Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը` առաջնագծում տիրող
մտահոգիչ իրավիճակի, թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունների եւ բանակային խնդիրների մասին:
– Ի՞նչ իրավիճակ է տիրում սահմաններում: Վերջին շրջանում կարծես Նախիջեւանի հատվածում կուտակումներ են եւ թեժ իրավիճակ: Ինչի՞ մասին է սա խոսում, ի՞նչ ծրագրեր է փորձում իրագործել Ալիեւը:
– Իրավիճակն առաջնագծում մնում է մտահոգիչ. ճիշտ է, արտաքուստ թվում է, թե հրադադարի ռեժիմի խախտումները քիչ են, 2014-2016 թվականներին հատուկ դիվերսիոն հետախուզական խմբերի, դիպուկահարների, հրետանու ակտիվություն չկա, սակայն Ադրբեջանը սահմանագծին բավականին ակտիվ է տեղաշարժերի, նոր ինժեներական կառույցների, նոր խրամուղիների կառուցման հարցում:
Նկատելի է, որ հակառակորդը եւս տեխնիկական վերազինման աշխատանքներ է իրականացնում, առաջնագծի տարբեր ուղղություններում տարբեր մասշտաբի զորավարժություններ անցկացնում:
Սպասելի էր, որ իրավիճակային փոփոխություններ կլինեին նաեւ Նախիջեւանում: Ադրբեջանը արդեն մի քանի տարի է՝ վերակազմավորում է Նախիջեւանում տեղակայված կորպուսը: Այն այսօր համազորային բանակի կարգավիճակ ունի, եւ չի բացառվում, որ կփորձի որոշակի պարբերականությամբ ակտիվանալ նաեւ այդ ճակատում:
– Ադրբեջանը կարծես թե ակտիվ է նաեւ քարոզչական դաշտում, սա ինչո՞վ է պայմանավորված:
– Ադրբեջանի քարոզչական ակտիվությունը գալիս է լրացնելու առաջնագծում եւ քաղաքական հարթությունում այդ երկրի դրսեւորած ագրեսիվ քաղաքականությանը: Բավականին մեծացել է ապատեղեկատվության տարածումը: Բավականին հաճախ ադրբեջանական կայքերում կարելի է տեսնել կեղծ տեղեկատվություն հայկական կողմից իրականացված այս կամ այն գործողության մասին: Ընդ որում՝ անընդհատ շեշտվում է, որ հայկական կողմը մշտապես կրակի տակ է պահում «դաշտում եւ բնակավայրերում աշխատող խաղաղ բնակիչներին»: Կադրեր են հրապարակվում խոցված գյուղատնտեսական տեխնիկայի, քաղաքացիական տրանսպորտի, անասունների. մի խոսքով, ադրբեջանական լրատվամիջոցներով փորձ է արվում ամեն կերպ հայկական կողմը որպես ագրեսոր ներկայացնել եւ, ինչը որ պակաս կարեւոր չէ, պարարտ հող նախապատրաստել առաջնագծի կտրուկ թեժացման համար:
Ինչպես 2016 թվականի ապրիլին, այնպես էլ հիմա, Ադրբեջանը փորձում է զոհի դիմակ կրել, որպեսզի հետագայում իր սադրանքները սահմանագծին ներկայացնի որպես «հակահարձակում», որը նպատակ ունի «պաշտպանելու սեփական քաղաքացիներին»: Վերջին շրջանում հնդկական մոտիվներով մեծ թվով ֆիլմեր են նկարահանվում այն մասին, թե ինչպես են «բարի ադրբեջանցիները» պաշտպանում իրենց հողը եւ «պատժիչ հարվածներ հասցնում չար հայերին»: Այս ամենը հիշեցնում է պատերազմի մեդիանախապատրաստություն, որն ինչ-որ փուլում առավել սուր բնույթ է ստանալու:
– Թավշյա հեղափոխությունից հետո առաջացած քաղաքական նոր իրավիճակն ի՞նչ անդրադարձեր կունենա բանակի, բանակային առօրյայի վրա: Հետհեղափոխական առաջին օրերին արդեն սոցիալական ցանցերում քննարկումներ էին, մարդիկ պատմում էին իրավիճակի դրական փոփոխությունների մասին: Խոսքը նաեւ սննդին, հագուստին է վերաբերում, ինչի մասին խոսում էր դեռ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը:
