Անցյալ տարի Ազգային ժողովը տնտեսել եւ պետական բյուջե է վերադարձրել 44 մլն դրամ: Այդ մասին այսօր խորհրդարանում շարունակվող 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը: Նա ներկայացրեց, թե ինչի՞ հաշվին են տնտեսումները եղել. վերանայվել է ավտոտրանսպորտային տնտեսությունը: Դրա արդյունքում անցած տարի 81 մեքենայից 14-ը կրճատվել է, 7-ը նախատեսվում է կրճատել այս տարի։
2017-ին խորհրդարանին չորս ծրագրերի իրականացման համար հատկացվել էր 4 մլրդ 399 մլն 493 հազար դրամ: 53 մլն դրամի չափով խորհրդարանի ծրագրերի իրականացման համար միջոցներ են ներգրավվել նաեւ նախագահի աշխատակազմին տրամադրված գումարներից. «ԱԺ ճշտված բյուջեն 8 ծրագրերի գծով կազմել է 4 մլրդ 452 մլն 493 հազար դրամ։ Բյուջեն ծախսվել է 99 տոկոսի չափով»:
«ԱԺ աշխատակազմի եւ պատգամավորների պահպանում» ծրագրով ծախսվել է 4 մլրդ 139 մլն 712 հազար դրամ։ Արա Սաղաթելյանն ասում է, որ ԱԺ աշխատակազմի փաստացի ծախսերը 2016 թվականի համեմատ 350 մլն դրամով պակասել են. 26 պատգամավոր իրենց 26 օգնականներ եւ աշխատակազմից ևս 26 աշխատակից է կրճատվել: 37 մլն դրամ է տրամադրվել ԱԺ մասնաշենքում գտնվող ՊՊԾ զորանոցի եւ ԱԺ շենքի ջեռուցման համակարգի մասնակի վերանորոգման համար, 14 մլն դրամ էլ՝ զորանոցի գույքի ձեռքբերման համար։
Խորհրդարանական ծախսերն այս տարի կրճատվել են նաեւ հունիսմեկյան միջոցառումների հաշվին: «Հունիսի մեկին երեխաներին ժողովուրդն ամեն տարի ուղեկցում է ԱԺ այգի, ինչո՞ւ այս տարի չի կազմակերպվում նախորդ տարիների նման միջոցառում»,- Արա Սաղաթելյանին հարցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Արա Սաղաթելյանը պարզաբանեց` նման միջոցառումները մեծ ծախսերի հետ են կապված, որոնք կապված չեն երեխաներին հյուրընկալելու հետ, այլ հետո առաջանում են տարածքի վերականգնման, անվտանգության հետ կապված ծախսեր. «Եթե որեւէ մեկի երեխան անհամբեր սպասել է ԱԺ բակում այդ ուրախությանը, հիմա վշտացել է՝ ես շատ կտխրեմ, բայց դա զուտ տնտեսման եւ նպատակահարմարության խնդիր է»:
Արա Սաղաթելյանի պատասխանը Սերգեյ Բագրատյանին զարմացրեց այն մասով, որ մեծ ծախսերի հետ է կապված: Կարծում է, երեխաների համար մեծ արժեք կլիներ տարվա մեջ մեկ օր օրենսդիր մարմնի դռները բաց տեսնել իրենց համար:
Արա Սաղաթելյանը հակադրվեց: Ինքը չի կարծում, որ 3-4 տարեկան երեխաների համար դա որեւէ խորհուրդ ունի: Նաեւ, տարբեր տարիքային խմբերի համար միշտ էքսկուրսիաներ են կազմակերպվում խորհրդարանում. «Միլիոնավոր ծախսեր են, մեկ միլիոն չէ, երկու չէ ու տնտեսում ենք, որ երեխաների վրա…Նաեւ` ԱԺ առաջնային ֆունկցիան դա չէ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