Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նման բանդաների եւ նրանց գործողությունների հիմնական նպատակը մեկն էր՝ բախումներ հրահրել, անկարգություններ, ծեծ ու ջարդ իրականացնել. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 01,2018 13:41

Երեկ ձերբակալվել են Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը։ Դրանից առաջ կալանավորվել էին Երեւանի քաղաքապետարանի եւ Ավանի թաղապետարանի երկու աշխատակից։ Նրանք թավշյա հեղաշրջման օրերին Էրեբունիում եւ Ավանում դիմակավորված ծեծել են ցուցարարների, մահակներով մեքենաներ ջարդել։ Համացանցում նրանց գործողությունների տեսանյութերը լիքն են։

Ցավոք, 2008 թվականի մարտին սոցցանցերը դեռ գոյություն չունեին, ինտերնետը ոչ բոլորին էր հասանելի, մարդկանց հեռախոսները դեռ լուսանկարելու եւ տեսագրելու հնարավորություն չունեին։ Հակառակ դեպքում, մեր ձեռքի տակ կլինեին հստակ ապացույցներ, թե ինչպես էին իշխանությունների ստեղծած բանդաները մարտի 1-ին անկարգություններ իրականացնում Երեւանի կենտրոնում, մեքենաներ ջարդում ու այրում, սուպերմարկետներ թալանում։ Ձեռագիրը բացարձակապես նույնն է։ Նույնիսկ հրապարակումներ եղան, թե այդ բանդաներից որը ում է ենթարկվում։

Եվ այն ժամանակ, եւ վերջին շարժման դեպքում նման բանդաների եւ նրանց գործողությունների հիմնական նպատակը մեկն էր՝ բախումներ հրահրել, անկարգություններ, ծեծ ու ջարդ իրականացնել, որպեսզի իշխանություններն այդ պատրվակով դիմեն ուժային մեթոդների՝ սկսած մարդկանց վրա կրակելուց մինչեւ քաղաք զորք մտցնելը։

2008-ին այդ սցենարը աշխատեց, որի արդյունքը 10 զոհն էր։ Այս անգամ իշխանությունները չգնացին այդ քայլին։ Մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու եւ համատարած ձերբակալությունների «զագատովկան» էր գնում։ Ավանում եւ Էրեբունիում այդ խմբերը մի կենտրոնից էին ղեկավարվում։ Նույնիսկ չենք զարմանա, որ մահակներն ու դիմակները նույն խանութից կամ պահեստից բաժանած լինեին։

Այն բանից հետո, երբ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը չթաքցրեց դժգոհությունը ՀՀ գլխավոր դատախազից, որ Հերացու փողոցում Մասիսի փոխքաղաքապետի եւ նրա ընկերների կողմից ցուցարարներին ծեծելու գործը կարճվել էր, նոր միայն դրանից հետո քննչական մարմինները սկսեցին Հերացու, Էրեբունու, Ավանի դեպքերին ընթացք տալ։ Ենթադրում ենք, որ առաջիկա օրերին նոր անձինք պատասխանատվության կենթարկվեն՝ հիմնականում քաղաքապետարանի եւ Երեւանի թաղապետարանի աշխատակիցներ։

Եվ եթե հնարավոր եղավ, որ այս դեպքում սայլը տեղից շարժվի, ապա մեծ հաշվով՝ 2008 թվականի մարտի դեպքերը նույնպես կարող են իրավապահ մարմինների կողմից նոր ուսումնասիրության առարկա դառնալ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930