– Դեռ նախորդ տարվանից զինված ուժերում քննարկումներ են սկսվել թիկունքային ապահովումը նոր մակարդակի հասցնելու վերաբերյալ: Այս տարվա սկզբում պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ տարվա ընթացքում կտրուկ փոխվելու են զինծառայողների համար նախատեսված պարագաները: Դեռ տարեսկզբից փոփոխության են ենթարկվել որոշ սննդատեսակներ, քայլեր են իրականացվել զինվորներին տրվող սննդատեսակների բազմազանության համար: Նոր պաշտպանության նախարարն առավել հստակեցրեց՝ հայտարարելով, որ նոր փոփոխությունները ուժի մեջ կմտնեն տարվա երկրորդ կիսամյակից:
Քաղաքական-ռազմական ղեկավարության առաջին խնդիրն է հետեւողականորեն, ըստ մեր ունեցած ֆինանսական ռեսուրսների, անընդհատ բարելավել թիկունքային ապահովման հետ կապված հարցերը, սակայն անելիքներ կան նաեւ մնացած ուղղություններում:
– Ինչի՞ մասին է խոսքը:
– Այս փուլում անչափ կարեւորում եմ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հետ կապված խնդիրները՝ սպայական շենքերի կառուցումից մինչեւ սեփականության իրավունքով տրվող բնակարանների հարցը: ՊՆ-ն դեռ նախորդ տարի հայտարարեց, որ որոշակի վերանայումներ է անում այս հարցում, 0 տոկոսով հիփոթեքային վարկի ներդրման հարցն առաջ քաշվեց, սակայն այն դեռեւս քննարկումների փուլում է, եւ կարեւոր է առավելագույնս շուտ հստակեցնել, թե երբ սպաները հնարավորություն կունենան օգտվելու այս ծրագրերից:
Շատ ժամանակ մենք խոսում ենք ժամկետային զինծառայողների կարիքների մասին, ինչը եւս շատ կարեւոր է, փոքր-ինչ ստվերում թողնելով սպաների ծառայության հետ կապված հարցերը: Ի վերջո, ամեն զինվորականի սխրանքի հետեւում սպաների ծանր, անքուն աշխատանքն է: Մի նախադասությամբ, նույնիսկ մեկ ծավալուն հարցազրույցով դժվար է նկարագրել այն հսկայական ծառայությունը, որը ամենաբարդ պայմաններում մատուցում են մեր սպաները: Ունենք սպաներ, ովքեր 25, 26 տարի է՝ բանակում են, եւ պետությունը պարտավոր է հաշվի նստել այն խնդիրների, իրողությունների հետ, որոնք կարեւոր են մեր սպաների համար: Անելիքները շատ են, մեկ տարվա ընթացքում դժվար կլինի լուծել, բայց պետք է ժամանակ չկորցնել, օր առաջ սկսել, շարունակել այն գործընթացները, որոնք անմիջականորեն առնչվում են մեր մարտունակության բարձրացմանը:
– Թավշյա հեղափոխությունն ինչպե՞ս կազդի բանակի մարտունակության վրա:
– Մեզանից է կախված: Բանակը, առաջնագծում կանգնած զինվորը սեփական մաշկի վրա է զգում քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացների հետեւանքները: Գործընթացից, ընդունած կուրսից է կախված այս փոփոխությունների հնարավոր դրական կամ բացասական ազդեցությունը: Այնպես որ, կանգ առնելու ժամանակ չկա, պետք է գործել այնպես, որ ստեղծված նոր պայմաններում բանակի մարտունակությունը միայն աճի:
