Լրահոս
Օրվա լրահոսը

Էկոլոգիապես մաքուր և հասանելի. Կենսազանգվածի կիրառման մոլդովական փորձը

Հունիս 01,2018 15:48

Եվրամիությունը (ԵՄ) ամեն տարի անցկացնում է ԵՄ Կայուն էներգետիկայի շաբաթը ԵՄ և Արևելյան գործընկերության երկրներում: Այս տարի այն տեղի կունենա հունիսի 4-8-ն ընկած ժամանակահատվածում: Միջոցառումները տեղի են ունենում ԵՄ-ի EU4Energy նախաձեռնության շրջանակներում, որը աջակցում է էներգիայի հուսալի մատակարարման զարգացմանը, էներգետիկ արդյունավետության ամրապնդմանը և էներգետիկ վերականգնվող աղբյուրների օգտագործմանը:

Էներգետիկան լուրջ խնդիր է դարձել Արևելյան գործընկերության երկիր Մոլդովայի համար. Երկիրը էներգետիկապես անկախ չէ և գործում են գազի բարձր սակագներ: Եվրամիության կողմից ֆինանսավորվող և Միացյալ ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող Էներգետիկայի և կենսազանգվածի նախագիծը կարող է լուծել մոլդովացիների առջև ծառացած այս խնդիրները: Այն ուղղված է կենսազանգվածի օգտագործման խթանմանը, որը Մոլդովայում վերականգնվող էներգիայի ամենահասանելի աղբյուրն է: Նախագիծը ավելացրել է երկրում կենսազանգվածից ստացվող էներգիայի օգտագործումը ՝ նպաստելով անվտանգ, մրցակցային և կայուն էներգիայի արտադրությանն ու զարգացմանը: Այն աջակցում է նաև համայնքներին՝ սեփական էներգիան արտադրելու հարցում:

ԵՄ Կայուն էներգետիկայի շաբաթի շրջանակներում կազմակերպել էր Արևելյան գործընկերության երկրների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Բելառուս, Ուկրաինա) լրագրողների այց Մոլդովա: Այցելություններ էին կազմակերպվել Նիսպորենի, Բելցի և Կիշկերեն բնակավայրեր:

ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ 2009 թվականին, երբ սկսում էին նախագիծը, Մոլդովան գազի 95 տոկոսը ստանում էր Ռուսաստանից, իսկ վերականգնվող էներգիան կազմում էր օգտագործվող վառելիքի ընդամենը 5 տոկոսը: Այս իրավիճակը խոցելի էր դարձնում երկիրը: Սակայն ծրագրի իրականացման ընթացքում վերականգնվող էներգիայի մասնաբաժինը բարձրացել է՝ 2017 թվականին դառնալով 15 տոկոս: Ծրագրի ընթացքում կաթսաներ են տեղադրվել 249 մանկապարտեզներում, հիվանդանոցներում, դպրոցներում: Կաթսաները աշխատում են կենսավառելիքով, ինչը էկոլոգիապես մաքուր է և բացասական ազդեցություն չի ունենում քաղաքացիների առողջության վրա:

Դաֆինա Գերչևա

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ երեխաների դասերից բացակայությունները քչացել են: Սա այս նախագծի ներդրման դրական կողմերից մեկն է»,- ասում է Դաֆինա Գերչևան՝ հավելելով, որ ծրագրի նպատակներից մեկն է նաև գլոբալ տաքացման դեմ պայքարը: «Կենսավառելիքի օգտագործումը ընդհանրապես վնասակար չէ շրջակա միջավայրի համար»:

Կենսավառելիքը հասանելի է Մոլդովայում, յուրաքանչյուրը կարող է գնել: Այն մի քանի անգամ էժան է, քան էլեկտրաէներգիան և գազը: Որպես կենսավառելիք կարելի է օգտագործել ծառերի չորացած ճյուղերը, տերևները, եգիպտացորենի, արևածաղիկի սերմերի կեղևները: Դրանք վաճառվում են պիլետների և բրիկետների տեսքով:

Վերականգնվող էներգիայի անցման շնորհիվ մոլդովական մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը մոտ 5 անգամ ավելացել է

Մոլդովայում նման համակարգների տեղադրման լավագույն օրինակներից մեկը Նիսպորենի քաղաքի «Povestea» մանկապարտեզն է: Մանկապարտեզում գործում է առանձին կաթսայատուն, որը աշխատում է ձմռան ամիսներին, իսկ ամռան ամիսներին մանկապարտեզը արևային մարտկոցներ է օգտագործում, որով տաքացնում են ջուրը: Այսինքն՝ մանկապարտեզը ամբողջ տարվա ընթացքում ունենում է թե՛ ջեռուցում և թե՛ տաք ջուր: Մանկապարտեզի տնօրեն Տատյանա Քոչյուն նկատում է, որ ինչ նրանք տաք ջուր ունեն, երեխաները սկսել են ավելի շատ ջրից օգտվել և անգամ հերթ են կանգնում ձեռքերը լվանալու համար:

Տատյանա Քոչյու

 

Նրա խոսքերով՝ մինչև ծրագրի իրականացումը մանկապարտեզում շատ վատ իրավիճակ է տիրել, իրենց ունեցած վառարանները փոքր տարածք են կարողացել տաքացնել, ինչի պատճառով էլ շատ ծնողներ իրենց երեխաներին ձմռան ամիսներին հրաժարվում էին մանկապարտեզ տանել. «Իրավիճակը շատ վատ էր, քանի որ չկար տաք ջուր և ջեռուցում: Եվ Եվրամիության շնորհիվ մենք կարողացանք ստեղծել այս պայմանները: Այն ժամանակ մանկապարտեզ հաճախում էին 70 երեխաներ, այժմ այդ թիվը հասել է 340-ի»:

Կենսազանգվածը հնարավորություն է տալիս տնտեսել

Մոլդովայում ավելացել է ոչ միայն կենսազանգվածի օգտագործման, այլ նաև այն արտադրող կազմակերպությունների թիվը: Այդպիսի մի կազմակերպություն է «Ecobricheta»-ն՝ Մոլդովայի մեծությամբ երկրորդ՝ Բելցի քաղաքում: Նրանք պատրաստում և վաճառում են բրիկետներ և պիլետներ:

Ըստ նրանց նկարագրության, պիլետները և բրիկետները վառվում են 1-3 ժամ, իսկ առանձին դեպքում, օրինակ՝ Pin & Key տեսակի բրիկետը կարող է վառվել 3-5 ժամ, այն դեպքում, երբ փայտը վառվում է 1 ժամ: Կենսազանգվածը նաև չի արտադրում ածխաթթու գազ, այն դեպքում, երբ ածուխը արտադրում է 60 կգ/գջ, իսկ բնական գազը 57 կգ/գջ: Իսկ ջերմային հզորությունը կազմում է պիլետների և բրիկետների համար 4300-4400 կկալ/կգ, Pin & Key տեսակի բրիկետների համար՝ 4800-5200, այն դեպքում երբ փայտի ջերմային հզորությունը կազմում է 2500, ածուխինը՝ 4800 և բնական գազինը՝ 8000:

«Ecobricheta»-ն ընտանեկան բիզնես է, և ամուսիններ Լյուդմիլիա Աբրամչիուկը և Իվան Դամասչինը սկսել են նվազագույն ներդրումներից, ինչից հետո գնացել են գյուղեր, բնակավայրեր և ցույց են տվել, թե ինչ արդյունք կարող է ունենալ կենսավառելիքը: Իրենց խոսքերով՝ սկզբում մարդիկ թերահավատ էին, սակայն արտադրանքը փորձելուց հետո արդեն ունեն մշտական հաճախորդներ և կարողացել են ընդլայնել բիզնեսը: Չնայած, որ կենսազանգվածը հիմնականում պահանջարկ ունի ձմռանը, նրանք աշխատում են նաև ամռան ամիսներին. Այս ժամանակահատվածում իրենց հիմնական հաճախորդներն են հյուրանոցները, բաղնիքները, թռչնաբուծարանները:

Մոլդովայի թռչնաբուծարաններից մեկի աշխատակիցների խոսքերով՝ կենսազանգված օգտագործելով մի քանի անգամ իրենք կարողանում են տնտեսել՝ այն մի քանի անգամ էժան և արդյունավետ է, քան փայտը և էլեկտրաէներգիան. «Արդեն վեցերորդ տարին է, որ միայն կենսազանգվածից ենք օգտվում: Այս անգամ մի մեքենա կենսազանգված ենք տանում, որը մեզ առավելագույնը մի շաբաթ կհերիքի: Մեզ համար շատ ձեռնտու է»:

Վերականգնվող էներգիայի ուսուցանումը որպես «կանաչ էներգիայի» անցման միջոց

Մոլդովայում հավատացած են, որ ստացված արդյունքը բարելավելու համար հարկավոր է էներգիայի նկատմամբ հարգանք սերմանել նաև երիտասարդության շրջանում: Եվ այդպես ներդրել են էներգիայի վերաբերյալ առարկա Մոլդովայի 456 դպրոցների ծրագրերում, այն ուսուցանում են 25,000 աշակերտներ: Բացի դա, կազմակերպվում են ENERGEL ամառային ճամբար, որին արդեն մասնակցել է 438 երեխա:

Այդ դպրոցներից մեկը Կիշկերենի դպրոցն է, որտեղ երեխաները ոչ միայն ուսուցանում են, թե ինչ է էներգիան և ինչպես կարելի է այն խնայել՝ «Վերականգնվող էներգիայի աղբյուրները» դասընթացի շրջանակներում, այլ նաև փորձում են իրենք իրենց ձեռքերով ստեղծել արևային համակարգ, որով տաքացնում են դպրոցի ջուրը: Համակարգի կմախքը արբանյակային ալեհավաքն է, որը տրամադրել են իրենց հարևանները: Ուսուցիչ Նիկոլայ Սպանուի խոսքերով՝ համագյուղացիները պատրաստվում էին դեն նետել դրանք, և երբ իրենք փորձել են գնել, նրանք պարզապես նվիրել են դրանք դպրոցին, այսինքն՝ մարտկոցը կարելի է պատրաստել նվազագույն ծախսերով: Աշակերտները նախապես արդեն ուսուցչի կողմից պատրաստած ապակիները ամրացնում են ալեհավաքին և վերջ, արդեն կոլեկտորը պատրաստ է: Եվ որպես ապացույց՝ աշակերտուհիներից մեկը՝ ուսուցչի հսկողությամբ, պահում է ստվարաթուղթ՝ ալեհավաքի մեջտեղում և վայրկյաններ անց արդեն ստվարաթուղթը վառվում է:

Նիկոլայ Սպանու

Եվրամիությունը իր EU4Energy նախաձեռնությամբ նմանատիպ ծրագրեր իրականացնում է նաև Հայաստանում: 2015 թվականի տվյալներով երկրում օգտագործվում է հիմնականում բնական գազ՝ 55 տոկոս, այնուհետև ատոմային էներգիա՝ 23 տոկոս, նավթ՝ 10 տոկոս, հիդրոէլեկտրաէներգիա՝ 6 տոկոս և բիովառելիք, և մնացորդներ՝ 6 տոկոս: Ծրագրեր իրականացվում են՝ հիմնվելով ինչպես ԵՄ երկրների, այնպես էլ հարևան Վրաստանի և Մոլդովայի հաջողված փորձերի վրա և արդեն կենսազանգվածով ջեռուցվում են մի շարք համայնքների դպրոցներ և մանկապարտեզներ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930