Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ ղեկավար. «Վարչապետի մակարդակով եղել է համաձայնություն, որ գյուղմթերքների մասով գնագոյացումներ չլինեն»

Հունիս 01,2018 15:29

Aravot.am-ի հարցին, թե ԱԱԾ բացահայտումները վկայում են, որ կոռուպցիոն սխեմաներից տեղյակ են եղել նաեւ ՊԵԿ նախկին ու ներկա պաշտոնյաները, նրանց գիտությամբ է այդ ամենը տեղի ունեցել, անուններ կտա՞ք, ովքեր են նրանք, ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանն ի պատասխան ասաց. «Նախկինում պայմանավորվածությունները ձեռք են բերվել Պետական եկամուտների կոմիտեի եւ գործարարության որոշ ներկայացուցիչների միջեւ: Այդ համաձայնություններն ավելի բարձր մակարդակում հավանության են արժանացել: Ես ՊԵԿ որեւէ պաշտոնյայի անուն չեմ կարող առանձնացնել, որովհետեւ համակարգն է համաձայնության եկել: Եթե որոշ առաջարկություններ են արվել, երկրի ղեկավարության հետ համաձայնության են եկել, մենք որեւէ իրավունք չունենք ՊԵԿ-ի որեւէ պաշտոնյայի մեղադրել»:

Հարցին, թե այսինքն՝ Սերժ Սարգսյա՞նն է այդ ամենի հովանավորը եղել, պարոն Անանյանը պատասխանեց, որ մինչեւ վարչապետի մակարդակով եղել է համաձայնություններ, որ գյուղմթերքների մասով գնագոյացումներ չլինեն:

Այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում Դավիթ Անանյանը պատասխանելով հարցերին, նաեւ ասաց, որ ինքը կողմ է, որ գործարարներն էլ պատժվեն, եթե այդ համաձայնություններից դուրս գործողություններ են կատարել. «Այ, եթե որոշում ենք, որ համաձայնությունները եղել են ապօրինի, եւ համաձայնության կողմերն էլ պետք է պատժվեն, ուրեմն, այո, պետք է պատժվեն բոլորը»:

Դավիթ Անանյանը վստահեցրեց, որ գործելու են բացառապես օրենքի շրջանակներում, հարկ վճարողների կամ նրանց առանձին խմբերի հետ օրենքից դուրս որեւէ բանակցություն չի լինելու: Հարցին, թե եղել է Սամվել Ալեքսանյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որտեղ կողմերը ինչ-ինչ քննարկումներ են ունեցել, պարոն Անանյանն ասաց, որ ինքը նման հանդիպումից տեղյակ չէ:

ՊԵԿ ղեկավարին հարցրին՝ փոխանցեցին նաեւ այն կանխատեսումները, թե հարկային դաշտ բերելով՝ գյուղմթերքի շուկայում 50-60 տոկոս գնաճ է սպասվում: Դավիթ Անանյանն ասաց, որ եթե խոշոր սուպերմարկետները իրենց համար նախատեսված հարկային դաշտ գալով գյուղատնտեսական ապրանքը թանկացնեն, ապա շուկան կկարգավորի այդ հարցերը եւ կողքի փոքր խանութները մրցունակ կլինեն:

ՊԵԿ նախագահը նաեւ հայտնեց, որ մայիս ամսին հարկերը գերակատարվել են 102 տոկոսով, ինչը նաեւ աչալրջության հետեւանք է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930