– Որո՞նք են, Ձեր կարծիքով, այն հիմնական խնդիրները բանակում, որոնց վրա նոր կառավարությունը հատուկ ուշադրություն պետք է դարձնի: Առհասարակ, որո՞նք պետք է լինեն նոր կառավարության մոտեցումները, թիրախները:
– Սպաների եւ զինվորների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման մասին արդեն խոսեցի: Առաջնագծում տարիներ ի վեր մեր կողմից իրականացված ինժեներական, կահավորման, տեխնիկական արդիականացման գործընթացը, ժամանակակից պատերազմների վարումը մեզ ստիպում են քննարկել մարտական հերթապահության վերանայման հարցը: Այս խնդրի ոչ բոլոր կոմպոնենտներն են հրապարակային քննարկման առարկա, սակայն անհրաժեշտություն կա համընդհանուր ուսումնասիրություններ եւ իրավիճակային վերլուծություններ իրականացնելու: Ակնհայտ է, որ առաջիկա տարիներն այս փոփոխությունների առումով կարեւոր են լինելու:
– Նոր իրողություններն իրենց հետ նաեւ փոփոխություններ բերեցին` հին ու նոր մարդիկ նոր պաշտոններում: Ինչպե՞ս եք վերաբերվում Դավիթ Տոնոյանի նշանակմանը, մի տեսակ տարընկալումներ կային Գլխավոր շտաբի նոր պետի նշանակման հարցում:
– Անկեղծ ասած, մինչ այժմ զերծ եմ մնացել մեկնաբանելու պաշտպանության նախարարությունում եւ Զինված ուժերում տեղի ունեցած կադրային փոփոխությունները: Ամեն դեպքում, Գլխավոր շտաբի պետը կադրային սպա է, ով համարվում է շտաբի ինտելեկտուալ եւ ճանապարհ անցած սպաներից: Իսկ Դավիթ Տոնոյանը երկար տարիներ պետական կառավարման համակարգում է, բացի նրանից, որ մինչեւ նշանակումը ուժային կառույց է ղեկավարել՝ արտակարգ իրավիճակների նախարարությունը, նաեւ երկար ժամանակ զբաղեցրել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի բարձր պաշտոնը:
– Հայաստանի բոլոր ուժային համակարգերում փոփոխություններ եղան՝ ՊՆ, Գլխավոր շտաբ, ԱԱԾ: Ինչպե՞ս են սրան վերաբերվում Արցախում:
– Հայաստանի եւ Արցախի պետական կառույցները, հատկապես անվտանգությունն ապահովող մարմինները այլ ելք չունեն՝ պետք է մշտապես ներդաշնակեցնեն իրենց գործունեությունը, մոբիլիզացնեն իրենց բոլոր հնարավորությունները՝ ապահովելու հայ ժողովրդի անվտանգությունը:
Այն մարդիկ, ովքեր նշանակվել են վերոնշյալ պաշտոններում, տարբեր պաշտոններ զբաղեցնելիս մշտապես աշխատել են Արցախի հետ: Արցախում այդ պաշտոններում՝ ՊՆ-ում, ԱԱԾ-ում պրոֆեսիոնալ, պատերազմական հարուստ ճանապարհ անցած մարդիկ են, ովքեր դեռեւս 90-ականներից մեծ ծառայություններ են մատուցել մեր ժողովրդին: ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը, գրագետ սպա, ով սպայական ամենացածր պաշտոնից հասել է Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնին, գեներալ-լեյտենանտ է, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը՝ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ով, ի դեպ, բացառիկ դեր ունի առաջնագծի տեխնիկական վերազինման գործում:
Այնպես որ, պետք է համատեղենք մեր բոլոր ուժերը՝ ի նպաստ մեր մարտունակության եւ հայկական զինուժի հնարավորությունների՝ որակապես նոր մակարդակի բարձրացմանը:
Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ»
01.06.2018