«Քննադատողները պարզապես շատ լարված են, բայց ոչինչ, դա էլ է հասկանալի: Հումոր անելը վատ բան չի, կարծում եմ՝ ժամանակի հետ բոլորը դա կհասկանան: Դա ծաղր չէ, բայց շատերը ցավոտ են ընդունում: Հումորը եւ ժպիտը երբեք չեն խանգարում, հակառակը՝ լարվածություն են թուլացնում»,-«Մեդիա կենտրոն»-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով «ֆեյսբուքյան» իր ուղիղ եթերներին՝ ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը:
Հիշեցնենք, որ նա սոցցանցում նմանակում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչը շատերի համար զայրույթի, շատերի համար էլ՝ ծիծաղի առիթ է տալիս:
Դանիելյանը նկատեց, որ քննադատողները հիմնականում սոցցանցերում են իրենց դրսեւորում, իսկ ահա փողոցում քայլելիս իրեն ոչ-ոք չի մոտենում ու սպառնալիքներ հնչեցնում, ինչպես առցանց հարթակում:
«Հաղորդում վարելուց մեկ-մեկ վախենում եմ հազալ: Կասեն՝ Նիկոլի պես է հազում»,-կատակեց դերասանը՝ նկատի ունենալով այն, որ իր տեսանյութերում անգամ վարչապետի հազն է կրկնօրինակում:
Ապա Դանիելյանը կրկին կատակեց. «Շատերն ասում են, թե Փաշինյանն է ինձ նմանակում, ոչ թե ես՝ նրան»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