտվել էին, կարող էին պատշաճ ընթացակարգերով բողոքել, չեն բողոքել, ուստի մեկ տարի անց, թե 5 տարի անց իրենց գնահատականները այդ մասով չեն փոխվելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930